JAMnews. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությունից հետո, որ երկիրը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը, բողոքի մեծ ալիք է բարձրացել Վրաստանի տարբեր քաղաքներում:
Սակայն դիմադրությունը չի սահմանափակվում միայն փողոցային ցույցերով: Արդեն ավելի քան հարյուր դպրոցներ ու համալսարաններ մեկը մյուսի ետևից հրապարակում են բաց նամակներ՝ հայտարարելով կառավարության հետ իրենց անհամաձայնության մասին և պահանջելով երկիրը վերադարձնել եվրաինտեգրման ուղին:
Մի քանի վրացի դիվանագետներ կառավարության քաղաքականությունը քննադատող հայտարարություններ են արել, նրանցից ոմանք լքել են իրենց պաշտոնները:
Դիվանագետներ
Կարդացեք նաև
Նոյեմբերի 29-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օտար Բերձենիշվիլին հեռանում է իր պաշտոնից: Այդ մասին նա գրել է X-ի իր էջում:
Բերձենիշվիլին նշել է, որ դիվանագիտական գործունեության երկու տարիների ընթացքում իր գործընկերների հետ ակտիվորեն մասնակցել է Վրաստանի եվրատլանտյան և եվրոպական ինտեգրման գործընթացներին: Նա համերաշխություն է հայտնել ցույցի մասնակիցներին:
Մեկ այլ դիվանագետ՝ Հարավային Կորեայում Վրաստանի դեսպան Տարաշ Պապասկուան, սոցցանցում գրել է.
«Ռուսաստանը շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքի 20 տոկոսը: Նա ավերիչ պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ: Պայքարում է Եվրոպայի ու ժողովրդավարական աշխարհի դեմ և սպառնում է գլոբալ անվտանգությանը: Այս իրավիճակում Եվրոպան և ՆԱՏՕ-ն մեզ պետք են ավելի, քան երբևէ: Ազատ աշխարհի կողմից ավելի շատ համերաշխության և աջակցության կարիք ունենք»:
Չեխիայում Վրաստանի դեսպան Թեա Մայսուրաձեն հայտարարել է, որ Վրաստանի համար, հատկապես ռուսական օկուպացիայի ֆոնին, Եվրամիությանն ինտեգրվելու այլընտրանք չկա:
Նոյեմբերի 28-ին կայացած վարչապետի ճեպազրույցից անմիջապես հետո սոցիալական ցանցերում տարածվել է Վրաստանի ԱԳՆ ավելի քան հարյուր աշխատակիցների համատեղ բաց նամակը: Նրանք հայտարարել են, որ համաձայն չեն Վրաստանի իշխանությունների՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները կասեցնելու որոշման հետ:
«Եվրամիության ընդլայնման ներկա ալիքը Վրաստանին տվել է եվրոպական ընտանիք վերադառնալու աննախադեպ, պատմական հնարավորություն: Այս իրավիճակը կապված է միջազգային քաղաքական իրադարձությունների հետ: Այս հնարավորությունից միակողմանի հրաժարումը կհանգեցնի ռազմավարական բացասական հետևանքների: Չի բացառվում, որ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին միանալու նման նպաստավոր պայմաններ այլևս չլինեն:
Ավելին, անդամակցության բանակցությունների գործընթացի կասեցումը կհանգեցնի երկրի մեկուսացմանը: Արևմտյան գործընկերների աջակցության բացակայության պայմաններում Վրաստանը մենակ կմնա այն սպառնալիքների դեմ, որոնք հատկապես ուժեղանում են միջազգային ասպարեզում ընթացող գործընթացների ֆոնին, մասնավորապես՝ անվտանգային ոլորտում»,- նշված է նամակում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: