Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքի ծավալները». քննարկվել է դիվանագիտական աստիճանի տրվող հավելավճարի չափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը

Դեկտեմբեր 02,2024 12:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված Կառավարությունը լրացում եւ փոփոխություններ է կատարում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով՝ տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: «Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքի ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակներն, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին օղակի»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում մեր երկրի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու եւ լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց` ավելի լավ աշխատելու եւ կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաեւ ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար` բարելավելով դիվանագետների ծառայության վարձատրության պայմանները եւ բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը:

Ըստ Մնացական Սաֆարյանի` ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է` մասնագիտական բարձր որակավորում եւ բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Նշվել է, որ համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում` ելնելով վարձատրվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից:

Արտաքին գերատեսչության ներկայացուցչի տեղեկացմամբ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար հավելավճարները սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափն աճում է 1 տոկոսով: «Դիվանագիտական աստիճանները դիվանագետներին շնորհվում են Արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա եւ հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը»,- բարձրաձայնել է փոխնախարարը:

Օրենքի համաձայն` պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Մնացական Սաֆարյանի խոսքով օրենքով նաեւ նախատեսված են բացառություններ մի շարք պաշտոնների համար, որոնց վրա չի տարածվում հավելավճարի 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը:

Նշվել է, որ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերոնշյալ բացառության մաս չեն կազմում: Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառություններում ներառել նաեւ «դիվանագիտական ծառայություն» եւ «դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս ձեւակերպումները»:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է համակարգում առկա խնդիրների մասին, կարեւորել նախագծի ընդունումը: Պատգամավորի կարծիքով դիվանագետը պետք է ունենա արժանի վարձատրություն, ինչը հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ զբաղվել դիվանագիտական ծառայության գործառույթներով:

Նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031