Թբիլիսիում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև բախումների և վրացական իշխանությունների վարած արտաքին քաղաքականության դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը փաստող տեսանյութերի տարածման ֆոնին Վրաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ սոցիալական իրենց էջերում հանդես են եկել գրառումներով։
Դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, տեղադրելով «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տարածած տեսանյութը, որտեղ ոստիկանը ոտքով հարվածում է արդեն իսկ գետնին ընկած քաղաքացու գլխին, գրել է․ «Ամոթ է»։
Նույն տեսանյութը հրապարակելով՝ կիսապաշտպան Զուրիկո Դավիթաշվիլին գրել է․ «Այնքան դժվար է սա տեսնել։ Ոչ բռնությանը»։
Կարդացեք նաև
Կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին ինստագրամյան օգտահաշվում գրել է․ «Վրաստանն արժանի է միասնության և խաղաղության։ Ցավ եմ զգում՝ տեսնելով մեր ժողովրդի տառապանքը։ Մեր ձայնը և գործողությունները պետք է ուղղված լինեն մեր երկրի ավելի լավ ապագային»։
Վրաստանի ու Եվրամիության դրոշներով և բռունցքների էմոջիներով գրառում է կատարել նաև կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեն։ «Շատ դժվար է տեսնել, թե ինչպես են իմ համերկրացիներն արժանանում դաժան վերաբերմունքի սեփական երկրում։ Բռնությանը պետք է վերջ տրվի։ Վրաստանի ապագան Եվրոպան է։ Այս ճանապարհին անհրաժեշտ է միասնություն և հանձնառություն խաղաղությանը։ Վրացիներ, ես ձեզ հետ եմ», – գրել է ֆուտբոլիստը։
«Ես այնքան տխուր եմ իմ երկրում կատարվող իրադարձություններով պայմանավորված։ Իմ քույրերը նույնպես կանգնած են այնտեղ՝ պաշտապնելով հայրենիքը։ Մեր ճանապարհը մեզ մշտապես տարել է դեպի Եվրոպա, և մենք չենք փոխում մեր ճանապարհը։ Ես դատապարտում եմ բռնությունը», – Ինստագրամում գրել է կիսապաշտպան Ծիտաիշվիլին։
Հարձակվող Խվիչա Կվարացխելիան էլ գրել է՝ «Վնասվում է երկիրս։ Վերջ տվեք բռնությանը։ Վրաց ժողովրդի ցանկությունն ու կամքն է՝ քայլել դեպի Եվրոպա։ Սա մեր պատմական ընտրությունն է, միակ ճիշտ ընտրությունը»։
«Ես միշտ կանգնել եմ և կանգնելու եմ Վրաստանի և վրաց ժողովրդի կողքին, որը պայքարում են վրացական ավելի լավ ապագայի համար։ Ես դատապարտում եմ բռնությունը։ Վրաստանն արժանի է լինել միասնական և Եվրոպայի մաս։ Իմ կարծիքը չի փոխվել․ Վրաստանի տեղը Եվրոպայում է», – գրել է հարձակվող Բուդու Զիվզիվադեն։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ