Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Ուկրաինայի սցենարով գնացող Վրաստանը նաեւ Հայաստանի կործանումն է. Էդմոն Մարուքյան

Դեկտեմբեր 02,2024 15:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամում տեսանյութ է հրապարակել եւ գրառում է կատարել, որով կոչ է անում ձեռնպահ մնալ Վրաստանի ու որեւէ այլ երկրի ներքին գործերին միջամտելուց. «Քիչ առաջ նկատեցի, որ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ընտրությունների, հետընտրական պրոցեսների վերաբերյալ եւ իր աջակցությունը հայտնել Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի ժողովրդին, որոնք պայքարում են ինքնիշխանության համար: «Հանրապետություն» կուսակցությունը նաեւ ասում է, որ Վրաստանում ընտրությունները կեղծվել են: Ես ուղղակի որպես մեկ այլ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար կարող եմ ասել, որ մեր կուսակցությունից դիտորդներ են եղել ընտրությունների ժամանակ, Հայաստանից էլ բազմաթիվ դիտորդներ են եղել ՀԿ-ներից, եւ դիտորդները, ում հետ շփվել եմ, ովքեր մեզ տեղեկատվություն են փոխանցել, այդ զանգվածային կեղծիքների մասին որեւէ տեղեկություն չունեն, իսկ ինչ-ինչ դեպքեր էլ որ եղել են, տվյալ տեղամասերում ընտրություններն անվավեր են ճանաչվել: Մի քանի հարցազրույցներում սրա մասին խոսվել է:

Բայց այդ ամեն ինչը մի կողմ՝ Հայաստանի որևէ կուսակցության ի՞նչ գործն է հարեւան պետության ներքին խնդիրը, Հայաստանի Հանրապետության որեւէ կուսակցություն կամ ՀԿ հարեւան երկրների ներքին խնդիրների վերաբերյալ ինչու պետք է այլ պետության ներքին գործերին միջամտող հայտարարություններ կատարի։ Սա ի՞նչ պրակտիկա է, ուղղակի զարմանալի է»:

Էդմոն Մարուքյանը փաստում է. «Վրաստանում, ըստ էության, Ուկրաինայի դեպքերի նման դեպքեր են տեղի ունենում, տեսնում եք, որ հայտարարում են՝ սա նման է Մայդանի պրոցեսներին, Մայդան կարող է լինել, նաեւ հայտարարում են՝ թույլ չենք տալու Մայդանը: Մի հատ եկեք հիշենք, թե ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում՝ եղել է Մայդան, որից հետո հեղափոխություն, հեղաշրջում, իշխանափոխություն, տարբեր կարծիքներ կան դրա վերաբերյալ, որից հետո Ուկրաինան ընկղմվել է եղբայրասպան պատերազմի մեջ, ապա 10 միլիոնից ավել մարդ երկրից դուրս է եկել որպես փախստական, հանգրվանել տարբեր երկրներում: 100 հազարավոր զոհերի մասին է խոսք գնում, երկրի 20 տոկոսից ավելին այլեւս իրենց տիրապետության տակ չէ: ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ են անցնում ամեն օր գյուղեր, քաղաքներ, դրան գումարած՝ նաեւ հողին է հավասարեցվում ամբողջ տնտեսությունը, էներգաինստիտուտները, էլեկտրական բաշխիչ կենտրոնները: Միլիարդավոր դոլարների եւ երկար ժամանակով անդառնալի վնասներ է հասցվում Ուկրաինայում:

Եվ այդ ամենը սկսվել է այնպես, ինչպես հենց հիմա տեղի է ունենում Վրաստանում: Երբ ես շփվում եմ Վրաստանի այլ քաղաքացիների հետ,եւ ոչ միայն ընդդիմադիրների, մարդիկ ասում են՝ Ուկրաինայի օրինակը բավարար չէ, որ գիտակցենք այս ամենը: Դրան գումարած՝ մարդիկ ասում են՝ պատերազմ է լինելու: Ինձ Վրաստանի քաղաքացին ասում է՝ եթե իշխանափոխություն տեղի ունենա այն ճանապարհով, ինչը հիմա տեղի է ունենում՝ ցույցերի, բողոքի ակցիաների ու փողոցի միջոցով, երկիրն ընկղմվելու է պատերազմի մեջ…»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը շեշտում է. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար շատ կարեւոր է, որ ունենանք խաղաղ, կայուն, զարգացող Վրաստան: Վրաստանը մեզ համար ծայրահեղ կարեւոր պետություն է, մենք առաջին հերթին չպետք է միջամտենք այդ երկրի ներքին գործընթացներին, եւ եթե ինչ-որ կոչերով հանդես ենք գալիս, այդ կոչերը պետք է լինեն խաղաղության մասին, հայտարարությունը որեւէ կողմի աջակցության մասին չպետք է լինի… Մեզ պետք է խաղաղ Վրաստան, մեզ պետք չէ Ուկրաինայի սցենարով գնացող Վրաստան: Ուկրաինայի սցենարով գնացող Վրաստանը նաեւ Հայաստանի կործանումն է, այդքանը դժվա՞ր է հասկանալ: Ընդհանրապես, ՀՀ որեւէ ներպետական ինստիտուտ իրավունք չունի այլ պետության ներքին գործերին միջամտելու»:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031