Հայաստանի իշխանությունը ոչ մի կերպ կանգ չի առնում, ընդդիմությունը չի կարողանում, ժողովուրդը չի խառնվում՝ ոչ մի քայլ չի անում, իսկ պետությունը՝ հայրենիքը, կործանվում է
Սա Հայաստանի ճակատագրի հարցն է, էլ տեղ չկա մայմունություն անելու ու լիովին անլուրջ մոտենալու այս ճակատագրական հարցին: Կրկնում եմ, մինչեւ այսօր ուղղակի բառախաղ է գնում ընդդիմության եւ գործող իշխանությունների միջեւ ու իշխանությունները 100 տոկոսով գնում են «խաղաղության» պայմանագրի ստորագրմանը՝ Ադրբեջանի համար լավագույն, իսկ Հայաստանի համար վատագույն պայմաններով: Փաստորեն, այն՝ նվազագույնը կնքվելու է Հայաստանի սահմանադրության փոփոխությամբ, նրա բանակի աստիճանական լուծարմամբ, «Սյունիքի միջանցքի» բացմամբ, Տիգրանաշենի եւ այլ անկլավների հանձնմամբ: Այլ խոսքով, այն ստորագրվելու է Հայաստանի կործանման ամենաարագ պայմաններով: Վերջապես, ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս փրկել հայրենիքը: Էլ ժամանակ չկա, միակ փրկությունն իրական՝ պրակտիկորեն իրագործելի առաջարկությունն է, որով փորձ կարվի փրկել երկիրը:
Փաստացի, բոլոր առաջարկություններն արվել են, սակայն չի արվել այն քայլերը, որոնց միջոցով հնարավոր լինի փրկել Հայաստանի կործանումը, որը սարերի հետեւում չէ … Ոչ ժողովուրդը, ոչ էլ ընդդիմությունը կամ չեն գտնում, կամ չեն ուզում ու կամ չեն անում այն բացառիկ քայլը, որով հնարավոր կլինի փրկել 5-հազարամյա Հայաստանի գոյությունը …
Կարելի է անգամ ամիսներ շարունակ, եթե ոչ տարիներ, գիշեր-ցերեկ անընդհատ խոսել, թե ի՞նչ է կատարվել ու կատարվում Հայաստանի հետ եւ այսօր՝ իրականում ի՞նչ է սպասվում Հայաստանին, որի մասին, ի դեպ, քիչ էլ չի խոսվել, սակայն քանի գնում, էլ ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունները չեն պատրաստվում ետ քայլ անել, ավելին՝ նրանք երազում են օր առաջ կնքել չարաբաստիկ «խաղաղության պայմանագիրը» եւ չափազանց ամոթալի է, որ մի երկրի՝ մի ամբողջ ժողովուրդ, չի կարողանում դրա դեմն առնել եւ փաստացի պարտվում է այդ մեկ հոգուն: Այդ պարագայում եւ ընդհանրապես ինչ արժե մի ամբողջ ժողովուրդը, որը առճակատվում եւ պարտվում է մի հոգու, եթե անգամ այդ մեկ հոգին Հերակլեսը լինի… Մյուս կողմից էլ, կարելի է հպարտանալ այն ժողովրդով, որը ծնել է թեկուզ մեկ նման գիգանտի, որը կարողանում է հաղթել հենց իրեն ծնած անփոխարինելիին. տիեզերական աբսուրդ …
Կարդացեք նաև
Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք: Խոսելու ժամանակն ավարտվել է, փորձենք անցնել գործի եւ բարձրաձայնենք վերջին կոչը. եթե հայ ժողովուրդը՝ մինչեւ վերջին մարդը, ի հնարավորին արագ ոտքի չկանգնի ու դուրս չգա փողոց, ու փորձի այս իշխանություններին պաշտոնանկ անել, ապա ամեն ինչ վերջանում է, Հայաստանը միանգամից կորցնում ենք եւ բոլոր հարցերը «լուծվում են»:
Կույր պետք է լինել, չհասկանալու համար, որ այս վիճակից փրկության՝ անգամ երկրորդ ճանապարհ չկա: Կամ կունենանք կործանում, կամ փրկություն, ամեն ինչ միայն ժողովրդի ձեռքերում է:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2024