Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անցնում ենք ակտիվ ժամանակաշրջան. ով ուզում է, թող միանա մեզ, ռուսն ու ամերիկացին չեն գալու Նիկոլ փոխեն»․ Արշակ Կարապետյան

Նոյեմբեր 30,2024 20:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ-ում օրեցօր ավելանում է կուսակցությունների քանակը, բայց ներքին իրավիճակը բավական վատ է, ժողովրդի մեծ մասը չի հետաքրքրվում իր ապագայով։ Այս մասին «Համահայկական ճակատ» կուսակցության արտահերթ համագումարում ասաց կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը։ «Շատերը ինձ մոտ քաղաքական խոպանչիների տպավորություն են ստեղծում, գալիս են ասում են՝ մենք կուսակցություն ունենք, մեզ համար այս արեք, այն արեք։ Ազգանվեր ու գաղափարով լցված մարդիկ, ցավոք սրտի, քիչ են։ Մի պահ Սրբազան շարժումը ծնվեց, այդպես էլ մարեց ու գնաց, որովհետեւ չուներ ոչ ծրագիր, նպատակներն անհասկանալի էին։ Մոտիվացիան ոնց որ թե պարզ էր՝ հողերի հանձնման հետ էր կապված, բայց երբ իրենք հրապարակում էին, արդեն հողերը հանձնեցին։ Եվ մոռացան, հողերի մասին չեն էլ խոսում։ Ես շատ մտահոգված եմ, ես չեմ հասկանում՝ մեր ժողովրդի հետ ինչ է կատարվում։ Նունիսկ ծնվելու համար պետք է պայքարել, հակառակ դեպքում չես ծնվի։ Քնել եք ժողովուրդ, մենք պետք է պայքարենք։ Մեր կուսակցությունն ունի ծրագիր»,- ասաց նա։

Արշակ Կարապետյանը նշեց, որ Արցախի հարցի հանդեպ հասարակության հանգստությունն իրեն զարմացնում է։ Իշխանություններն ինչ ուզում՝ ասում են, իսկ հասարակությունը «հիպնոսացված մկան նման» կանգնած ոչինչ չի անում։

«Այսօր ես ուզում եմ հայտարարել, որ մենք անցնում ենք ակտիվ ժամանակաշրջան։ Ով ուզում է եւ ով կարող է, թող միանա մեզ։ Մենք մի բան պետք է հասնանք՝ մեր փոխարեն ոչ ոք չի անելու, ռուսը չի գալու ըտեղ Նիկոլ փոխի, ամերիկացին չի գալու Նիկոլ փոխի։ Հասկացեք, մենք պետք է անենք, մենք պետք է թուրքի դեմն առնենք, մենք պետք է պաշտպանենք մեր ընտանիքները։ Ինչո՞ւ ենք նայում Մոսկվային, Վաշինգտոնին ու Բրյուսելին, բա մե՞նք։ Մի կապիկի ձեռքը նռնակ ենք տվել, ընկել ենք կրակը»,- հավելեց նա։

Կարապետյանը նշեց, որ պարտությունը չի լինում մարտի դաշտում, պարտությունը լինում է գլխում։ Հզորը նա է, ով պարտությունից հետո ոտքի է կանգնել։ «Ես խնդրում ու պահանջում եմ որպես հայ՝ պետք չէ հանդուրժել այն արարքները, որոնք այսօր անում է այս իշխանությունը։ Մենք չենք պայքարում կոնկրետ մարդու դեմ, մենք պայքարում ենք, որ ունենանք մեր հայրենիքը։ Մենք ունենք պատմություն, ունենք ապագա, չեմ ուզում մեծ-մեծ բաներ խոստանալ, բայց վստահեցնում եմ՝ եթե մեր կուսակցությունը լինի իշխանության, փոխելու ենք ամեն ինչ։ Անցնելու ենք նախագահական համակարգի, մշակելու ենք Հայաստանի քաղաքացու սոցիալական ծրագիր, որի մեջ նախատեսել ենք ֆիզիկական անձանց հարկերից ազատում, հայ քաղաքացու բժշկական ապահովագրություն։ Եվ բյուջեն ուսումնասիրելով՝ մենք հասկացել ենք, որ դա կարող ենք անել։ Մենք հնարավորություն ունենք երկու ամսում մեր շուրջը փոխել ամբողջ իրադրությունը, եւ անելու ենք դա»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930