ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը
Հալեպահայերը գոյաբանական վտանգի առջեւ
Թուրքիան փաստացի գրավել է Հալեպն ու շրջակա հատվածները, արգելափակել Սիրիայի հյուսիսն ու հարավը կապող կարեւորագույն մայրուղին: 4 օր առաջ սկսված հարձակումը տեղի ունեցավ Իսրայել-Լիբանան երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնությունից անմիջապես հետո, եւ, եթե Ասադի վարչակարգի համար այս հարձակման մասշտաբներն անակնկալ էին, ապա մինչ այդ Հալեպում տեղակայված ռուսները հասցրել են էվակուացվել, մեր սակրավորներին էլ իրենց հետ դուրս բերել տարածքից:
Չնայած քաղաքի որոշ հատվածներում թուրքամետ ուժերը դեռեւս փողոցային մարտեր են մղում, սիրիական բանակն ըստ էության չի կռվում, իսկ Ասադի հիմնական հենարան Հեզբոլլահը Լիբանանից օգնության հասնել չի պատրաստվում: Մեծ է հավանականությունը, որ Հալեպը փաստացի անցնելու է Թուրքիայի վերահսկողության տակ եւ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարողանալու իրավիճակ փոխել՝ այնպես ինչպես արել են Ասադի վարչակարգը պահելու համար նախկինում:
Չնայած ստույգ տվյալներ չկան, սակայն Հալեպում մեր հազարավոր հայրենակիցներ հայտնվել են ամբողջական շրջափակման մեջ: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ հայազգի որոշ գործիչներ սպառնալիքներ են ստանում ապստամբ գրոհայինների կողմից եւ կարող են ուղիղ թիրախում հայտնվել: Լուր տեսա, որ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսը քաղաքում չէ, Դամասկոսում էլ մեր դեսպանի պաշտոնն այս պահին թափուր է: Ի դեպ, Հալեպի մայր համայնքի բազմաթիվ հայեր ունեն նաեւ ՀՀ քաղաքացիություն, ուստի անհասկանալի է պաշտոնական Երեւանի տոտալ լռությունն ու անգործությունը ստեղծված իրավիճակում:
Կարդացեք նաև
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից որեւէ տեղեկություն չկա, հանձնակատարն էլ կարծես թե այցով ԱՄՆ-ում է: Անհասկանալիորեն լռում է նաեւ արտգործնախարարությունը, ինչից կարելի է ենթադրել, որ մերոնք կամ հրաշալի տիրապետում են իրավիճակին եւ չեն ուզում «անիմաստ» տագնապ տարածել, կամ բացարձակ չեն պատկերացնում, թե առաջիկա օրերի ընթացքում ինչպիսի աղետի առաջ կարող է կանգնել արդեն իսկ հացի խնդիր ունեցող հալեպահայությունը:
Ինչ անել
Հայաստանը պետք է ինտենսիվ բանակցություններ սկսի Թուրքիայի հետ հալեպահայության տարհանումը կազմակերպելու շուրջ: Դա կարող է անել Ռուբինյանը իր գործընկեր Քըլըչի հետ հեռախոսազրույցից սկսելով: Եթե այս խողովակը չի աշխատում, ապա պետք է կապ հաստատել Պոլսո հայոց պատրիարքի հետ եւ նրա միջոցով փորձ անել Թուրքիայի իշխանությունների հետ հալեպահայերի տարհանման խնդիրը բարձրաձայնել: Եթե սա եւս չի ստացվում, ապա պետք է արեւմտյան գործընկերների միջոցով Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնել հալեպահայերի համար հումանիտար միջանցք ստեղծելու հարցը լուծելու նպատակով:
Հալեպի հայոց առաջնորդարանը հայտարարել է, թե Հալեպը հայերի տունն է եւ իրենք մնալու են իրենց հողի վրա: Նման հայտարարության պատասխանատվությունը թողնենք Անթիլիասի վրա: Սիրիայում ապրած լինելով խիստ կասկածում եմ, թե հալեպահայության 90%-ը պատկերացնում է իր ապագան Ռաքքայում խալիֆայություն հիմնած ահաբեկիչ ծայրահեղականների, իսկ իրականում թուրքական սատելիտ ուժերի տակ ապրելու հեռանկարը:
Տեսանելի է, որ իրավիճակն ամեն օր է՛լ ավելի աղետալի է դառնում, ուստի Հայաստանը պետք է ջանք չխնայի բոլոր հնարավոր միջոցներով Հալեպը լքել ցանկացող հայերին աջակցելու գործում: