Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրեց հոկտեմբեր ամսվա վերաբերյալ շինհրապարակներում տեղադրված 145 կայաններից ստացված տվյալները՝ օդի որակի վերաբերյալ: Նա նշեց, որ մանրահատիկ փոշու կոնցենտրացիան հոկտեմբեր ամսին օդում կազմել է 17,8 միկրոգրամ/մետր խորանարդ, ինչը չի գերազանցում օրենքով սահմանային չափը, որ 35 միկրոգրամ մետր խորանարդն է: Հավելեց, որ իրականացվում է ավելի խոշորահատիկ փոշու չափումը, որը նույնպես չի գերազանցել նորման եւ ամսվա կտրվածքով կազմել է 26,2 միկրոգրամ/մետր խորանարդ:
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ներկայացմամբ, հոկտեմբերի կեսերին փոշու պարունակության աճ է նկատվել՝ պայմանավորված հարավ արեւելքից օդային հոսանքների ներթափանցմամբ եւ դրան հաջորդած ջերմային շրջադասության երեւույթներով, ինչը շարունակվել է նաեւ նոյեմբեր ամսվա համար. « Ջերմաստիճանի անկմանը զուգահեռ՝ փոշու կոնցենտրացիան մեծանում է եւ սա ընդհանրական է ամբողջ աշխարհում»:
Տիգրան Ավինյանն առաջարկեց հաջորդիվ օդի որակի ցուցանիշները ներկայացնել միջազգային չափանիշներով. «Հաջորդիվ առաջարկում եմ զեկույցը ներկայացնել միջազգային AQI-ի (Air Quality Index) չափանիշներին համապատասխան, որովհետեւ աշխարհում միկրոգրամ/մետր խորանարդի փոխարեն վաղուց արդեն AQI-ի ցուցանիշն է, որն ավելի շատ տարբերակումներ ունի, քան 3 հիմնական միջակայքերը: Կարծում եմ՝ դա ավելի ինֆորմատիվ է եւ համեմատելու տեսանկյունից հարմար՝ օդի որակը Երեւան քաղաքում եւ այլ քաղաքներում: Ինձ թվում է, որ ճիշտ է, որ միջազգային չափանիշներին համապատասխան տվյալները ներկայացնելը»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ