Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում բողոք էր բարձրացվել, դրանից հետո Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ արգելում է, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները ծանոթանան այդ փաստաթղթին»

Դեկտեմբեր 02,2024 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տեղեկատվություն տրամադրելը պետական գերատեսչությունների ու նախարարությունների պարտականությունն է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, այս դեպքում խախտվել է պատգամավորների իրավունքը, ինչպես կխախտվեր լրագրողների իրավունքը, եթե ԶԼՄ-ն դիմեր որեւէ գերատեսչության եւ պատասխան ստանար, որ գերատեսչությունը նպատակահարմար չի համարում տեղեկատվություն տրամադրել։ Այդպիսի կարգավորում չկա՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքով մենք ունենք այդ իրավունքը՝ տեղեկատվություն ստանալու։ Մեր դեպքում գործադրվել է կամայականություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով պատգամավորներին արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, որ երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ծանոթացել էին Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, առանց որեւէ կետեր գաղտնազերծելու՝ արտահայտել էին իրենց մտահոգությունը, դրա մասին բողոք էր բարձրացվել Ադրբեջանում։ Պատգամավորի խոսքով՝ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ինքն արգելում է, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները գնան ու ծանոթանան այդ փաստաթղթին։ «Այդպիսի կարգավորում եւս չկա եւ այդպիսի լիազորություն չկա՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողնի կողմից արգելել պատգամավորներին տեղեկատվություն ստանալ։ Միակ տարբերակը կարող էր լինել, եթե մեզանից որեւէ մեկը խախտեր դրույթը, այդ դեպքում պետք է քրեական գործ հարուցվեր, բայց այդպիսի դեպք էլ չունենք։ Կամայական մեկնաբանություն է մեզ տրվել, ԱԳՆ-ն գրավոր ուղղակի տեղեկացրել է, որ նպատակահարմար չի համարում այս պահին մեր ծանոթանալը։ Այդ հիմքով մենք դիմել ենք դատարան, դատական հայցն ընդդեմ կառավարության է եւ ԱԳՆ-ի, պահանջում ենք վերականգնել մեր իրավունքը»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ այն, որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց ծանոթանալ քննարկվող պայմանագրի նախագծին, ապացուցում է, որ տեղեկատվությունը թաքցնում են իրենցից ու հանրությունից։ «Այդ փաստաթղթի դրույթների մասին տեղյակ է Ադրբեջանի ժողովուրդը, Ադրբեջանի ղեկավարությունը, միջազգային հանրությունը, Նիկոլ Փաշինյանը։ Եվ միայն հայ ժողովրդից է բացառապես գաղտնի պահվում այն։ Եվ կեղծ օրակարգերի շուրջ դիսկուրս ծավալելով՝ իշխանությունները փորձում են մեզ շեղել հենց այս հարցերից»,- հավելեց պատգամավորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031