«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման նախաձեռնությամբ այսօր հրավիրված «Արցախի վերամիավորման 35-րդ տարեդարձը» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ նախաձեռնող խմբի անդամ, քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանը լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց. «Մեր պարտքն է՝ հիշել այս օրը, որը մեր ազգային վերածննդի արդյունքն է: Մենք չենք կարող մոռանալ, որ 35 տարի առաջ մեր ժողովուրդը կարողացավ վերամիավորել Արցախը: Այլ բան է, որ դրանից հետո քաղաքականությունը գնաց այնպես եւ, ցավոք, մեր ներքին կազմակերպվածությունն այնպիսին էր, որ այսօր Արցախը բռնազավթված է: Բայց մենք պետք է միշտ հիշենք, որ կարողացել ենք Արցախը վերամիավորել ու նորից պետք է վերամիավորենք: Դա է մեր նպատակը: Արցախցիների իրավունքները պետք է պահենք, Հայաստանի շահը պետք է պահենք, միշտ պետք է վառ պահենք այն գաղափարը, որ Արցախի հողը ոչ թե հավերժ ենք կորցրել, այլ ժամանակավոր: Դրա համար պետք է վերակազմակերպել ժողովրդին, որպեսզի նորից վերադառնանք այն օրվան, երբ 35 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 1-ին, վերամիավորեցինք Արցախը Հայաստանին: Սա է այսօրվա միջոցառման գլխավոր նպատակը»:
Պատասխանելով հարցին, թե մտահոգություն չկա՞, որ այսպես մի փոքր էլ շարունակվելու դեպքում չի բացառվում, որ մի օր էլ հայ ժողովուրդը ստիպված է լինելու հիշել նաեւ Հայաստանի կորուստը՝ նկատի առնելով այն, որ Ալիեւը ամեն առիթով արտաբերում է արեւմտյան Ադրբեջան արտահայտությունը, պարոն Բաբուխանյանը ասաց. «Եթե այս մարդիկ, որոնք Հայաստանում իշխանությունը բռնազավթել են, մնան իշխանության, կամ գան նրանց նմանները ու նույն քաղաքականությունը վարեն, որի էությունն է՝ հրաժարվել բանակից, հրաժարվել հայկական ավանդույթներից, հրաժարվել հայոց ինքնաճանաչումից եւ հրաժարվել հայ-ռուսական բարեկամությունից, բնականաբար, մի քանի տարի հետո խոսելու ենք արդեն Հայաստանի կորստի մասին: Այսօր դա շատ ռեալ է: Առաջիկա երկու ամիսը ճակատագրական է, որովհետեւ հիմա աշխարհում տեկտոնիկ փոփոխությունների ժամանակներ են, փոխվում է համաշխարհային կառավարման համակարգը: Եվ մինչեւ Դոնալդ Թրամփի մուտքը Սպիտակ Տուն, լինելու են կատաստրոֆիկ իրադարձություններ, ինչպես, օրինակ, Սիրիայում, Աբխազիայում կամ Վրաստանում: Այսինքն, պետք է հասկանանք, որ կարող ենք ստանալ նոր օջախ մեր սահմաններում՝ նոր հարձակում, նոր ագրեսիա: Եվ այս իշխանությունը, այո, բերում է նրան, որ մենք ունենում ենք կորուստներ»:
Դիտարկմանը, թե արդյո՞ք, խոսելու ժամանակները վաղուց արդեն չեն անցել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խոսելու ժամանակը, այո, վաղուց անցել է, բայց, ցավոք, այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն, այն համաժողովրդական համախմբումը, որը պետք է որ լինի եւ այն անհանգստությունը, որ ժողովուրդը պետք է արտահայտի, չենք տեսնում: Մարդիկ հույս ունեն, որ կարող է կողքներովս անցնի այս վտանգը: Բայց այդպես չէ: Արցախի բնակչությանը մենք զգուշացնում էինք, որ շատ վատ օրեր են սպառնում, նույնիսկ խորհուրդ էինք տալիս, թե ինչ անել: Ցավոք սրտի, ոչ-ոք չլսեց: Ոչինչ կողքով չի կարող անցնել: Մենք ունենք արտաքին եւ ներքին թշնամի ի դեմս իշխանությունը գրաված այս խմբակի»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ