Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ոմանց ակտիվ աշխատանքն է, որ եկանք, հասանք այս կետին, որ ես ստիպված պետք է անկախ պատգամավոր մնամ»․ Գեղամ Նազարյան

Դեկտեմբեր 02,2024 13:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստան» խմբակցությունում՝ հատկապես «Հայաստան» դաշինքի առաջնորդը, պետական մտածողություն ունեցող մարդիկ են։ Երբ ես արտահայտում եմ ինչ-որ կարծիք, կամ բարձրաձայնում, իմ ընկերները հարվածի տակ են դրվում, քանի որ մանիպուլյացիոն մեկնաբանություններ են անում, որը խմբակցությանը հարվածում է»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա ասաց՝ իր ընկերների հետ պայմանավորվել է, որ խմբակցությունից դուրս է գալիս։ Իր հայտարարությունների հետ կապված շահարկումները Գեղամ Նազարյանը պարզաբանեց․ «Ես ասում եմ՝ մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պաշտոնական խնդիր դրել ենք դեռ մինչև խորհրդարանական ընտրություններ։ Եվ դրա համար էին պայքարում։ Այդ պայքարը բերեց նրան, որ հասանք արտահերթ ընտրությունների։ Արտահերթ ընտրություններին մենք հո չէինք մասնակցում, որ գնանք խորհրդարան՝ որպես ընդդիմություն։ Մենք խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք, որ ձևավորենք իշխանություն, սա պարզ է, չէ՞։ Եթե դու մանդատը վերցնում ես, չես կարող ասել՝ չեմ գնալու խորհրդարան, նիստերին չեմ մասնակցելու։ Եթե դու դա չես անելու, ավելի լավ է ասես՝ մանդատս չեմ վերցնելու։ Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանն էլ այն դիրքորոշման էր, որ եթե պատգամավոր ես, պետության ու ընտրողի նկատմամբ պիտի ազնիվ լինես ու գնաս պատգամավոր աշխատես։ Ամոթ չէ պատգամավոր լինելը։ Խնդիրը մեկնաբանություններն են»։

Նա վստահեցրեց՝ Իշխան Սաղաթելյանի հետ ունի ջերմ ու ընկերական հարաբերություններ ու ասաց․ «Սա ոմանց ակտիվ աշխատանքն է, որ եկանք, հասանք այս կետին, որ ես ստիպված պետք է անկախ պատգամավոր մնամ։ 2022-ից սկսած իմ դեմ ֆեյսբուքյան գրառումներ եմ նկատում, սուտ, կեղծ, լայն քննարկման, զոհված հերոս տղերքի ծնողների որոշ խմբավորման միջոցով իմ դեմ պայքարում էին։ Ես համեստորեն լռում էի, ասում էի՝ լավ այս փուլն էլ կանցնի։ Մինչև հիմա պատճառը չեմ հասկանում, թե ինչու»։

Իր հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին ներել է, Գեղամ Նազարյանն այսպես պարզաբանեց․ «Հայ ժողովուրդը չգիտի՝ ինչ է ներելը։ Ներել հասկանում են հաշտվել, մոռանալ։ Բայց ներելը քրիստոնեական հասկացություն է․ կխնդրեի՝ գնաք լուրջ հոգևորականի ասեք՝ ինչ է ներելը։ Երբ ասում եմ Նիկոլ Փաշինյանին ներել եմ, դա չի նշանակում, որ ես հասկացել եմ, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, կամ նրա գործողությունները օրինաչափ էին կամ որ նա չպետք է պատասխան տա այն որոշումների համար, որոնք հանգեցրին ծանր կորուստների, մեր տների ողբերգության, արհավիրքի, մեր տների կործանման»։

Հարցին՝ ո՞վ է պատասխանատու պատերազմի և կորուստների համար, Գեղամ Նազարյանն այսպես պատասխանեց․ «Ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին և ոչ միայն նրան։ Բոլորն են փորձում ասել՝ բերեք՝ ասենք՝ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու անցնենք, գնանք։ Մեր գրականությունը, պատմագիտությունը բերել է նրան, որ այ, էս ճակատամարտը պարտվեցինք, որովհետև մի դավաճան կար։ Մեզ բերել, հասցրել են նրան, որ մի հոգի կարող է որոշել ազգի ճակատագիրը։ Բա մնացա՞ծը ինչ էին անում։ Նիկոլ Փաշինյանը մեծ մեղավորություն ունի, բայց դա չի նշանակում, որ ինքը մենակ է եղել»։

Գեղամ Նազարյանն ասաց, որ ինքն ունի այն հարցի պատասխանը, թե ովքեր են մեղավորները, բայց կասի այն ժամանակ, երբ զգա, որ դրանով օգուտ է տալիս երկրին։

Ռոբերտ Քոչարյանի հետ իր հարաբերությունների մասին էլ ասաց․ «Շնորհակալություն եմ հայտնում Ռոբերտ Քոչարյանին, որ ինձ ընդգրկեց այս ցուցակում, ինչը հնարավորություն տվեց ինձ մտնել խորհրդարան։ Շնորհակալ եմ, որ մեր զրույցը բարձր մակարդակով եղավ, մենք իրար ձեռք սեղմեցինք, ոչ թե, որ հրաժեշտ տվեցինք, այլ որ ընկերներ ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գեղամ Նազարյանը՝ մակագրելով. «Առանց մեկնաբանության…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031