«Կառավարության համար հետևանքներ կլինեն, բայց Եվրոպան բաց է մնում քաղաքացիական հասարակության եվրոպական հույսերի համար»․ կայացել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր-Սալոմե Զուրաբիշվիլի հեռախոսազրույցը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դատապարտել է պրո-ԵՄ-ական ցուցարարների դեմ բռնությունները և համերաշխություն հայտնել վրաց հասարակությանը, փոխանցում է դաշնային նախագահի մամուլի քարտուղար Քերստին Գամմելին։
Նախագահական մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վրաստանը շեղվում է դեպի ԵՄ տանող սահմանադրական հանձնառությունից։
«Կառավարության համար հետևանքներ կլինեն, բայց Եվրոպան բաց է մնում քաղաքացիական հասարակության եվրոպական հույսերի համար», – նշում են նախագահականից։
Կարդացեք նաև
Ավելի վաղ հայտնել էինք Ֆինլանդիայի և Վրաստանի նախագահներ Ալեքսանդր Ստուբբի և Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցի մասին։
Հինգերորդ օրն է, ինչ Վրաստանի մի շարք քաղաքներում ընթանում են հակաիշխանական բողոքի ցույցեր։ Իրադարձությունների էպիկենտրոնը մայրաքաղաք Թբիլիսիում է՝ Ռութավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի առջև։
Կրքերը բորբոքվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնեց մինչև 2028 թվականը Եվրոպական Միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սառեցնելու որոշման մասին։
Ակցիաների ֆոնին արևմտյան պետական գործիչների հետ ամենօրյա ռեժիմով հեռախոսով շփվում է բողոքի ցույցերի համակարգմանը ներգրավված հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Այս պահին ցույցերը շարունակվում են։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ