ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում բացահայտել է խաղաղության պայմանագրի, իր համոզմամբ՝ բովանդակազուրկ լինելը:
«Խաղաղության պայմանագիր անվանումով այսպես կոչված փաստաթղթի մասին մեզ սկսել են հայտնել դեռեւս 2022 թվականից: Ու այդ տարվանից ամեն տարի ասում են, որ մինչեւ տարվա վերջ կկնքվի խաղաղության պայմանագիր: Ու ամեն տարին ավարտվում է եւ պարզվում է, որ խաղաղության պայմանագիրը չի կնքվում: Չնայած ասում էին, որ 15 օր հետո կարող է կնքվել, 70, 80 %-ը համաձայնեցված է: Վերջերս մոտեցել էր 100%-ին: Բայց պայմանագիրը ոնց որ թե չի կնքվում: Ընդ որում, դա ըստ Նիկոլ Փաշինյանի, մի պայմանագիր է, որը, ճիշտ է, կոչվում է խաղաղության պայմանագիր, բայց խաղաղություն չի երաշխավորում: Նրա ասելով, անգամ եթե այդ պայմանագիրը կնքվի, չի բացառվում, որ 14 օր հետո կարող է նորից պատերազմ լինել: Դա էլ է հարց. եթե խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի երաշխավորում, ապա ինչո՞ւ է կոչվում խաղաղության պայմանագիր:
Իրականում իմ համոզմունքն այն է, որ փաստաթուղթ որպես այդպիսին գոյություն չունի: Այսինքն, այդ փաստաթուղթը պետք է ունենա պայմանագրի բովանդակություն, իմաստ, երկկողմ կարգավորումներ, բայց գոյություն ունեն ադրբեջանական պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի իշխանություններին եւ նրանք իրենց համաձայնությունը տալիս են: Կարող է՝ մի պահ փորձում են որոշակի դրույթների դիմադրել, բայց հետո կորցնում են դիմադրությունը եւ դրան էլ են համաձայնում: Ու այսպես, կետ-կետ գնում են առաջ: Եվ եթե դա վերջում կնքվի, դառնալու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիա:
Կարելի է միայն կռահել, թե ինչ է ենթադրում այդ պայմանագիրը, որովհետեւ դա գաղտնի է պահվում: Իրենք ասում են նույնիսկ, որ 13 կետեր համաձայնեցված են, բայց անգամ այդ համաձայնեցված կետերը, որպես պայմանագրի բովանդակություն, ոչ ադրբեջանական կողմն է հրապարակում, ոչ հայկական կողմը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ համաձայնեցված կետերը մենք կարող ենք այսօր էլ ստորագրել: Դա նշանակում է, որ դրանք այլեւս գաղտնիության իմաստ չունեն, որովհետեւ արդեն համաձայնեցված են ու կարելի է ասել, թե ինչ են բովանդակում եւ ներկայացնել հասարակությանը: Բայց չի ասվում:
Կարդացեք նաև
Հիմա, քանի դեռ դրա բովանդակության մասին չի ասվում, կարելի է ենթադրել: Ենթադրության հիմքը պետք է լինեն հայտարարությունները՝ եւ ադրբեջանական կողմի, եւ հայկական կողմի, որովհետեւ հնարավոր չէ, որ պաշտոնապես այլ թեզեր հայտարարեն, բայց ստորագրեն, պարտավորություններ ստանձնեն այլ գաղափարների վերաբերյալ: Դրանք ինչի՞ն կարող են վերաբերել: Արդեն պարզ կարող ենք ասել ադրբեջանական կողմի հայտարարություններով:
Առաջինը, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ներկայիս Սահմանադրության իրավական կարգավորումներից: Այսինքն, պետք է ընդունի նոր Սահմանադրություն: Եվ դրա հիմնական ակցենտը պետք է վերաբերի ոչ թե մարդու իրավունքների դրույթներին, դատական իշխանությանը, տեղական ինքնակառավարմանը, այլ՝ Սահմանադրության նախաբանին, որպեսզի դա այլեւս հղում չպարունակի Անկախության Հռչակագրին: Եվ եթե Հայաստանը համաձայնում է դրան, իսկ Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունել է, որ դրան համաձայն է, նշանակում է, որ Հայաստանը որպես պետություն դադարեցնելու է գոյությունը:
Հայաստանի վերացումը Ալիեւի հիմնական պահանջն է, որովհետեւ նրա նպատակը Հայաստանի հետ հարաբերություններ, բարեկամություն հաստատելը չէ: Դա հասկանալու համար պետք է նայել Իլհամ Ալիեւի 2024 թ. նոյեմբերի 8-ին Բաքվում ունեցած ուղերձը, որով նա դիմում է Ադրբեջանի ժողովրդին եւ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին խոսելիս 11 անգամ գործածում է «թշնամի» եզրույթը: Պարզ է, չէ՞, որ եթե նա թշնամաբար է տրամադրված, ո՞նց կարող է այդ պետության հետ, որն ինքը թշնամի է համարում, կնքի բարեկամության, խաղաղության, համերաշխության, համագործակցության պայմանագիր: Դա բացառվում է: Պայմանագիր կնքում են բարեկամ երկրները, առնվազն, միմյանց հանդեպ հարգանք ունեցող, ատելություն չունեցող երկրները: Եթե նրա տրամադրություններն այդպիսին են եւ ինքը պիտի ստորագրի, նշանակում է դա խաղաղության, բարեկամության բովանդակություն չի կարող ունենալ:
Կարող է ունենալ պահանջներ: Օրինակ, Հայաստանը պետք է զինաթափվի առհասարակ, զենք ձեռք չբերի, նույնիսկ եղած զենքը վնասազերծի, ոնց որ Արցախի պաշտպանության բանակինը: Մի մասը հանձնեցին ռուսներին՝ տարան, մի մասը՝ մնաց Ադրբեջանին: Միայն 2023 թվականին Ադրբեջանին $ 1,5 միլիարդի զենք-զինամթերք է հանձնվել: Նույն պահանջը հիմա վերաբերում է Հայաստանի զինված ուժերին: Այսինքն, իրենք զինվում են, նոր սպառազինություններ են ձեռք բերում, նոր զորամասեր են բացում, բայց ասում են՝ Հայաստանը պետք է ապառազմականացվի, որ Հայաստանը ոչ մի ռազմական բլոկի անդամ չպետք է լինի:
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման կանոնադրությամբ չնախատեսված տարօրինակ վարքագիծը հենց ադրբեջանական պահանջ է: Այսինքն, մենք պետք է որեւէ դաշնակից չունենանք, մեզ պաշտպանելու հնարավորություն չպետք է ունենան առավել եւս Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրները, որոնք են ՀԱՊԿ-ի անդամ երկրները: Որովհետեւ Ադրբեջանի համար դժվար, անհնարին կլինի պատերազմել իր բարեկամ երկրների հետ, այսինքն, կրակել, օրինակ, ղազախ զինվորի վրա: Դրա համար ասում է. դու այդ կազմակերպությունից դուրս արի, որպեսզի այդ սահմանափակումն ինքը երբեւէ չունենա հնարավոր ռազմական գործողության դեպքում:
Մյուս պահանջը, որ Հայաստանի բանակը պետք է կանգնած չլինի սահմանին, այլ միայն պետք է լինեն սահմանապահ զորքեր, ինչը հիմա արվում է, որ սահմանային նշումները պետք է արվեն միայն ադրբեջանական պահանջներով: Սրանք հայտարարություններ են, որ արդեն եղել են: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքն առաջարկում է, որպեսզի սահմանից 1 կմ խորության վրա լինի ապառազմական գոտի: Ադրբեջանը չի ասել, որ համաձայն է, որ սահմանի իրենց հատվածում 1 կմ խորությամբ լինի ապառազմական գոտի: Այսինքն, պայմանագրի մեջ կնշեն, որ Հայաստանի սահմանում 1 կմ խորությամբ ապառազմական գոտի է: Եվ եթե դրա մեջ լինեն սահմանամերձ բնակավայրեր, ապա այնտեղ նույնիսկ որսորդական զենք չպետք է լինի, խանութները փակվեն ժամը 20:00-ին եւ այլն: Այսինքն, ինչպես մարդիկ ապրում են սահմանապահ ուղեկալում»,-ասաց Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ անգամ այս պահանջներով պայմանագիրը Ալիեւը չի ստորագրում:
«Միամիտ պետք է լինել, որ այսքան բանը կարդալուց, տեսնելուց, լսելուց հետո էլ չհամոզվել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակը Հայաստանը որպես պետություն առհասարակ կործանելը, հայ ժողովրդին բնաջնջելն ու այստեղից բռնի տեղահանելն է: Եվ եթե դա հաջողվեց Արցախի պարագայում, հիմա իրենք նույն մտադրություններն ունեն Հայաստանի մյուս հատվածների նկատմամբ: Նրանց համար ի՞նչ տարբերություն՝ Ստեփանակե՞րտն է, թե՞ Երեւանը:
Ալիեւն ասում է՝ մենք Երեւան գնալու մտադրություն ունենք եւ պարտադիր չէ, որ դա անենք տանկերով: Այսինքն, Երեւանը բնակեցնել ադրբեջանցիներով, նրանց համար այստեղ անվտանգության երաշխիքներ ստեղծել, ասենք, այստեղ լինի ադրբեջանական ոստիկանություն կամ թուրքական դիտորդական առաքելություն, որոնք ադրբեջանցիներին կպաշտպանեն հնարավոր բախումներից:
Ալիեւների ընտանիքի անդամները, որ սիմվոլների սիրահար են, 44-օրյա պատերազմից հետո իրենց ծննդյան օրերը միմյանց հայկական բնակավայրեր են նվիրում: Ալիեւը 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, իր ծննդյան օրը, եղել է Շուշիում, կնոջ ծննդյան օրը զավթել է Բերձոր քաղաքը եւ այնտեղ տեղադրել երկաթյա բռունցքի արձանը: Իսկ հիմա թիրախում արդեն Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն են:
Առավել քան ակնհայտ է, որ այդ կապակցությամբ վերջին հայտարարություններն արվել են Ադրբեջանի ԱԳ նախարարի, Թուրքիայի տրանսպորտի նախարարների կողմից՝ ասելով, որ Զանգեզուրի միջանցքը շահագործելն արդեն կախված է միայն ադրբեջանցի իրենց եղբայրների որոշումից եւ իրենք ավարտին են հասցրել Թուրքիայի եւ Ադրբեջանի հատվածում բոլոր ենթակառուցվածքների շինարարությունը: Պարզ է, որ դա ենթադրում է երկու կողմերից երկաթուղու մոտեցումը Հայաստանի սահմանին եւ ավտոմոբիլային ճանապարհները: Եվ դրան զուգահեռ՝ Հայաստանի վարչապետն է հայտարարում, որ Հայաստանը պատրաստ է, որ հնարավորություն տա Ադրբեջանին Նախիջեւանի հետ, նույնն է՝ նաեւ Թուրքիայի հետ կապը հաստատել պարզ, ավելի մատչելի, հասանելի մաքսային եւ սահմանային ստուգման ընթացակարգերով:
Բայց իրենք դա էլ չեն ուզում, որեւէ վերահսկողություն չեն ուզում: Ասում են՝ Ադրբեջանից Ադրբեջան գնալու համար, ինչպես Սումգայիթից, Մինգեչաուրից՝ Բաքու ոչ մի հայ սահմանապահի, զինվորի, մաքսավորի չեն տեսնում, նույնը պետք է լինի Ադրբեջանից Նախիջեւան գնալիս: Եվ եթե դա չլինի իրենց պայմաններով, Ալիեւն ասել է, որ խնդիրը կլուծի ուժային ձեւով:
Ինչի՞ համար է այդպես ասում: Որովհետեւ ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է այդ պարտավորությունը: Հիմա եթե Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը չլինի, Ալիեւը նույնը չի կարող ասել, որովհետեւ դա Հայաստանի ստանձնած պարտավորություն չի, այդ պայմանագիրը վավերացված չի մեր խորհրդարանում, դա պետության պարտավորություն չի, դա ստորագրողի պարտավորություն է: Եվ քանի այդ ստորագրողը իշխանության ղեկին է, ինքը դա ասելու իրավունք եւ հնարավորություն ունի:
Իրենք ասել էն, որ COP 29-ից հետո լինելու են նոր գործընթացներ եւ չեն նշել, որ այդ գործընթացները դիվանագիտական են: Այսինքն, չի բացառվում, որ նրանք գնան ռազմական արկածախնդրության եւ զավթեն այդ տարածքները: Իսկ որ Թուրքիան կարողանում է այլ երկրների տարածքները զավթել, մենք այս օրերին տեսնում ենք Սիրիայում: Եթե Թուրքիան իր կողմից աջակցություն վայելող խմբավորումների միջոցով մտել է Սիրիա, էլ չեմ ասում, որ կանոնավոր բանակն էլ է գտնվում Սիրիայի, Իրաքի տարածքում, Կիպրոսում, ի՞նչն է իրեն խանգարում, որ մտնի Հայաստանի տարածք: Միակ խանգարող բանը, որ պետք է լիներ, ռուսական զինված ներկայությունն էր այդ տարածքում, որը 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ դուրս է բերել հատկապես Սյունիքից եւ Վայոց Ձորից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ