ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Եվրոպական Միությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու մասին Վրաստանի իշխանության որոշմանն ի պատասխան։ Վաշինգտոնից հայտնել են, որ սառեցնում են Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերության մեխանիզմը։
«Վրացական երազանք»-ի հակաժողովրդավարական տարբեր գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները, որոնք հիմնված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի և կոռուպցիայի դեմ ընդհանուր արժեքների և ջանքերի վրա։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն սառեցրել է այդ մեխանիզմը»։
Ըստ Վաշինգտոնի՝ «Վրացական երազանքի» այս որոշումը հակասում է Վրաստանի ժողովրդի կողմից սահմանադրորեն ամրագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու մասին ցանկությանը։ Այս համատեքստում, Վրաստանը ավելի խոցելի է դառնում Կրեմլի համար։
Կարդացեք նաև
«Վրաստանի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցում է Եվրոպայի հետ ինտեգրմանը։ Միացյալ Նահանգները դատապարտում է ոստիկանության կողմից ուժի գերկիրառումը այն վրացիների նկատմամբ, ովքեր ձգտում են օգտվել հավաքներ կազմակերպելու և արտահայտվելու իրենց իրավունքներից՝ այդ թվում խաղաղ բողոքի ցույցերին մասնակցելու ազատությունից: Կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բողոքի ակցիաների խաղաղ բնույթը», ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունն ավարտվում է եվրաատլանտյան ուղի վերադառնալու, ընտրախախտումների մասին պնդումները հետաքննելու և հակաժողովրդավարական օրենքները չեղարկելու վրացական իշխանություններին ուղղված կոչով։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Ezz Gaber-ի