Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք անցյալով չեմ խոսել ու չեմ խոսելու որդուս մասին, որովհետև նա կա, ես իմ որդուն սպասում եմ»․ անհետ կորած զինվորի մայր

Դեկտեմբեր 02,2024 14:31

«Երբեք անցյալով չեմ խոսել ու չեմ խոսելու որդուս մասին, որովհետև նա կա, ես իմ որդուն սպասում եմ»,- 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Նվարդ Պետրոսյանը սպասում է որդուն՝ Գարիկին։

ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ գյուղում Նվարդ Պետրոսյանն ապրում է հարսի և 6-ամյա թոռնուհու հետ։

Մեզ հետ զրույցում նա երբեմն չկարողանալով թաքցնել արցունքները, ասաց՝ նկարագրելու չէ այն հոգեվիճակը, որը իրենք՝ ծնողները զգում են։

52-ամյա Նվարդ Պետրոսյանը որդու հետ վերջին անգամ խոսել է 2020-ի հոկտեմբերի 20-ին՝ մինչև կեսգիշեր։ Արցունքն աչքերին մայրը պատմեց․ «Ասաց՝ մա′մ ջան, մի քանի օր անհասանելի կլինեմ, չանհանգստանաք, ուղղակի անվտանգությունից ելնելով՝ հեռախոսներն անջատված կլինեն»։

Տիկին Նվարդը հիմա, որ հետահայաց նայում է այդ խոսակցությանը, նոր է հասկանում՝ որդին գիտակցել է, թե ուր է գնացել, և ինչ կարող էր լինել։ Նվարդ Պետրոսյանի որդին ծառայում էր Էջմիածնի «Քիմիկների զորամասում»։ Երբեք չէր էլ մտածել, որ իր որդուն հնարավոր է ուղարկեն մարտերի։ Որդին հոկտեմբերի 8-ին դեռ արձակուրդում է եղել, բայց որր իմացել է մարտեր են, ասել է՝ մամ իմ ընկերները գնան, ես չգնա՞մ։ Եվ արձակուրդն ընդհատել ու գնացել է ծառայության։

Ըստ հարուցված քրեական գործի՝ 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում հակառակորդի հետ մարտի բռնվելու հետեւանքով «Քիմիկների զորամասի» 5 զինծառայող գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23 զինծառայողի եւ 1 վարորդի գտնվելու վայրը մինչ այսօր անհայտ է: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, Զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին, 2020 թ.նույն զորամասի շտաբի նախկին պետ Սարգիս Կուլակչյանին եւ կապիտան Էլլադա Հարությունյանին:

Գարիկի կինը սկեսրոջը պատմել է, թե ինչպես է գնալիս Գարիկը հարազատ փողոցում կանգնել, հետ նայել դեպի կնոջն ու երեխային՝ կարծես վերջին հրաժեշտը տալով։ Գարիկն այժմ 34 տարեկան է։

Մայրն էլ մեզ հետ զրույցում պատմեց․ «Ասում էր՝ ծառայեմ, վերջացնեմ, տներս պիտի սարքեմ։ Մեր բակի դիմացի հատվածը բաց էր, էդ օրը որ պետք է գնար, առավոտ շուտ դուրս է եկել, տանն ինչ նյութեր կային, դրանցով փակել է տանիքը, որ տան վրա անձրև չգա։ Այսինքն՝ ինքը մտածել է, որ կարող է և այլ բան էլ լինել․ գոնե սրանով տանս ապահովեմ»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հոգեբանի ուղեկցությամբ Նվարդ Պետրոսյանենց տանը նրա հետ ունեցած զրույցում ասաց՝ երբ փաստերը համադրում է՝ այդ թվում նաև այն, որ իր որդուց երեք օր շարունակ լուր չունենալով, երբ այցելել է զորամաս, հրամանատարն իրեն չի ընդունել, վերջացրած դատավարության ընթացքում հնչած վկայությունները, եկել է այսպիսի եզրահանգման․ «Անդրանիկ Մակարյանը լավ էլ իմացել է, որ տարածքը գրավված է ու մտածված հոկտեմբերի 20-ին զորքին հանձնարարել է՝ մտեք տարածք։ Մասնագետ չի եղել զորքին ուղեկցողը, որ պետք է գնային «Կիրի հանքի» տեղանքում սպասեին, միանգամից Զանգելանի տարածք է մտցրել զորքին, ու միանգամից ընկել են շրջափակման մեջ։ Եղել են նաև վարձկաններ ու հատուկ ջոկատայիններ։ Երեք ավտոբուսով են գնացել, առանց զրահաբաճկոնի, ընդամենը մի պարկուճ փամփուշտով։ Այսինքն՝ Անդրանիկ Մակարյանը գիտակցված հրաման է տվել, որ էրեխեքին տանեն տարածք, որը գրավված է եղել դեռևս ամսի 18-ին»։

Նվարդ Պետրոսյանը նշեց՝ չի մնացել որևէ պետական կառույց, դեսպանատուն, որտեղ իր որդու հարցով այցելած չլինի․ «Ոչ մի պետական կառույցից ես սպասելիք չունեմ։ Այդպիսի պետական կառույց չկա, որտեղ ես գտնված չլինեմ՝ Փաշինյանից սկսած։ Ես այս չորս տարվա մեջ այնքան բանի միջով եմ անցել, որ ընդհանրապես ոչնչից չեմ վախենում»։

«Երբեք պետական դռներից հույսով լցված չեմ եկել, միշտ կոտրված եմ եղել ինձ իմ աստվածային հավատն է ուժ տվել»

Նվարդ Պետրոսյանենց տանը մեկ ժամից ավելի տևած զրույցում տիկին Նվարդն ասաց՝ երբ հուսահատվել է, ինքն իր մեջ ուժ է գտել ու ինքն իրեն խոստացել․ «Ես իմ Գարիկի ընտանիքը պիտի պահեմ, որ նա գա ու իր ընտանիքը լիարժեք տեսնի։ Այդ միտքն է ինձ ուժ տվել, որ ես պետք է ուժեղ լինեմ, ամուր, կանգնուն մնամ հողի վրա, որովհետև իմ երեսին են նայում իմ թոռնիկն ու իմ հարսը։ Ես, որ ընկճվեմ, թուլանամ, իմ տղայի հարցերն ո՞վ պետք է լուծի, ո՞վ պետք է գնա պետական դռները իմ տղային որոնելու։ Բայց պետական դռներից երբեք չի եղել, որ գամ հույսով լցված, միշտ կոտրված եմ եղել»։

 

Ըստ Նվարդ Պետրոսյանի՝ քիչ թե շատ COP29-ի հետ կապված հույսեր ունեին, թե գոնե միջազգային կառույցները կստիպեն Ալիևին գերիներ վերադարձնել, բայց դա էլ տեղի չունեցավ․ «Չեք պատկերացնի՝ ինչ անորոշության մեջ ենք, որ չորս տարի շարունակ թակում եմ դռներ և ակնկալիք չունեմ։ Անգամ երկրի ղեկավարը քեզ տալու պատասխան չունի»։

Անհետ կորածների ծնողներին դեռ ամառվանից սկսած չի հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նվարդ Պետրոսյանը վրդովված ասաց․ «COP29-ից առաջ էլ չընդունեց։ Փոխանցել էր, որ COP29-ից հետո ասելիք կունենա։ Ինչպես տեսնում եք՝ ոչ մի բան։ Պիտի զանգեին, կանչեին, որ COP29-ից հետո տեղեկություն տար, թե իբր Ադրբեջանն ինչ դիրքորոշում ունի գերիների հետ կապված։ Մենք քիչ թե շատ հույս ունեինք, որ վարչապետ է ասում, բայց․․․ Ժամանակին, երբ մենք հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանին, երբ պատմեցինք մեր տղաների պատմությունը, Վաղարշակ Հարությունյանը կողքին նստած էր․ շուռ եկավ, նրան ասաց՝ բայց տենց բան հնարավո՞ր է, նա էլ ասաց՝ չէ, չեմ կարծում։ Ինքը՝ որպես վարչապետ մեր դիմաց նստած անորոշություն էր տեղով։ Ինքը մեզ պատասխանել է՝ գիտե՞ք մեր դիմաց ինչ թշնամի է։ Բա դու երկրի ղեկավար ես, ի՞նչ ես անում, հո միայն հանձնելո՞վ չէ։ Այս տարի ամռանը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում էլ ենք հիսուն աստիճան ջերմության տակ սպասել, էլի չընդունեց Փաշինյանը։ Ինչքան վիրավորական է, որ ես գնամ, ասֆալտի վրա նստեմ, Փաշինյանը մեզ չընդունի, գոնե մի հատ խաբեր, էդ էլ չարեց, դեռ մի բան էլ անցնող- դառնողը թքեի՞ն մեր երեսին»։

Հասարակության վերաբերմունքը համարժեք չէ Նվարդ Պետրոսյան

Նվարդ Պետրոսյանին ապրելու ուժ է տալիս թոռնիկը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող տնտեսական ծրագրերի շնորհիվ գոմ է սարքել, փոքրիկ հավաբուն ունի, աշխատանքին զուգահեռ՝ փորձում է իր տնտեսությունը վարել, որպեսզի տունը կանգուն պահի, որ որդին գա՝ տեսնի իր ընտանիքը լավ է ապրում։

Տարիներ շարունակ որդուն սպասող Նվարդ Պետրոսյանը համարժեք չի համարում հասարակության վերաբերմունքը։ Մեզ հետ զրույցում ասաց․ «Մեզ քիչ թե շատ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակն է աջակցել։ Ծնողների հավաքները, հոգեբանական աջակցությունը։ Դա օգնում է։ Շնորհակալ ենք, որ մեզ՝ ծնողներիս հավաքեցին, տեսնում ենք, որ մեր կողքին մեր ցավով տառապող, մեր ցավը կիսող մարդիկ կան․ ոնց որ մի քիչ թեթևանաս դրանից»։

Նվարդ Պետրոսյանի համար, սակայն, հարցականներ կան նաև ԴՆԹ թեստի հետ կապված։ Ըստ տիկին Նվարդի՝ այս հարցով որոշ պատասխաններ ստանում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մասնագետներից։

 

Դժվար էր հրաժեշտ տալը տիկին Նվարդին, նրա հարսին ու թոռնիկին։ Թոռնիկը մեզ ուղեկցող հոգեբանի հետ էր խաղում․ բաց չէր թողնում նրան։ Տիկին Նվարդն այդ ընթացքում ցույց տվեց իրենց բակի փոքրիկ ծաղկանոցը ու պատմեց․ «Գարիկը շատ էր սիրում այս ծաղկանոցը, վարդերն էր շատ սիրում։ Ուզում եմ՝ ծաղկանոցը բարեկարգել, մեծացնել, որ իմ Գարիկը գա ու իր բակը գեղեցիկ տեսնի»։

Նվարդ Պետրոսյանը, նշելով, թե ինչ դժվարությունների միջով է անցել, մեզ խորհուրդ տվեց՝ ձեր հոգում միշտ հավատը պահեք․ «Ես մի փոքր ծաղիկով, լույսով, անձրևով, ձյան փաթիլներով կարող եմ երջանկանալ՝ դրանում իմաստ գտնելով։ Ես սիրում եմ գույները։ Մեջս գորշություն էր, դատարկություն ցավ։ Բայց ես իմ մեջ ուժ գտա, հասկացա՝ դա սխալ է․ եթե իմ հույսը մեռավ, ես մեռած եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031