Լրահոս
Օրվա լրահոսը

Վկաների նախաքննական ցուցմունքները մեկին մեկ կրկնվում էին, երեւում էր՝ մի մարդու գրած է. Ռոստոմյան

Դեկտեմբեր 02,2024 15:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր-Նորքի նստավայրում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը:

Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը նիստը նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, դատավորը մերժեց:

Իսկ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը պայմանավորված էր Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նախորդ նիստին փաստաբանի ներկայացրած միջնորդության մերժմամբ: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատավորին հիշեցրեց, որ այդ նույն հիմքերով Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարան ներկայացրած իր բողոքը բավարարվել էր խափանման միջոցն էլ փոխվել է:

Փաստաբանը դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորեց նրա կողմնակալությամբ: Դատարանը, սակայն մերժեց նաեւ այս միջնորդությունը:

Հարցաքննվեցին նաեւ գործով երկու վկա, ոստիկաններ:

«Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը (լուսանկարում) նիստից հետո լրագրողների հետ զրույցում վկաների ցուցմունքների վերաբերյալ ասաց. «Ոստիկանության ներկայացուցիչներ էին, բոլորն էլ անխտիր ներկայացրին, որ չեն հիշում որեւէ բան՝ ո՛չ օրը, ո՛չ դեպքը: Կարդացին նրանց նախաքննական ցուցմունքները, իսկ դրանք մեկին մեկ կրկնվում էին: Հստակ երեւում էր, որ մի մարդու գրած է: Վկաներն էլ ասացին՝ ինչ այն ժամանակ ասել ենք, դա հիմք ընդունեք: Իմ տպավորությամբ՝ նախաքննական ցուցմունքը թելադրված է եղել»:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել ՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, անցած տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ցույցին, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031