Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում գործադրելու մեջ։
Զուրաբիշվիլին, որի 6-ամյա պաշտոնավարումը կավարտվի տարեվերջին, դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրության սահմանադրականությունը։
Կիրակի նախագահը կարևորել էր ՍԴ-ի նկատմամբ ճնշումը՝ Բարձր դատարանին մեղադրելով անգործության մեջ:
Zurabishvili calls for action on constitutional court inactivity
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ Կոբախիձեն նախագահի հայտարարությունը Սահմանադրության և օրենքի խախտում է որակել և հայտարարել․ «Երբ նախագահ համարվող կինը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի դատավորների վրա, դա հենց հանցանք է»։
Ըստ Կոբախիձեի՝ հեռացող նախագահը «հիստերիայի» մեջ է և այլևս չունի «կարմիր գծեր»։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հարաբերությունները էականորեն սրվեցին, երբ գարնանն իշխանություններն ընդունեցին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագիծը, որում Զուրաբիշվիլին և ընդդիմադիրները ռուսական հետք էին տեսնում։
Զուրաբիշվիլին չստորագրեց օրինագիծը, բայց խորհրդարանը կարողացավ հաղթահարել նախագահական վետոն։
Սալոմե Զուրաբիշվիլին նախագահությունը հռչակել է երկրում գործող միակ պետական մարմինը, որի վրա «Վրացական երազանք» կուսակցությունն ազդեցություն չունի։ Նա հայտարարել է՝ շարունակելու է մնալ նախագահ, «քանի դեռ չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի հաջորդ նախագահին»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ