«Նիկոլ Փաշինյանի դուրը կարող է չգալ իր սեփական տան կահավորումը, որը կարող է իր կամքով փոխել։ Ընտանիքի անդամների հագուստը գուցե կարող է դուր չգալ իրեն, բայց պետական պաշտոն զբաղեցնող մարդը պետք է իմանա, որ իր գործողությունները կարգավորվում ու սահմանափակվում են օրենքով։ Մենք գործ ունենք իշխանության վերազանցության եւ բռնապետական, ավտորիտար դրսեւորումների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական օրհներգի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ՀՀ օրհներգի կատարման տեմպն ու արագությունն իրեն դուր չեն գալիս։
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ մենք վերադարձել ենք միջնադար, որտեղ թագավորի կամքով էր օրն սկսվում ու ավարտվում, ոչ թե պետություն է, այլ բռնապետություն։ «Մենք դրա տարբեր դրվագներ ենք տեսնում։ Ես միայն հիշեցնեմ, որ երկրի հիմքը Նիկոլ Փաշինյանի կամքը կամ նախասիրությունները չեն։ Իր դուրը հիմա կարող է «Դուխով» երգը գալ կամ նմանատիպ որեւէ այլ կատարում, ի՞նչ անենք, դա պետք է պետական արարողակարգում հնչեցվի՞։ Սա իշխանության դասական վերազանցություն է»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Կառավարության նիստում ՀՀ պետական օրհներգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, «Պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ արդեն բավական երկար ժամանակ օրհներգի նոր տարբերակն է հնչում, ինչը կարող է նաեւ մեկնաբանվել որպես օրենքի խախտում, բայց մյուս կողմից՝ մենք ցանկացանք տեսնել, թե այդ տարբերակն ինչպես է հնչում ու ինչ ընկալման է արժանանում հանրության շրջանում։ Եվ մենք տեսանք, որ այդ ընկալումը դրական է»։
Կարդացեք նաև
Քրիստինե Վարդանյանին հարցրինք՝ նորմա՞լ է, որ առանց օրենքի ընդունման, հիմնի տեքստը փոփոխված են երգում։ «Իրենք այնքան անհարգալից են սեփական թիմակիցների նկատմամբ, որ գոնե ֆորմալ ձեւը չեն պահում, որպեսզի ցույց տան, որ պատգամավորները ներկայացրել են նախագիծ, որպեսզի այն ուժի մեջ մտնելուց հետո հիմնի տեքստը փոփոխվի։ Այսինքն՝ ինքն իր գործողություններով միայն ապացուցում է այն, ինչը մենք տարիներ շարունակ ասում ենք, որ Հայաստանում միանձնյա, մեկ հոգու իշխանություն է, մենք ընդհանրապես գործ չունենք պառլամենտական համակարգի հետ, գործ ունենք այդ մեկ հոգու կամակատարների հետ։ Դա է ապացուցվում ամեն անգամ»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ այս քննարկումները հիմնական կարեւոր օրակարգից շեղելու նպատակ ունեն, որովհետեւ մեր պետության առաջնային հարցն օրհներգի տունը փոփոխելը չէ։ «Դա արհեստական օրակարգ է, միայն ՔՊ վարչության օրակարգում եղած հարց է, ինչպես արհեստածին է պատմական Հայաստան, Արարատ-Արագած դիսկուրսը։ Դրանք մեր խնդիրների հետ կապ չունեցող հարցեր են։ Մեր հարցը գոյաբանական է, անվտանգային է, տնտեսական է, եւ այդ հարցերից մեզ շեղելու համար են այս ամենն անում»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ