Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստի ժամանակ տեղի ունեցավ «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» (Demographic history and genetic variation of the Armenian population) գիտական աշխատության շնորհանդեսը։
Այս կարևոր աշխատությունը հրապարակված է «The American Journal of Human Genetics» ամսագրում։ Այն համահեղինակել են գիտնականներ Հայաստանից, Անգլիայից, Իռլանդիայից, Էստոնիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից։
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը նշեց․ «Այս հետազոտությունը ճանապարհ է դեպի պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծումը և «Հայկական գենոմ» ծրագրի իրականացումը»։
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ և հոդվածի համահեղինակ պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ աշխատությունը հերքել է պատմաբանների և լեզվաբանների՝ դարեր շարունակ արմատացած այն տեսակետը, որ հայերի նախնիները Բալկաններից եկած փռյուգիական վերաբնակներ են։ Հետազոտությունը չի հայտնաբերել էական գենետիկական ցեղակցություն հայերի և բալկանյան տարածաշրջանի բնակչության միջև։
Կարդացեք նաև
Գիտնականների միջազգային խմբի եզրակացությունը հիմնված է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների ինչպես ժամանակակից, այնպես էլ հնագույն բնակիչների գենոմների մանրամասն համեմատության վրա։
«Դարերի ընթացքում պատմական տվյալները ձևավորել են անցյալի մասին մեր պատկերացումը՝ ստիպելով ընդունել դրանք որպես ճշմարտություն: Այսօր ամբողջական գենոմի ընթերցման և տարբեր դարաշրջանների հնագույն ԴՆԹ-ի հետազոտության տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն ենք ստացել ստուգել և վերանայել հին պատմիչների հաճախ ոչ հավաստի տեղեկությունները, վերականգնել մարդկային պոպուլյացիաների ծագման ավելի մանրամասն ու գիտականորեն հիմնավորված պատկերը», – ասաց պրոֆեսոր Եպիսկոպոսյանը։
Հերքվել է հայերի ծագման հետ կապված մեկ այլ միֆ, որը վերաբերում է սասունցիների ասորական արմատների մասին պնդումներին։ Սասունի բնակիչների ասորական նախնիների մասին հիշատակումներ կան մի շարք պատմական աղբյուրներում՝ ներառյալ Աստվածաշնչում և սեպագիր տեքստերում, ինչպես նաև ժողովրդական ավանդազրույցներում։ Մինչդեռ հետազոտության արդյունքները բացառում են սասունցիների ասորական ծագումը, ինչպես նաև ցույց են տալիս, որ այս բարձրալեռնային շրջանի բնակչությունը, ի տարբերություն հայերի այլ աշխարհագրական խմբերի, ոչ վաղ անցյալում զգալի կրճատվել է:
«Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վարկածի ստուգումը հայտնաբերել է, որ հայերի գենոֆոնդի վրա նկատելի ազդեցություն են ունեցել Լևանտի նեոլիթյան երկրագործները։ Մեզ հաջողվել է պարզել, որ վաղ բրոնզի դարից հետո Մերձավոր Արևելքում տեղի է ունեցել մարդկային զանգվածների զգալի տեղաշարժ։ Որտեղի՞ց և ե՞րբ է դա տեղի ունեցել, ի՞նչն է դարձել նման լայնածավալ միգրացիոն ալիքի պատճառ․ սրանք հարցեր են, որոնք թերևս կարիք ունեն պարզաբանման», – ասաց Լևոն Եպիսկոպոսյանը։
Նա հույս հայտնեց, որ գիտական նոր փաստերը կամրագրվեն դասագրքերում։ «Մենք պետք է պայքարենք, որ այս գիտական ամուր հիմք ունեցող արդյունքը մտնի դասագրքեր, քանի որ այն հստակ և հիմնավոր է»:
Քննարկման ժամանակ նշվեց, որ հետազոտությունը կարևոր նյութ է ոչ միայն գիտության, այլ նաև արտաքին քաղաքականության համար։
Հետազոտությունը ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Եվրոպական հետազոտական խորհրդի (ERC), Մարի Կյուրի անհատական կրթաթոշակի, ESF DoRa PROGRAMME-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին