Կայացել է Լեհաստանի և Վրաստանի նախագահներ Անջեյ Դուդայի և Սալոմե Զուրաբիշվիլիի հեռախոսազրույցը, հայտնում են Դուդայի աշխատակազմից։
Զուրաբիշվիլին իր լեհ գործընկերոջն է ներկայացրել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին կառավարության հայտարարությունից հետո երկրում ստեղծված իրավիճակը։
Լեհաստանի նախագահի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է՝ անդամակցության շուրջ բանակցությունների ամբողջական սառեցումը լուրջ վնաս է հասցնում թե՛ Վրաստանին, թե՛ Եվրոպական Միությանը։ Սա Ռուսաստանի շահերից բխող քայլ է։
«Նախագահ Անջեյ Դուդան Վրաստանի կառավարությանը կոչ է անում դրսևորել զսպվածություն և խոհեմություն, լսել իր քաղաքացիների ձայնը և հրաժարվել նրանց կամքին հակասող որոշումներից, բաց լինել՝ պարզաբանելու վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ բոլոր կասկածները և պատրաստակամ լինել նոր ընտրություններ անցկացնելու համար», – ընդգծվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
«Վրաստանի տեղը միասնական Եվրոպայում է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահի հետ հեռախոսով զրուցել է նաև Էստոնիայի նախագահը, աջակցություն հայտնել վրացի պաշտոնակցին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ