Երեւանում կանանց միջազգային ասոցիացիայի կազմակերպած 11-րդ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառում, որին մասնակցում էին 80-ից ավելի կազմակերպություններ, Aravot.am-ի ուշադրությունը գրավեց տաղավարներից մեկը, որտեղ «ԶԳՕՆ» մակագրությամբ ուսապարկեր էին վաճառվում: Հետաքրքրվեցինք, թե ինչի համար են նախատեսված այդ պայուսակները եւ ինչ պարունակություն ունեն:
«Սա «ԶԳՕՆ» ընկերությունն է իր առաջին ապրանքատեսակներով՝ տագնապի պայուսակով, որը բոլորին անհրաժեշտ է ցանկացած արտակարգ իրավիճակի պայմանում կյանքը երկարաձգելու եւ առհասարակ, քաղպաշտպանական մշակույթը զարգացնելու համար»,-ասացին համահիմնադիրներ Գայանե Մանուկյանն ու Հռիփսիմե Հարությունյանը:
«Այս պայուսակը մեկ անձի համար նախատեսված շատ կարեւոր պարագա է, որն իր մեջ ներառում է հակառադիացիոն փաթեթ, արտակարգ իրավիճակում անհրաժեշտ դեղատուփ, որում ներառված դեղամիջոցները օգտակար կլինեն ցանկացած իրավիճակում, մեխանիկական լապտեր, պարան, թերմոթիկնոց՝ ցրտահարման եւ արեւայրուքի պարագայում առաջին օգնություն ցուցաբերելու համար, ջուր եւ սննդային սալիկներ, եթե մարդը հայտնվել է փակված իրավիճակում: Կա նաեւ բազմաֆունկցիոնալ դանակ՝ պահածոներ բացելու, ինչ-որ բան կտրելու եւ այլ խնդիրներ լուծելու համար, սուլիչ եւ պատերազմական ու արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ առաջնային այլ իրեր եւ պարագաներ:
Կարդացեք նաև
Պայուսակի պարունակության կարեւորագույն բաղադրիչներից են ուղեցույցները: Մասնավորապես, թե ինչ պետք է անել պատերազմական իրավիճակում, ինչ պետք է անել ռադիացիոն աղետի պարագայում, ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ: Մենք այդ ուղեցույցները պատրաստել ենք Արտակարգ իրավիճակների ակադեմիայի հետ համատեղ, եւ դրանք առաջին ուղեցույցներն են, որ քաղպաշտպանական պայուսակում ներառված է: Պայուսակում որպես առանձին շատ կարեւոր պրոդուկտ հակառադիացիոն փաթեթն է, որը 24 ժամ ապահովագրում է վահանաձեւ գեղձը ռադիացիոն աղետի պարագայում:
Իրականում սա լավագույն ամանորյա նվերն է, մեր հարազատների նկատմամբ մեր սերը ցուցադրելու լավագույն ձեւը, եթե մենք ուզում ենք, որ նրանք առողջ ու ապահով լինեն կյանքում: Ու ճիշտ է, որ տագնապի պայուսակը լինի մեր կողքին՝ հասանելի վայրում, որովհետեւ չենք կարող հաշվարկել, թե ինչ կլինի վաղը: Շվեյցարիան, Սինգապուրը, անգամ Թուրքիան որպես պետական ստանդարտ կիրառում են տագնապի պայուսակները: Թուրքիայի վերջին երկրաշարժը ցույց տվեց, որ շատերը փրկվել են հենց տագնապի պայուսակ ունենալու շնորհիվ:
Այնպես որ, մեր սիրելիներին առողջություն ու երկար կյանք մաղթելու փոխարեն կարելի է նվիրել տագնապի պայուսակ եւ նա կապրի առողջ ու երկար ու դուք էլ ձեր նպաստը բերած կլինենք»,-ասացին նրանք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ