«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին հրավիրված «Արցախի վերամիավորման 35-րդ տարեդարձը» թեմայով կոնֆերանսում ելույթ ունեցան քաղաքական, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, մտավորականներ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ: Նրանք փաստերով, պատմական իրադարձությունների վերլուծություններով հիմնավորեցին, որ Արցախը չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը, մասնավորապես, ասաց. «Ես կարճ կանդրադառնամ այսօրվա խորհրդի իրավական ասպեկտներին: Անկախ նրանից, թե պատմական զարգացումներն ինչպես են տեղի ունեցել, քննարկումներին ով՝ ինչպես է մասնակցել, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին կայացվել է օրինական որոշում: Հայկական ԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհուրդը Արցախի Ազգային խորհրդի հետ միասին կայացրել է վերամիավորման մասին որոշում: Այդ որոշման հիման վրա 1990 թվականի մայիսին ձեւավորվել է 12-րդ գումարման հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, որը եղել է օրինական խորհրդարան եւ որի օրինականությունը ոչ ոք չի վիճարկել: Այդ խորհրդարանը ձեւավորվել է բացառապես մեծամասնական ընտրական կարգով մեծամասնական այն տարածքներից, որը ներառել է Հայկական ԽՍՀ-ն եւ Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Շահումյանի շրջանը: Եվ այդ տարածքից ընտրված պատգամավորները, արտահայտելով իրենց տարածքի ժողովրդի կամքը, 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունել են Անկախության Հռչակագիրը, որով ստեղծվել է այն պետությունը, որտեղ մենք հիմա ապրում ենք: Եվ այդ պետության անունն է՝ Հայաստանի Հանրապետություն: Այսինքն, Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը Արցախի եւ Հայաստանի վերամիավորման արդյունքում ձեւավորված պետություն է, որը հիմնել է այդ նույն 12-րդ գումարման գերագույն խորհուրդը եւ այդ որոշումով կոչվել է Հայաստանի Հանրապետության առաջին Գերագույն խորհուրդ: Եվ այդ Անկախության Հռչակագիրն էլ դրված է Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության հիմքում իբրեւ անփոփոխելի նախաբան:
Այստեղ քննարկման հարց գոյություն չունի, Արցախը եւ Հայաստանը մեկ միասնություն են, եւ այդ անվանումով պետությունը ունեցել է միջազգային ճանաչում: Այդ Անկախության Հռչակագրով ստեղծված պետությունն է դարձել ՄԱԿ-ի անդամ, ՀԱՊԿ-ի անդամ: ՀԱՊԿ-ի կանոնադրության նախաբանում գրված է, որ անկախ պետությունները հիմք ընդունելով իրենց անկախությունների մասին հռչակագրերը, ստեղծում են կազմակերպություն, որը կոչվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն:
Եթե Հայաստանի գերագույն խորհուրդը Սարատովի Երկրամասի հետ կայացներ վերամիավորման մասին որոշում, կամ Կալիֆոռնիայի Նահանգի հետ, այդ պետության իրավազորությունը ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կազմակերպություն չէր ճանաչելու: Իսկ Արցախը Հայաստանի հետ վերամիավորումով ստեղծված պետությունը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, մինչ օրս ճանաչված է միջազգայնորեն, մեկ միասնական տարածքով, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ