«Այս գործընթացն ամբողջությամբ կազմակերպել է կուսակցության վարչությունը։ Որևէ գյումրեցի ներգրավված չէ՝ այս գործընթացում անաչառությունն ապահովելու համար։ Տեղեկատվությանը չենք տիրապետում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։
Լրագրողները խնդրեցին գնահատել իր շանսերը՝ որպես Գյումրու ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, պատգամավորը պատասխանեց․ «Գյումրեցին է տալու այդ մանդատը։ Չեմ կարող ասել։ Գյումրին յուրահատուկ քաղաք է․ Գյումրին կամ շատ սիրում է կամ չի ընդունում։ Գյումրեցիներն իրենք կորոշեն, թե ում են տեսնում՝ որպես քաղաքի ժամանակավոր պաշտոնակատար»։
Դիտարկմանը՝ լուրեր կան, որ առաջադրվածներից ամենամեծ շանսերն ունի Աննա Հակոբյանի բարեկամը՝ Վահագն Մկրտչյանը, Դավիթ Առուշանյանն այսպես արձագանքեց․ «Դա լինելու է խիստ անաչառ, վերահսկելի և այն, ինչ փորձում են շահարկել պարոն Մկրտչյանի անվան, ազգակցական կապերի հետ կապված, այս պարագայում որևէ ազդեցություն չի ունենալու»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ sms հաղորդագրությամբ անձանց պաշտոնից ազատելու մասին հարցերին՝ Դավիթ Առուշանյանն ասաց․ «Իսկ գուցե կուսակցության ղեկավա՞րն է ուղարկել հաղորդագրություն։ Այն կուսակցության ղեկավարը, որն այսօր իշխողն է ու նաև վարչապետն է։ Մենք ի՞նչ գիտենք՝ վարչապետը ուղարկել է հաղորդագրություն՝ որպես վարչապե՞տ, թե որպես կուսակցության ղեկավար։ Հարց էլ է՝ sms ուղարկե՞լ է, թե զրուցել է։ Օրինակ՝ ես ընկալել եմ՝ որպես կուսակցության ղեկավարի խնդրանքն իր կուսակից ընկերոջը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից