«Առավոտի» զրուցակիցն է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
–Արցախցիների բողոքի ցույցը հետաձգվեց, քանի որ դուք հայտարարեցիք, որ Հայաստանի կառավարության անդամների հետ եք հանդիպել, նրանք ասել են, որ պատրաստ են քննարկել արցախցիների բարձրաձայնած խնդիրները։ Կառավարությունը պատրա՞ստ է ընդառաջել եւ փոփոխել արցախցիների համար իրականացվող սոցիալական ծրագրերը։
-Ասեմ, որ որպես այդպիսին ակցիան չի չեղարկվել, մենք ուղղակի ձեւաչափն ենք փոխել, որովհետեւ կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, համաձայնության եկան, որ գործընթացները պետք է տեղափոխել ավելի լայն հանրային քննարկման դաշտ։ Եվ դրանից ելնելով՝ մենք այս փուլում գնացինք դրան, որ սպասենք՝ մինչեւ այդ քննարկումները կլինեն, կհասկանանք, թե ինչքանով են փոփոխությունները նպաստավոր լինելու կամ ինչքանով են այդ փոփոխությունները բխելու բռնի տեղահանվածների հիմնական շահերից։ Եվ ըստ այդմ՝ արդեն մեր հիմնական քայլերը կձեռնարկենք։
Հիմնականում խոսել ենք բնակապահովման ծրագրի վերանայման մասին։Սա այս պահին առաջնային խնդիր է, որովհետեւ ինչքան էլ մենք կարճաժամկետ ծրագրերի վերաբերյալ փորձենք առաջարկներ ներկայացնել եւ պահանջներ դնել, որ սոցիալական աջակցությունը պետք է շարունակվի, բայց մենք գիտենք, որ ամենակարեւորը բնակապահովման ծրագրի իրագործումն է, որը երկարաժամկետ հատվածում է լուծում խնդիրները։ Բնակապահովման ծրագիրն իր մեկնարկի օրվանից մինչ այսօր որեւէ լուրջ դրական միտում չի գրանցել։ Դրանից ելնելով՝ հանրային քննարկման է դրվել, որպեսզի որոշակի փոփոխություններ արվեն դրանում, սակայն դա էլ բավարար չէ։ Այն հիմնական կետերը, որոնց պատճառով տեղահանվածները չեն կարողանում դիմել ծրագրին, դեռեւս չեն վերանայվել։
Կարդացեք նաև
Մենք երկու օր երկուական ժամով բավական երկար քննարկում ենք ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ եւ որոշ հարցերի շուրջ եկել ենք որոշակի համաձայնության։ Առաջնայիններից մեկը բնակապահովման ծրագրով մեկ անձին տրամադրվող գումարի չափն է, որն իմ առաջարկով պետք է վերանայվի բոլոր բնակավայրերում։ Մեզ համար առաջնային է, որ բազային գումարի վերանայում կատարվի, եւ հաշվարկների հիմքում դրվեն անշարժ գույքի շուկայի գները, ոչ թե կատարված գործարքների չափը։
Առաջարկում ենք նաեւ քաղաքացիությունը չդիտարկել որպես պարտադիր պայման՝ ծրագրին դիմելու պահին։ Լրացուցիչ վարկ ձևակերպելու պարագայում նախատեսել որոշակի արտոնություններ՝ կանխավճարի հետ կապված, ինչպես նաեւ հաշվի չառնել վատ վարկային պատմությունը։ Առաջարկում ենք նաեւ հնարավորություն տալ զոհված եւ կերակրողին կորցրած անձանց ընտանիքներին՝ օգտվելու առավելագույն գումարի սահմանաչափից՝ անկախ բնակավայրի ընտրությունից։ Մինչև չորս անձից բաղկացած ընտանիքների համար նախատեսել հատուկ պայմաններ, հստակեցնել սոցիալական բնակարանների տրամադրման կարգը և ժամկետները։
-Արցախցիների համար խնդիր է նաեւ դրամական աջակցության ծրագրի պայմանների փոփոխությունը, ըստ կառավարության որոշման՝ ապրիլ ամսից նրանց մեծ մասը զրկվելու են այդ աջակցությունից։ Դուք առաջարկում եք ապահովել գործող ծրագրի շարունակականությունը՝ մինչեւ յուրաքանչյուրին սեփական տներով ապահովելը։ Այսինքն՝ 2025թ ապրիլից աջակցությունը տրամադրել սեփականություն չունեցող բոլոր ընտանիքներին՝ առանց խոցելիության ու տարբերակումների՝ հավասարաչափ: Կառավարությունում ի՞նչ տեսակետներ կան այս հարցի շուրջ։
-Այո, մենք առաջարկում ենք այդ աջակցությունը հատկացնել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ ապահովված չեն լինի սեփական տանիքով։ Դրա համար առաջնային առաջարկն այն է, որ ծրագիրը շարունակվի, եւ դրան զուգահեռ՝ բնակապահովման ծրագիրը հնարավորինս լավարկվի այն աստիճանի, որ տեղահանված անձը դիմի ծրագրին։ Եթե տեսնենք, որ շատ մեծ դիմելիություն կա, դրանից հետո արդեն կարելի է վերանայել սոցաջակցության ծրագրերը։ Այս պահին ՀՀ-ն փախստականներին՝ որպես սոցիալական աջակցության տակ վերցված անձանց, սոցիալական բնույթի ընդամենը մեկ աջակցություն է տրամադրում։ Իհարկե, զբաղվածության ծրագրեր կան, բայց դրանք սոցիալական աջակցություն չեն ենթադրում։
–Արցախցիների պահանջը միայն սոցիալակա՞ն է, կան մարդիկ, որ փորձում են ներկայացնել, թե արցախցիները աջակցության գումարների համար են պայքարում։ Որպեսզի թյուրիմացություն չլինի, կխնդրեի մեկնաբանել՝ ո՞րն է արցախցիների պահանջը։
– Արցախցիների պահանջը ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում սոցիալական պահանջներով, սա, կարելի է ասել, մեր ապրելու իրավունքի համար պայքար է, անհատի ապրելու իրավունքն է։ Եվ այդ ապրելու իրավունքն իր մեջ ներառում է տարբեր բաղադրիչներ, որից մեկը սոցիալականն է։ Կան կազմակերպություններ, անհատներ, ովքեր իրավական հարցերով են զբաղվում։
Եթե մենք այս պահին շեշտը դրել են սոցիալական հարցի վրա, դա նշանակում է, որ մարդը նաեւ պետք է ունենա արժանապատիվ ապրելու պայմաններ այն երկրում, որտեղ այդ պահին փաստացի բնակվում է։ Բայց եթե մենք այսօր ասում ենք, որ արժանապատիվ պայմաններ ենք պահանջում, դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք վերադարձի իրավունքից։ Սրանք տարբեր հարթություններում գտնվող հարցեր են, եւ ես ճիշտ չեմ համարում մեկնաբանությունները, երբ սա համարվում է զուտ ստամոքսի կամ փողի խնդիր, սա ուղղակի իրավունքների իրացում է։ Եթե անձը տվյալ երկրում ճանաչվել է փախստական, ապա պետությունը որոշակի հանձնառություններ ունի այդ փախստականի նկատմամբ։ Եվ մենք այդ իրավունքների համար ենք պայքարում, որի մեկ բաղադրիչը սոցիալական բաղադրիչն է; Բայց մենք երբեւէ չենք հրաժարվում մեր այն հիմնական իրավունքից, որը վերադարձի իրավունքն է։ Այդ վերադարձի իրավունքն իրացնելու համար միջազգային երաշխիքներ պետք է տրվեն արցախցիներին, որպեսզի նրանք վերադառնան։ Բայց եթե մարդն այս պահին ապրում է այստեղ եւ օրվա ապրուստի խնդիր պետք է լուծի, իհարկե, պետք է ուշադրության կենտրոնում լինեն նաեւ սոցիալական հարցերը։
–Հաջորդիվ սպասում եք կառավարության գործողությունների՞ն, որպեսզի որոշեք հետագա քայլերը։
-Ակնկալում ենք արդեն ավելի լայն հանրային քննարկումներ, որտեղ կոնկրետ թիրախային կուսումնասիրվեն եւ խնդիրները, եւ տեղահանվածներից կստանան առաջարկներ, որպեսզի չասվի, որ սա ինչ-որ միավորումների նեղ անձնական ցանկությունն է։ Սա բոլոր տեղահանվածների խնդիրն է, եւ մենք պետք է դրա վրա հիմնական շեշտը դնենք, կառավարությունն ուսումնասիրի այդ կարիքները, ըստ այդմ՝ գնա վերանայման։ Առաջնայինը հենց բնակապահովման ծրագիրն է, որը պետք է վերանայվի։ Եվ արդեն դրան զուգահեռ՝ սոցիալական աջակցության տրամադրման շարունակակության հարցի քննարկումը, ինչպես նաեւ զբաղվածության իրատեսական ծրագրերի իրականացումը։ Այսինքն՝ սա մի շղթա է, բոլոր հարցերը միմյանց փոխկապակցված են, եւ սա պետք է բերվի հանրային լայն քննարկման դաշտ։ Արդյունքներ ունենալուց հետո արդեն մենք մեր հետագա քայլերը կմշակենք։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ