Արտաքին քաղաքականության մեջ Թուրքիան փորձում է համադրել դիվանագիտական բազմակողմանիությունը և ինքնուրույն որոշումներ ընդունելու ունակությունը։ Այն մի կողմից փորձում է հարաբերություններ զարգացնել արաբական երկրների հետ, մյուս կողմից՝ սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ՝ չնայած Արևմուտքի հետ շարունակվող տարաձայնություններին։ ՆԱՏՕ-ում ունեցած անդամակցությունը Թուրքիան հաճախ օգտագործում է որպես լծակ՝ իր շահերը առաջ մղելու համար, ինչպես դա տեղի ունեցավ Շվեդիայի անդամակցության հարցում, սակայն Թուրքիայի տարածաշրջանային դերն ու հավակնությունները բախվում են մի շարք մարտահրավերների։
Սիրիայի, Հունաստանի և Հայաստանի հետ լարված հարաբերությունները, ինչպես նաև ներքին տնտեսական անկայունությունը, սահմանափակում են նրա հնարավորությունները՝ հաստատվել որպես անվիճելի առաջնորդ տարածաշրջանում։ Բացի այդ, ներքին քաղաքական ճգնաժամերը վերջին շրջանում ավելի են ընդգծվել։
2024-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ) մի շարք հաղթանակները մեծապես սասանել են իշխող կուսակցության դիրքերը, հատկապես խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Անկարան և Ստամբուլը։
Ընդդիմության աճող ազդեցությունը և քաղաքային կառույցներում «ԺՀԿ»-ական թեկնածուների հաղթանակները մեծ դժգոհություն են առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) շարքերում։ Իշխանության արձագանքը, ներառյալ ընդդիմադիր քաղաքապետարաններում հոգաբարձուների նշանակումը և տեղական ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչման քննարկումները, միայն խթանել են ներքին լարվածությունը։
Կարդացեք նաև
Այս իրադարձություններին զուգահեռ՝ տարբեր քաղաքներում սկսվել են ցույցեր, որոնք ուղղված են ընդդեմ պետական կառույցների կողմից իրականացվող սահմանափակումների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ աճող ճնշումների։ Այս բոլոր խնդիրները խորացնում են Թուրքիայի քաղաքական բևեռացվածությունը՝ ստիպելով իշխանությանը կենտրոնանալ ոչ թե արտաքին քաղաքական հավակնությունների վրա, այլ երկրի ներքին խնդիրների հաղթահարման։
Չնայած այս մարտահրավերներին, Թուրքիան շարունակում է ակտիվորեն առաջ մղել իր տարածաշրջանային օրակարգը՝ փորձելով պահպանել բալանսը մեծ ուժերի միջև և ուժեղացնել իր ազդեցությունը։ Նրա հաջողությունը, սակայն, կախված կլինի ոչ միայն արտաքին մարտահրավերների հաղթահարումից, այլև ներքին կայունության ապահովումից, ինչը թույլ կտա առավել հիմնավոր կերպով իրականացնել հավակնոտ ծրագրերը։
Արդյունքում, Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը կարելի է համարել խորը հավակնոտ, բայց միևնույն ժամանակ՝ խոցելի։ Ներքին ճգնաժամերը, տնտեսական և քաղաքական անհավասարակշռությունը երկրի «դիրքը» դարձնում են ոչ միայն ուժեղ, այլև անկայուն՝ սահմանափակելով նրա կարողությունները գլոբալ ասպարեզում։
Հեղինակ` Անդրանիկ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում