Փաշինյանը ցուգցվանգի մեջ է հայտնվել: Շախմատասերները լավ գիտեն, թե ինչ ասել է՝ ցուգցվանգ: Դա հակառակորդի արդյունավետ քայլերի բացակայության իրադրությունն է, երբ հարկադրաբար կատարվող քայլերը նրան շատ արագ հասցնում են պարտության: Քաղաքականության ոլորտում եւ, ընդհանրապես, ամեն գործում սխալ քայլերը, սխալ մարտավարությունը «լավ տեղ» չեն տանում, եւ ձախորդությունը ամենամոտակա օրերից մի օր անկոչ հյուրի պես բախում է ձեր դուռը: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այժմ քաղաքական ցուգցվանգի մեջ է, որտեղ, սովորաբար, ընկնում են իրենց դիրքը, քայլերի հաջորդականությունը սխալ հաշվարկող անհեռատես, ապաշնորհ խաղացողները:
Ապացույցները, որ Փաշինյանն, արդարեւ, «ցուգցվանգային» իրավիճակում է, բազմաթիվ են, եւ մենք կանդրադառնանք սոսկ վերջին շրջանի ամենաբնորոշ նախանշաններից մի քանիսին: Ընդ որում՝ նման դրվագներն արտահայտված են թե՛ գործողությունների, թե՛ պաշտոնական հայտարարությունների տեսքով: Օրինակ՝ նոյեմբեր ամսվա կտրվածքով կարելի է թվարկել առնվազն 3 գործողություն, որոնք հատուկ են փակուղային վիճակում հայտնված, հետագա քայլերն ու անելիքը դժվար պատկերացնող պաշտոնատար անձին: Դրանք են՝ ա/ գործադիրի ղեկավարի սափրման դրվագը. բ/ պաշտոնանկությունների շքերթի ցուցադրումը եւ գ/ ընտանեկան-աշխատանքային այցը Վատիկան:
Ո՞րն է այդ գործողությունների ուղերձը կամ, եթե ուզում եք, խորհուրդը: Սկսենք թրաշից: Շուրջ 7 տարի պահած թրաշից անակնկալ ազատվելը, դրան որոշակի կարեւորություն տալը կերպարանափոխության, մաքրագործվածի, ինչ-որ առումով նոր եւ ուժեղ մարդու դերում ինքնիրեն ներկայացնելու ճիգ է: Իզուր չէ, որ սափրվելուց հետո հայտարարել էր, թե իրեն ինչ ուզում են, թող կոչեն՝ դավաճան, կապիտուլյանտ, ստախոս, թուրք եւ այլն, բայց չասեն՝ թույլ: Փաստորեն, եթե «թույլ» ասելուց նեղվում է՝ ուրեմն իսկապես թույլ է: Ուշք դարձրեք ԱԺ-ում նրա գոռգոռոցներին, ուժեղ մարդկանց հանդեպ տածած հիվանդագին հակակրանքին, եւ կհամոզվեք: Իսկ միգուցե փորձում է դրանով իրեն տարանջատե՞լ մյուս, ավելի ահավոր պիտակավորումներից: Չի բացառվում:
Մյուս նախանշանը, որ վերահաս վտանգի սպառնալիքի իրադրությունում գտնվող մարդը ձեռքն անգամ փրփուրներին է մեկնում, Փաշինյան ընտանիքի՝ Վատիկան կատարած այցն էր ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումները: Այցը նպատակ ուներ ցույց տալու, որ Փաշինյաններն ընտանյոք հանդերձ՝ Ֆրանցիսկոս պապի հովանու տակ են, վայելում են նրա աջակցությունը, եւ իրենց ոչինչ չի սպառնում: Եռանդագին տարածում էին Պապի հետ հանդիպումները լայնորեն պատկերող լուսանկարներ եւ վավերագրական այլ նյութեր: Իսկ Աննա Հակոբյանը գրում է, որ իրեն օրհնված է զգում «երեք օրվա ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու եւ նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ»:
Կարդացեք նաև
Ահա այսպես. Աննա Վաչիկովնայի հետ ո՞վ կարող է «ոտք մեկնել», երկրում կա՞ Հռոմի Պապից օրհնություն ստացած ուրիշ մեկը: Դժվար թե: Հայաստանի հաջորդ վարչապետը հենց այդպիսին պետք է լինի՝ Արեւմուտքում դրականորեն նկատված, Նիկոլից ավելի խելացի, հավասարակշռված, Նորին Սրբության օրհնանքին արժանացած իսկական կին առաջնորդի տիպար: Դատելով ամենից, մոտավորապես այսպիսի տպավորություն ստեղծելու առաքելությամբ էր Փաշինյան ընտանիքը մեկնել Հռոմ, որտեղ, ըստ մամուլի որոշ լուրերի, հետնաբեմային խոսակցություններ են եղել Աննա Հակոբյանի իշխանական նկրտումների շուրջ: Ի դեպ, Փաշինյանի վերադարձից հետո Աննան եւս 10 օր անցկացրեց Հռոմում, 5 օր՝ ԱՄՆ-ում եւ նույնքան ժամանակ էլ՝ Չինաստանում:
Թե ինչով էր 20 օր դրսերում զբաղված ՀՀ առաջին տիկինը, հայտնի է միայն իրեն եւ նրա թիկնապահներին ու հյուրընկալներին: Համենայն դեպս՝ արտերկրյա ԶԼՄ-ներում նման հաղորդագրության ինքս չեմ հանդիպել: Փոխարենը տիկին Հակոբյանի վարչապետական հավակնությունների թեման տեղական մամուլը լավ էլ թմբկահարում է: Տիրապետող միտքն այն է, որ երեւանյան քաղաքական վերնախավը՝ մասնավորապես Փաշինյան-Հակոբյան ընտանիքների ամենամերձ շրջանակը հակված է Ալիեւ-Փաշաեւա իշխանական սխեմայի ընդօրինակմանը: Ըստ այդմ՝ առաջին տիկնոջը, որպես ցատկահարթակ, կհատկացվի որեւէ առաջնակարգ պաշտոն, ասենք՝ փոխվարչապետ կամ Պնախարար, որտեղից էլ սահուն անցում կկատարի դեպի վարչապետական:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում