Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը X-ում տեղեկացրել է, որ «հրատապ» զրույց է ունեցել իր վրաստանցի պաշտոնակից Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
««Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ սառեցնում է երկրի ուղին դեպի ԵՄ։ Սա արմատական փոփոխություն է նախկինում որդեգրված քաղաքականությունից, որը հիմված էր երկրի Սահմանադրության վրա։ Ամբողջ երկրում անցկացվող ցույցերն ապացուցում են եվրոպական ուղին շարունակելու վրացիների հզոր ձգտումը։ Նրանց ցույցերը չպետք է ճնշվեն», – X-ի գրառման մեջ ընդգծել է Ստուբբը։
Նախագահը եզրափակել է՝ Ֆինլանդիան վրացիների կողքին է։
Կարդացեք նաև
Հինգերորդ օրն է, ինչ Վրաստանի մի շարք քաղաքներում ընթանում են հակաիշխանական բողոքի ակցիաներ։ Իրադարձությունների էպիկենտրոնը մայրաքաղաք Թբիլիսիում է՝ Ռութավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի առջև։
Կրքերը բորբոքվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնեց մինչև 2028 թվականը Եվրոպական Միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սառեցնելու որոշման մասին։
Ակցիաների ֆոնին արևմտյան պետական գործիչների հետ ամենօրյա ռեժիմով հեռախոսով շփվում է բողոքի ակցիաների համակարգմանը ներգրավված հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Այս պահին ցույցերը շարունակվում են։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ