2024 թ․ նոյեմբերի 3-ին Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո վերընտրված նախագահին հղված Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․«Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է»։ Ինչո՞վ է պայմանավորված այս առաջնահերթությունը։ Եթե անդրադառնանք անկախացումից հետո հայ-մոլդովական հարաբերությունների պատմությանը կտեսնենք միայն, որ Մոլդովան մաս է կազմել ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությանը, որը միշտ ունեցել է հակահայկական ուղղվածություն։ Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված այս քաղաքական առաջնահերթությունը, եթե Հայաստանի այսօրվա իշխանության համար քաղաքական առաջնահերթություն չէ (եթե չասենք օրակարգից հանված է) հայոց ցեղասպանության հարցը, այդ օրակարգում գոյություն չունի Արցախի հարցը։ Պատասխանը շատ ակնհայտ է՝ Մոլդովան, Հայաստանի պես, գործիք է ծառայում Ռուսաստանի շուրջ հակառուսական ճակատ ձևավորելու Արևմուտքի փորձին։ Ինչպես գիտենք այդ փորձի մեջ փորձարարական կենդանու դեր ստանձնելով Վրաստանի նախկին իշխանությունը կորցրեց Օսեթիան ու Աբխազիան, իսկ հարևան երկրի այսօրվա իշխանությունը, դիմակայելով Արևմուտքի կոշտ ճնշումներին հրաժարվում է կրկին խաղալու նույն դերը։ Ուկրաինայի արևմտամետները նույնպես որդեգրեցին այդ խաղը և նրանց համար դեռ շարունակվում է տարածքային ու մարդկային հսկայական կորուստների ընթացքը։ Ամենայն հավանականությամբ տարածքային կորուստների առումով հաջորդը կլինի Մոլդովան, եթե Հայաստանի իշխանությունը, շարունակելով իր այս հակազգային քաղաքականությունը, Արցախից հետո տարածքային և ինքնիշխանության կորստի առջև չկանգնեցնի նաև Հայաստանը։
Հայաստանի իշխանությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի դեմ սանձազերծել նոր պատերազմ։ Սրանով հանդերձ իշխանությունն ու իր պարագլուխը փորձում են համոզել ժողովրդին, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան համարող թշնամի երկրի հետ ոչ միայն կայուն խաղաղության պայմանագիր կարելի է կնքել, այլև հայտարարում է թե վերջինիս ղեկավարին առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործարք կնքել։ Հայաստանի ղեկավարությունը նույն կերպ վարդագույն է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների ներկան ու ապագան շրջանցելով Թուրքիայի դերակատարությունը Արցախյան պատերազմում և Պանթուրանական ծրագիրն իրագործելու համար Զանգեզուրի միջանցքին տիրանալու Թուրքիայի ռազմավարական ձգտումը։
Իսկ Նիկոլ Փաշինյանն անձամբ է 2020 թվականի հոկտեմբերի սկզբին կանադական The Globe and Mail պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել․ «Անցել է հարյուր տարի և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»։
Այսօր, նույն այս իշխանությունը, հեռացրել է Ադրբեջանի հետ սահմանից ռուսական ուժերին, Իրանի հետ սահմանակետից նույնպես դուրս է բերում ռուսական ուժերին և դաշնակցային հարաբերությունների շրջանակում տասնամյակներով Թուրքիայի հետ սահմանը պահպանած այս երկրի զինված ուժերի քանակը կիսով չափ նվազեցրել է։ Այս ուղղությամբ շարունակվող գործընթացը հստակորեն տանում է ռազմական դաշինքի խզման։
Կարդացեք նաև
…Պետք չէ լինել պրո-ռուս կամ հակաարևմտյան, բայց որևէ մեկի դեմ կազմակերպված հակա շարժումներին մաս կազմելը շռայլություն է ճակատագրի ալիքների վրա երերացող Հայաստանի համար։ Այս մասին այլևս ավելորդ է թերևս զգուշացնելը քաղաքականապես հակազգային, բարոյապես սպառված իշխանություններին, բայց պարտադիր է բոլոր նրանց համար ովքեր չեն կարող հաշտվել այս կործանարար ընթացքի հետ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Դրօշակ» ամսաթերթում