Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, այլապես հիմա ես առնվազն քրեական հետապնդման ենթարկված կլինեի»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 02,2024 15:27

«Այն պահից, երբ ադրբեջանական մամուլը, քաղաքական գործիչները սկսեցին կաղկանձել, որ ռևանշիստները՝ նկատի ունեն մեզ, հասանելիություն ունեն գաղտնի փաստաթղթին, դրանից հետո կայացվեց այս որոշումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ որոշման դեմ իրենց ներկայացրած դատական հայցին։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի կողմից ներկայացված դատական հայցում նշված է․ «Դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի՝ 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին»։

Այն պատճառաբանության մասին, թե «մի բան կարդացել, ուրիշ բան են ներկայացրել», Արթուր Խաչատրյանն ասաց․ «Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել մի ձևով․ թող հրապարակեն այն, ինչ մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, այլապես հիմա ես առնվազն քրեական հետապնդման ենթարկված կլինեի։ Որևէ արտահայտություն չենք արել, տվել ենք քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որը շրջանառվում է, կապիտուլյացիոն պայմանագիր է ՀՀ-ին անկախությունից, ազատությունից զրկելու մասին, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնալիք ներկայացնող փաստաթուղթ է։ Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է։ Իրենք գալիս, ժողովրդի ականջին արիշտա են կախում, թե մենք գնում ենք խաղաղության, իսկ ընդդիմությունն ասում է, որ այստեղ խաղաղություն չկա։ Այս ամենը դրդեց նրանց, որ խախտեն տեղեկատվության ազատության մասին օրենքը, խախտեն մեր սահմանադրական իրավունքները և ձեր իրավունքները տեղեկանալու, թե ձեր թիկունքում ինչ փաստաթուղթ են ստորագրում Փաշինյանը և Ալիևը»։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի ելույթին և նրա՝ այն դիտարկմանը, թե ՀՀ-ն արտաքին ագրեսիայի չի ենթարկվել, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Որքան հիշում եմ այդ ելույթի մասին, Վլադիմիր Պուտինը խոսում էր ԼՂ-ի մասին։ Ես վստահ եմ, որ ՀՀ-ն ագրեսիայի ենթարկվել է և հիմա էլ ենթարկվում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031