Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը երկրի ինտեգրումն է Եվրոպական Միությանը։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք պետք է շարունակենք Եվրոպական Միության հետ լիարժեք ինտեգրման ճանապարհը», – շեշտել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը ԵՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարության փոփոխությունը դիտարկում է որպես երկկողմ հարաբերությունների «որակական վերագործարկման» հնարավորություն։
«Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երդմամբ կստանձնի նախագահի պաշտոնը։ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը նոր առաջնորդներ են ունենալու։ Մենք հավատացած ենք, որ նոր առաջնորդների հետ մեր հարաբերությունները կվերագործարկենք։ Ամեն ինչ պետք է անենք հարաբերությունների ընդարձակման համար», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Կարդացեք նաև
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ սառեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։
««Վրացական երազանք»-ի հակաժողովրդավարական տարբեր գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները, որոնք հիմնված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի և կոռուպցիայի դեմ ընդհանուր արժեքների և ջանքերի վրա։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն սառեցրել է այդ մեխանիզմը», – նշված էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Նահանգների նոր վարչակազմը կվերանայի Բայդենի վարչակազմի այս որոշումը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ