«Բազմաթիվ նիստերում եղել են դեպքեր, որ անարդարացի որոշումներ են կայացվել: Հենց նախորդ նիստում, երբ փաստաբան Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց, որ վարչական վերահսկողությունը հանեն, քանի որ մեղադրող կողմի բոլոր վկաները համարյա արդեն հարցաքննվել են: Դատավորը նույնիսկ չփորձեց էլ լսի, միանգամից մերժեց»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր-Նորքի նստավայրում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցած 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը՝ պարզաբանելով փաստաբանի՝ դատավորին այսօր բացարկ հայտնելու միջնորդությունը:
Տիկին Գալեյանի խոսքով, նախորդ նիստին ներկայացված միջնորդության վերաբերյալ դատարանի մերժումը ստանալուց հետո Վահան Հովհաննիսյանը դիմել է Վերաքննիչ դատարան բողոքով, ինչը բավարարվել է: Այսօրվա նիստով ավարտվեց մեղադրող կողմի վկաների՝ ոստիկանների հարցաքննությունը: Հաջորդ նիստերին հարցաքննելու են զոհված հերոսների ծնողներ:
Մինչեւ այժմ հարցաքննված ոստիկանների դատաքննական ցուցմունքներին անդրադառնալով՝ Աստղիկ Գալեյանն ասաց, որ ոչ մեկը նրանցից չի հիշել դեպքի մանրամասները, բոլորի նախաքննական ցուցմունքները հրապարակվել են:
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ