2023 թվականին Արցախյան երկօրյա պատերազմից եւ բռնի տեղահանումից հետո Հայաստան հասած Տաթեւիկն ու Մարիամը՝ արցախցի լրագրողներ եւ 12 տարվա ընկերուհիներ, մասնակցելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի վերականգնողական ճամբարներին՝ նախատեսված լրագրողների համար, եւ սովորելով փոդքասթի գաղտնիքները, որոշեցին մի հաղորդաշար սկսել, որտեղ հյուրերի հետ կզրուցեն արցախցիներին հուզող հարցերի շուրջ՝ Արցախի բարբառով: Առաջին տասը հաղորդումները ՄՆԿ-ում նկարահանելուց եւ արդեն որոշակի լսարան ձեւավորելուց հետո, աղջիկների «Փոդ քաթն» արդեն տասն ամիս է, նկարահանվում է «Լրատվական ռադիոյի» ստուդիայում:
Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հյուրեր են ունեցել, որոնց հետ զրուցել, կամ Արցախի բարբառով ասած՝ «քաթ» են արել հազար ու մի թեմաների շուրջ: Եղել են բազմաթիվ էմոցիոնալ, հուզառատ հաղորդումներ, եղել են հումորով, զվարճալի հաղորդումներ, եղել են հաղորդում-հուշապատկերներ՝ հայրենի եզերքի կարոտով, կարեւորագույն հարցեր բարձրացնող եւ պատասխաններ փնտրող հաղորդումներ… բայց բոլոր հաղորդումներն ունեցել են մեկ կարեւոր առանցք՝ անկեղծություն եւ անմիջականություն:
«Պոդ քաթի» հաղորդաշարի ծննդյան տոնին Մարիամն ու Տաթեւիկը հրավիրել էին իրենց տարբեր հաղորդումների հյուրերին, այդ հաղորդման ակունքներում գտնվողներին, իրենց թիկունքին կանգնած եւ իրենց հաջողություններով ուրախացող տասնյակ մարդկանց, իրենց նկարահանած «Վերջին արցախցիները» եւ «Սենյակ Հադրութ» ֆիլմերի հերոսներին: «Վերջին արցախցիների» հերոսները Արցախում տեղահանումից առաջ ծնված բալիկներն ու նրանց մայրիկներն են, ովքեր պատմում են, թե ինչպես, ինչ պայմաններում են լույս աշխարհ բերել այս պահի դրությամբ վերջին արցախցիներին: Իսկ «Սենյակ Հադրութի» պատմում է հադրութցի տղաների բենդի մասին: Եվ որոշել էին իրենց ծննդյան օրը իրենց հյուրերին նվերներ տալ՝ այդ գաղափարի շուրջ միավորելով նաեւ այն արցախցիներին, ովքեր իրենց փոքրիկ բիզնեսներն են սկսել, եւ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Վըսկե ծերքեր» («Ոսկե ձեռքեր») էքսպոյի շնորհիվ ներկայացրել իրենց արտադրանքը նախորդ տարի՝ Ամանորից առաջ եւ այս տարի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ:
Կարդացեք նաև
«Փոդ քաթի» տարեդարձի երեկոյի ընթացքում լացն ու ծիծաղը, դառն ու քաղցր հիշողությունները միախառնվում էին արցախյան անուշ բարբառին, եւ բոլոր հյուրերը մաղթում էին աղջիկներին, որ «Փոդ քաթի» կյանքը երկար լինի, եւ ոչ հեռու ապագայում շարունակվի հնչել մայր Արցախում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ