Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ ապահովել երեխայի իրավունքների պաշտպանությունը». փաստաբան

Դեկտեմբեր 02,2024 13:00

Այս գործը նախկինում եւս աչքի է ընկել աղմկահարույց բացահայտումներով: ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի դրսեւորած անփութության արդյունքում երեխայի մորը դեռեւս 2022 թվականին հաջողվել էր անորոշ ժամկետով կասեցնել հարկադիր կատարողի գործողությունները, ինչին անդրադարձել էր «Առավոտ» օրաթերթը: Ընտանեկան կյանքի անթույլատրելի միջամտությունը հանգեցրել էր նրան, որ ավելի քան մեկ տարի երեխան զրկվել էր հորն ու եղբորը տեսակցելու հնարավորությունից: Որոշումը մեկ տարի անց վերացվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ գործով թույլ է տրվել մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում:

Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի տնօրենը մեկնել է արձակուրդ ճիշտ այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ ծանուցվել է աշակերտներից մեկի՝ դպրոց հաճախումները դադարեցվելու դեպքում իրավասու մարմիններին անհապաղ դիմելու մասին, այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց փաստաբան Հասմիկ Օհնիկյանը:

Բանն այն է, նախապես ճշտված ամսաթվերին երեխային տեսակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն էին ժամանալու երեխայի հայրը եւ ավագ եղբայրը: Վերջիններիս տեսակցություններին չխոչընդոտելու շուրջ նախապես երեխայի մոր հետ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմը բացատրական աշխատանքներ էր տարել: Քանի որ մայրը տեղեկացված էր երեխայի ընտանիքի անդամների ժամանման ամսաթվի մասին, իսկ նախկինում արդեն իսկ դրսեւորել էր օրինական ուժ ստացած դատական ակտի կատարումը ձախողող վարքագիծ, այդ թվում՝ երեխային թաքցրել հայր-ծնողից եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներից, առկա էր մտավախություն, որ այս անգամ նույնպես մայրը կարող էր երեխային թաքցնել, իսկ նրան լիարժեք վերահսկողության տակ պահելու նպատակով անգամ դադարեցնել դպրոց հաճախումները:

Փաստաբանը Երեւանի քաղաքապետարանից խնդրել էր երեխայի իրավունքների հնարավոր խախտումը բացահայտելու եւ կանխելու նպատակով ուսումնական հաստատության ղեկավարին՝ Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանին հանձնարարել նշված ամսաթվերին երեխայի դպրոց հաճախումները դադարեցվելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին:

Դիմումով ներկայացված պահանջը հետագայում քննարկվել էր նաեւ Երեւանի քաղաքապետարանի Երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության աշխատակցի եւ ղեկավարի հետ: Սկզբում երեխայի իրավունքների պաշտպանության հարցում պատասխանատու հիշյալ վարչությունում չէին ընդունել հարցի հետ իրենց առնչությունը: Հետագայում, սակայն, Երեւանի քաղաքապետարանից փաստաբանը տեղեկանում է, որ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի միջոցով դպրոցի տնօրենը տեղեկացվել է նույն դպրոցի աշակերտի հաճախումները դադարեցվելու դեպքում համապատասխան մարմիններին անհապաղ հայտնելու պահանջի մասին:

Երբ երեխայի հայրն ու ավագ եղբայրը ժամանել են Հայաստան, երեխային տեսակցելու նպատակով այցելել են նրա բնակության վայր:

«Ինչպես կանխատեսվում էր, երեխան բնակության վայրում չի եղել, նրա եւ մոր հեռախոսահամարները եղել են անհասանելի: Հետագա օրերին դուռը կրկին փակ է եղել: Չեն արձագանքել նաեւ միեւնույն շենքում բնակվող տատու բնակարանից: Այս անգամ արդեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակցի հետ իմ վստահորդն այցելել է Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոց, ուր փոխտնօրեն ներկայացած անձը հայտնել է, որ երեխան երեք օր է, ինչ չի հաճախում դպրոց (այսինքն՝ ճիշտ այն օրերից, երբ Հայաստան են ժամանել երեխայի հայրը եւ եղբայրը): Փոխտնօրեն ներկայացած անձը նաեւ հավելել է, որ մայրը դասղեկին հայտնել է, որ երեխան չի գալիս դպրոց՝ առաջացած ընտանեկան եւ անձնական բնույթի խնդիրների պատճառով (անձնական եւ ընտանեկան խնդիրը տվյալ դեպքում դատական ակտով սահմանված հոր հետ տեսակցությունն էր): Փոխտնօրեն ներկայացած անձը նաեւ հաստատել է դպրոցի տնօրենի եւ երեխայի արյունակցական կապը եւ վերջինս (ում ըստ էության «հանձնարարված էր» երեխայի բացակայության փաստի մասին հայտնել իրավասու մարմիններին) մեկնել է արձակուրդի»,-ասում է փաստաբանը:

Տեղեկացնենք, հանրակրթական դպրոցների տնօրեններին արձակուրդ տրամադրում է Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունը: Արդյո՞ք դպրոցից տնօրենի բացակայությունն ունի իրավական հիմք, եթե այո, ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետարանը վերջինիս տրամադրել արձակուրդ այն պայմաններում, երբ հենց իր պահանջով էր տնօրենին հանձնարարվել երեխայի իրավունքների խախտման մասին ահազանգել պետական մարմիններին, կարծում եմ՝ կարիք ունի պարզաբանման: Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ ապահովել ինչպես երեխայի իրավունքների պաշտպանությունը, այնպես էլ իր իսկ դատական ակտերի կատարումը, իսկ դրա հիմքում երկրում դեռեւս տիրող անպատժելիության մթնոլորտն է:

«Առավոտի» հետ զրույցում փաստաբանը նաեւ նշեց, որ փաստի առթիվ դիմել է Կրթության տեսչական մարմին: Փաստաբանն ունի մտավախություն, որ «տնօրենի պատասխանատվության հարցը կոծկելու նպատակով կարող են առանձին անձինք վերջինիս ցուցաբերել օժանդակություն՝ այդ թվում իրողությունները խեղաթյուրելու միջոցով (օրինակ՝ արձակուրդի մեկնումն ավելի վաղ ձեւակերպելով եւ այլն)», ինչը հաշվի առնելով խնդրել է «Առավոտ» օրաթերթին պարբերաբար անդրադառնալ գործի զարգացումներին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Պատրաստ ենք լսել Երեւանի քաղաքապետարանի եւ տնօրենի պարզաբանումները, հատկացնելով հրապարակման ծավալով էջ:

«Առավոտ» օրաթերթ
30.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031