22-ամյա Էմիլիան Արցախի շրջափակման ընթացքում ապրել է Ստեփանակերտում։ Նրա եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Էմիլիան մնացել է մոր հետ։
Շրջափակման օրերի դժվարությունները պատկերող նկարներից ամենահուզիչը գիշերվա ժամը 4-ին գնած հացի նկարն է։
Շրջափակման 15-րդ օրը Էմիլիայի 22- ամյակն էր։ Արտակարգ խնայողության պայմաններում, այնուամենայնիվ, տորթ են թխել, որին գործուն մասնակցել են նաև հարևանները՝ տրամադրելով պակասող մթերքը։
Այդ օրերին Արցախում հատկապես միրգ գտնելն էր շատ դժվար, սակայն Ամանորի նախաշեմին Էմիլիայի հորեղբայրը մեծ դժվարությամբ կարողացել էր Երևանից ելակ հասցնել Արցախ։
Կարդացեք նաև
Ամանորյա զանգերը հնչելուն պես կատարվեց նաև 6-ամյա Դայանեի` Էմիլիայի եղբոր աղջկա երազանքը։ Տանը եղած միակ մանդարինը նա նվեր ստացավ։
Էմիլիան և մայրը հիմա բնակվում են Երևանում՝ վարձակալված բնակարանում։ Էմիլիան լուսանկարչի աշխատանք է գտել, անհատական պատվերներ է կատարում։ Արցախում արված լուսանկարներն էլ առիթների դեպքում հրապարակում է։
Գլխավոր լուսանկարում՝ Էմիլիան՝ «Պապիկ-տատիկ» հուշարձանի մոտ
Հեղինակներ՝ Սիմա Թամրազյան, Միլենա Ասատրյան
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և լրագրության բաժնի ուսանողներ