Երեւանում կանանց միջազգային ասոցիացիան կազմակերպեց 11-րդ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցեցին ավելի քան 80 կազմակերպություններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, դիվանագետների կանայք, հասարակական գործիչներ, սփյուռքահայ մեր հայրենակիցներ, գործարարներ, տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ: Միջոցառումը կրում է «Կանաչ Հայաստան. գիտակից կյանք» կարգախոսը՝ արժեւորելով կայուն զարգացումն ու առողջ կենսակերպը:
Բարեգործական նախաձեռնության արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Հայաստանի մարզերում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը՝ Հայաստանի սահմանամերձ եւ հեռավոր գյուղերում ապրող կանանց, երեխաների եւ ընտանիքների արժանապատիվ կյանքի ապահովման, սոցիալական ենթակառուցվածքները բարելավելու նպատակով:
Երեւանում կանանց միջազգային միավորման նախագահ Վիկտորյա Ղասաբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպությունը միավորում է տարբեր տարիքի, տարբեր քաղաքացիություն ունեցող հայ եւ այլազգի կանանց, որոնք հիմնականում գտնվում են Հայաստանում կամ ճամփորդում են, ուզում են ծանոթանալ մեր երկրին, մշակույթին, բայց նաեւ ցանկանում են Հայաստանի համար ինչ-որ լավ բան անել: Մենք այդ ամենը համադրում ենք մեր հասարակական կազմակերպության մեջ եւ բարեհաջող կարողանում ենք այդ ամենը կազմակերպել՝ միաժամանակ իրականացնելով նաեւ բարեգործական ծրագրեր:
«Սահմանամերձ ու հեռավոր համայնքները մեր կարծիքով ամենակարեւորն են: Մեզ պետք է, որ մեր սահմանները ամուր լինեն, մարդիկ տեղում լինեն, երեխաները լավ կրթություն ստանան, ապահով լինեն: Այս ամենը կազմակերպելու համար իրենց կյանքը պետք է բարելավվի ու լինի արժանապատիվ, որպեսզի մարդիկ ոչ թե ճարահատյալ մնան, այլ՝ իրենց ցանկությամբ:
Այսօրվա մեր ծրագրի ամբողջ հասույթը 100 տոկոսով ուղղվելու է այդ ծրագրերի իրականացմանը: Այսպիսի նախաձեռնություններով նաեւ փորձում ենք օգնել հայ արտադրողին՝ կամուրջ ստեղծելով նրանց եւ Հայաստանում հավատարմագրված առաքելությունների միջեւ: Տեսեք, ավանդաբար, այս բարեգործական տոնավաճառին մասնակցում են դեսպանատները: Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս տարի նրանց թիվը նկատելիորեն ավելացել է: Այսօր այստեղ են 14 դեսպանատներ»,-ասաց նա:
Հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ է կոնկրետ օրինակ բերել, որ իրանց գործունեությունը վերածվել է նյութական արդյունքի: «Վերջերս ենք հաշվել. Այս տարիների ընթացքում իրականացրել ենք 30 բարեգործական ծրագիր: Անցած տարվա հասույթից երեք ծրագիր ենք իրականացրել՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի մանկապարտեզի վերանորոգում՝ հատկացնելով մահճակալներ եւ անհրաժեշտ անկողնային պարագաներ, Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի դպրոցի դռների եւ պատուհանների փոխարինում նորերով եւ Շիրակի Անիպեմզա բնակավայրի դպրոցի տանիքի նորոգում եւ պատուհանները նորերով փոխել»,-պատասխանեց տիկին Ղասաբյանը:
Aravot.am-ի հարցին, թե արդեն կա՞ն կոնկրետ հասցեներ, ուր ուղղվելու է այսօրվա ցուցահանդես-տոնավաճառի հասույթը, Վիկտորիա Ղասաբյանը պատասխանեց. «Շատ կարեւոր հարց տվեցիք: Մեզ մոտ մինչեւ դեկտեմբերի 31-ը սահմանամերձ, հեռավոր գյուղերից, բնակավայրերից հայտերի ստացման պատուհանը բաց է: Դիմում եմ բոլորին, որպեսզի տեղերում գույքագրեն իրենց խնդիրները եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը հայտերն ուղարկեն, որպեսզի արդեն հունվարին դրանք ուսումնասիրենք, այցելենք, տեղերում ծանոթանանք խնդիրներին, գնահատենք, հասկանանք, թե որն է ավելի առաջնային ու ձեռնամուխ լինենք ծրագրի իրականացմանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ