ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը:
Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում:
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հասանելի դարձնել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները: Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը ստեղծվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատկերազարդը ապահովված է՝
- տիֆլոմեկնաբանությունով (կտավի ձայնային նկարագրություն. զուգահեռ ընթերցվում է «Անլռելի զանգակատուն» պոեմի այն հատվածը, որը ներկայացված է պատկերում),
- QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանությունների հղումով,
- համապատասխան երաժշտությամբ:
Նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, որը, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև որպես «Խոսող կտավներ» նախագծի գլխավոր փորձագետ։
Կարդացեք նաև
Նախագծի արդյունքում ստեղծված «Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդների շոշափելի պատճենները փոխանցվելու են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ շոշափելի կատալոգի տեսքով:
Ծրագիրն իրականացրել է «Սարեր» մշակութային ՀԿ-ն:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ