Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական այբուբենը տեղ կգտնի Ժնեւի այգում. «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող Ռուզաննա Թարվերդյանը ինքնատիպ նախագիծ է իրականացնում

Դեկտեմբեր 02,2024 16:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստան 2041» հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթողներից մեկը շվեյցարաբնակ մեր հայրենակից Ռուզաննա Թարվերդյանն է իր՝ «Իմ լեզուն իմ ինքնությունն է. հայկական այբուբենը Ժնեւի այգում» նախագծով: Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր նախագիծը, տիկին Ռուզաննան հետեւյալը նշեց. «Ծնված եւ մեծացած լինելով Երեւանում՝ պետք է խոստովանեմ, որ ապրելով տնից հեռու, արդեն շուրջ 25 տարի, մեկ անգամ չէ, որ երազել եմ Մատենադարանի գանձերի մասին, որտեղ մանկուց ծնողներիս հետ պարբերաբար այցելել եմ։

Հպարտ եմ իմ հայկական արմատներով, մեր բացառիկ այբուբենով: Որպես մտավորական՝ միշտ փորձել եմ տարածել Հայաստանի հարուստ մշակույթը իմ ընկերների շրջանում, որտեղ եղել եմ եւ երբ, հնարավոր է եղել»:

Նա հիշեցրեց, որ 2018թ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան էր բացվել Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում, որը կոչվում է «Հիշողության լապտերներ» (հեղինակ՝ Մելիք Օհանյան), ու 8 տարվա համառ ջանքերից հետո Հայկական անկյուն է ստեղծվել՝ չնայած թուրքական համայնքի ճնշումներին: Ի դեպ, 8 տարի կառուցման թույլտվության սպասող «Հիշատակի լապտերները», ժամանակավորապես հանգրվանելով Սուրբ Ղազարում՝ Վենետիկի ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում արժանացել էր «Ոսկե Առյուծ» պատվավոր մրցանակին:

Ռուզաննա Թարվերդյանի խոսքով, իր մտահղացումն էր՝ ընդգծել հայկական հետքը, որն այժմ դարձել է Ժնեւի ճարտարապետության կարեւոր, խորհրդանշական ու անբաժանելի մասը, տեղադրել հայկական այբուբենը Թրամբլե զբոսայգում: Նրա ձեւակերպմամբ, իր նախագիծը նաեւ երեխաների համար է կրթական տարր պարունակում, նպաստում հայեցի դաստիարակությանը եւ ինքնության ու ազգային մշակույթի պահպանմանը:

Քանի որ «Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշել է, որ դրամաշնորհների միջոցով ուզում են հզորացնել Սփյուռքը եւ ոգեշնչել հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ եւ դրանք իրագործելու համար քաջալերման կարիք, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե դրամաշնորհն ինչպե՞ս է օգնել իրեն այդ համատեքստում: Նա պատասխանեց, որ ուրախ է դառնալ Նուբար Աֆեյանի պատվաբեր նախաձեռնության մի մասը եւ դրանով իսկ իր համեստ ներդրումն ունենալ հայկական ժառանգության հանրահռչակման, Սփյուռքը հզորացնելու նրա ռազմավարական տեսլականի իրականացման գործում. «Մեր նախագիծը բավականին հավակնոտ նպատակ ունի՝ Ժնեւի հանրային տարածքում՝ աշխարհի կարեւորագույն քաղաքներից մեկում, տեղադրել Հայոց այբուբենը։ Մանրամասները եւ նախագիծը կյանքի կոչելու միջոցառումները դեռ պետք է վերջնական տեսքի բերվեն, եւ ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ հայթայթվեն: Այս ամենի համար հարկ կլինի քննարկումներ ունենալ տեղական իշխանությունների, համայնքների ղեկավարների հետ, ինչպես նաև նոր գործընկերներ ներգրավել: Ջանք չեմ խնայի բոլոր բյուրոկրատական ​​խնդիրները կարգավորելու համար, որպեսզի նախագիծն ի վերջո հասնի հաջողության»,-ասաց Ռուզաննա Թարվերդյանը:

Մեր հարցին՝ իր համար ի՞նչ ուղերձ ունի Սիլվա Կապուտիկյանի հայտնի քառատողը (Ու տես,որդիս,ուր էլ լինես…), նա այսպես արձագանքեց. «Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը ես սովորել եմ երեխա ժամանակ: Ծնված լինելով Երեւանում, հասակ առած լինելով հայկական միջավայրում՝ այն ժամանակ այնքան էլ տպավորված չէի, չէի ընկալում հայոց այբուբենի հսկայական նշանակությունը՝ հայկական ժառանգությունը պահպանելու համատեքստում: Այսօր ապրելով մայր հայրենիքից հեռու՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, ինձ համար գերկարեւոր է պահպանել ու տարածել հայոց լեզուն՝ հավատարիմ մնալով Սիլվա Կապուտիկյանի պատգամներին»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Սփյուռքում ինքնությունը պահպանելու մարտահրավերներին, Շվեյցարիայի հայկական ոչ մեծ համայնքին: «Մեր նախագիծը նպատակ ունի նպաստել հայ համայնքի շարունակական ջանքերին, խթանել գոյություն ունեցող ֆրանկո-շվեյցարական սփյուռքը, ընդգծել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ երկարամյա ամուր կապերը, դարավոր պատմական առնչությունները: Փաստացի, հայկական ընտանիքները Շվեյցարիայում հաստատվել են 19-րդ դարի վերջից, Օսմանյան կայսրությունում սուլթան Աբդուլ Համիդի հալածանքներից փրկվելու համար՝ հայերը հաստատվել են հիմնականում Արեւմտյան Շվեյցարիայում, այդ թվում՝ Ժնեւում։ Ավելի ուշ՝ 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ եւ դրան հաջորդած տարիներին, այլ փախստականներ էլ են տեղափոխվել Շվեյցարիա։ Պաստոր Կրաֆտ-Բոննարդը 1920 թ. հիմնադրել էր որբանոց, որտեղ ապաստան էին գտել Հայոց ցեղասպանությունից փրկված ավելի քան 200 որբեր: Հետագայում հայերի թիվն աճել է: Մերձավոր Արևելքում, Խորհրդային Միությունում եւ անկախ Հայաստանում տիրող իրավիճակը նպաստել է, որ շատ հայեր արտագաղթեն Արեւմուտք՝ ապահով կյանքով ապրելու համար: Շվեյցարիայում այսօր հայերի թիվն ավելի քան 5000 է»,-նշեց շվեյցարաբնակ մեր հայրենակիցը:

Նրա խոսքով` Շվեյցարիայով մեկ տարածված հայկական համայնքը հիմնել է մի քանի կազմակերպություն, իսկ միջոցառումներն իրականացվում են Շվեյցարիայի հայկական միության հովանու ներքո: 55 տարի առաջ Ժնեւում հիմնադրվել է Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցին, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են Իտալիայի Ռապալլո քաղաքում հաստատված Հակոբ Թոփալյանի առատաձեռն նվիրատվություններով, ում անունով հիմնադրամ է գործում: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ստեղծվել է նաեւ մշակութային կենտրոն, որը գործում է 2006 թվականից: Այն համայնքային միջոցառումների կարեւորագույն կենտրոնն է, ներառում է բազմաֆունկցիոնալ սենյակներ եւ գրադարան՝ ավելի քան 3000 կտոր գրականությամբ: Հակոբ Թոփալյանի մահից հետո հիմնվել է նաեւ Թոփալյան դպրոցը՝ նրա կտակի համաձայն: Այն հայկական գիտելիքի կենտրոն է, որտեղ չորեքշաբթի օրերին հավաքվում են հայ երեխաները։ Հիմնադրամը նաև ֆինանսավորում է Ժնեւի Հայկական կենտրոնում տեղակայված տաղավարը, որտեղ ամեն տարի կայանում է Ժնեւի Հայկական գրքի եւ տպագրության միջազգային ցուցահանդեսը:

Իսկ Ժնեւի համալսարանի Արվեստի ֆակուլտետում՝ Ղուկասյան եղբայրների հիմնադրամի մեծագույն աջակցությամբ գործում է 50 տարի առաջ հիմնադրված Հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Ժնեւի համալսարանում ուսանողները կարող են սովորել գրաբար եւ ժամանակակից հայոց լեզու՝ բակալավրիատից մինչեւ PhD մակարդակում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031