ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին:
Նախագահ Բայդենն ավելի վաղ ասել էր, որ չի օգտագործի իր նախագահական լիազորությունները՝ որդուն ներում շնորհելու կամ դատապարտվելուց հետո նրա պատիժը փոխելու համար։
«Այսօր ես ներում եմ ստորագրել իմ որդու՝ Հանթերի համար։ Պաշտոնը ստանձնելու օրվանից ասել եմ, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումների կայացմանը, և ես պահել եմ իմ խոստումը, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսել եմ, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդար կերպով հետապնդում: Ոչ մի ողջամիտ մարդ, ով նայում է Հանթերի գործերի փաստերին, չի կարող որևէ այլ եզրակացության գալ, քան այն, որ Հանթերին առանձնացրել են միայն այն պատճառով, որ նա իմ որդին է, և դա սխալ է: Հանթերին կոտրելու փորձեր են արվել… Փորձելով կոտրել Հանթերին՝ նրանք փորձել են կոտրել ինձ», – ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Բայդեն կրտսերին ներում է շնորհվել զենքի պահման կանոնների խախտման և հարկերից խուսափելու գործերով։ Առաջին գործով դատավճիռը սպասվում էր դեկտեմբերի 12-ին, երկրորդով՝ դեկտեմբերի 16-ին։