Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Սարուխանյանի հետ արյունակցական կապ չունեմ, բայց ամեն ձևով էլ շփվել ենք»․ Շավարշ Արամյանը ևս Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածու

Դեկտեմբեր 02,2024 17:14

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շավարշ Արամյանը ևս ինքնառաջադրվել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությանը մասնակցելու համար։

Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր մասնակցությունը Շիրակի մարզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակունքներում կանգնած մարդկանց՝ մասնավորապես ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Դավիթ Առուշանյանի, ավելին՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի մասնակցության դեպքում, Շավարշ Արամյանը պատասխանեց․ «Կոնկրետ այս ձևաչափն ուղղված է այդ բոլոր կարծրատիպերը ջարդելուն։

Ժողովրդավարության ձևաչափ է սա, անուններ եք տալիս, բայց այս դեպքում նրանք ընդհանրապես կապ չունեն, սա գյումրեցու ընտրությունն է, եթե փոխկապակցված անուններով կամ ակունքներից ելնելով՝ ընտրություն լիներ կատարելու, կկատարեր էլի վարչապետը։

Նա նախընտրել է շատ ճիշտ ձևաչափ, իսկ իմ հնարավորությունների մասին կասեմ՝ եթե վարչապետի ու վարչության կողմից ընդունվի իմ թեկնածությունը, ժողովուրդը ինքն իր քվեով կասի։ Ես կանխավ ոչինչ գուշակել չեմ կարող»։

Մեր դիտարկմանը՝ դուք ավագանու անդամ եք, որոշակի գործունեություն ծավալում եք, բայց ձեր անձը ճանաչված չէ, չէ՞, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այո, անձի հետ կապված հենց հանրայնացնելու խնդիր կա, դա էլ մեր ժողովուրդը հանրայնացրեց՝ նույն վարչապետի տեսանյութի տակ բազմաթիվ գրառումներ թողնելով։ Այնքան հանրայնացրեց, որ թեկուզ կոնկրետ դուք զանգահարել եք ու հարցազրույց եք վերցնում, այդքան հանրայնացրեց մեր ժողովուրդը իմ անունը»։

Մենք նշեցինք, որ ընթերցել ենք վարչապետի տեսանյութի տակ թողնված գրառումները, որտեղ հնչում էին Շավարշ Արամյանի և Արտյոմ Թումանյանի անունները։ Հետաքրքվեցինք՝ իր շրջապատի մարդի՞կ էին նման գրառումներ անում։

«Ե՛վ շրջապատի մարդիկ էին, և՛ շատ-շատ գրառումներ տեսել եմ, բայց այդ մարդկանց ընդհանրապես չեմ ճանաչում։ Իմ գործունեությունը, որպես ավագանի՝ իմ կատարած աշխատանքները տեսնելով՝ մարդիկ ցանկություն են հայտնել, որ իմ թեկնածությունն էլ լինի։ Վերջին 2-3 տարիների ընթացքում որ ավագանի եմ, բազմաթիվ ծրագրեր ունեմ կատարած՝ այգիների վերանորոգում, հիմնանորոգում, նոր այգիների հիմնում, փողոցների վերանորոգում-հիմնանորոգում, տարբեր ծրագրեր։ Այնպիսի մարդիկ կային գրառումների մեջ, որ ես նրանց ընդհանրապես չեմ էլ ճանաչում»,-ասաց ավագանու անդամը։

Մեր ճշտող հարցին՝ փողոցների վերանորոգումը Ձե՞ր միջոցներով եք արել, Շավարշ Արամյանը պատասխանեց․ «Իմ միջոցներով չեմ արել, ծրագրեր եմ ներկայացրել, ներկայացրել եմ փողոցներ, որոնց հիմնանորոգումը հաստատվել են թե՛ մեր խմբակցության կողմից և թե՛ ավագանու կողմից։ Դիմումներ են եղել բնակիչներից։ Ինձ թվում է հենց այդ ամենից ելնելով՝ այդ նույն բնակիչները, քաղաքացիները, ովքեր տարբեր հարցերով դիմել ու ստացել են դրական արձագանք, նրանք էլ գրել եմ իմ անունը»։

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ինչպե՞ս ընդունեցին ձեր ինքնառաջադրվելու մտադրությունը, քննարկե՞լ եք նրանց հետ, մեր զրուցակիցն ասաց․ «Ես թեկնածուների հետ զրուցել եմ այս հարցով, բոլորի կողմից էլ նորմալ է ընդունվել: Ասել եմ, որ պատրաստակամ եմ՝ անկախ ելքից, եթե ես չլինեմ հաղթողը, սեղմել հաղթողի ձեռքը ու հանուն մեր կուսակցական գաղափարների, լավ ծրագրերի, որ նախատեսել ենք Գյումրիում անել, հանուն այդ ամենի, ինչ որ օգուտ է Գյումրուն ու գյումրեցուն, միանալ իմ թիմակիցներին ու հաղթողի ձեռքը սեղմել, անցնել առաջ։

Էս էդ պայքարը չէ, ինչ որ ժողովուրդը պատկերացնում է, սա ներթիմային պայքար է, որի հիմքում նույն գաղափարը, նույն ծրագրերն են, նույն թիմն է, նույն կատարվելիք աշխատանքներն են»։

Նկատի ունենալով այն, որ Կարեն Սարուխանյանը ևս հայտարարել է իր ինքնաառաջադրման մասին, իսկ մամուլում մշտապես շրջանառվում էր, թե Շավարշ Արամյանը ազգակցական կապ ունի նրա հետ, մենք թեկնածուից հետաքրքրվեցինք՝ կա՞ ազգակցական կապ, ճի՞շտ են գրում։

«Ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսենք, ես պարոն Սարուխանյանի հետ ուղիղ արյունակցական որևէ կապ չունեմ, դրա տակ ինչ ուզում եք ներառեք»,- հայտարարեց թեկնածուն։

Մեր ճշտող հարցին՝ ընկերակա՞ն է ձեր կապը, Շավարշ Արամյանը պատասխանեց․ «Ամեն ձևով էլ շփվել ենք, ընկերություն էլ ենք էլ են արել, հիմա էլ կուսակցական ընկերներ ենք, նույն գաղափարի, նույն թիմի մարդիկ ենք, միշտ միասին ենք գնացել առաջ»։

Մեր հաջորդ հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների՝ ձեզ պաշտոնի տեղավորել է Կարեն Սարուխանյանը, նրա դերակատարությունը մեծ է եղել « Սեյսմիկ պաշպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու հարցում, Շավարշ Արամյանն ասաց․ «Եկեք մի բան ֆիքսենք, ես 2010 թվականից ՔՊ կուսակցության անդամ եմ, իմ ինքնակենսագրականը որ նայեք, ես բավականին երկար տարիներ պետական համակարգում աշխատանքի փորձ ունեմ, կոնկրետ այս աշխատանքիս հետ կապված, իմ կուսակցականների բոլորի կարծիքը հարցրել եմ, հենց անձամբ պարոն Սարուխանյանի»։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուները 5-ն են, համենայնդեպս այդ հինգն են հայտարարել ինքնառաջադրման մասին՝ ԱԺ պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Շավարշ Արամյանը և ՔՊ-ի համակիր Արտյոմ Թումանյանն են։

Նախնական ընտրությունները, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կանցկացվեն դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031