Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանում շահագործման է հանձնվել բնակելի ևս մեկ թաղամաս։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նոյեմբերի 30-ին Արաբկիր վարչական շրջանում մասնակցել են «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությանը։
Կոմիտեի ղեկավարը շնորհավորել է բնակիչներին, այդ թվում՝ այն 345 հանրային ծառայողներին, որոնք բնակարան են ձեռք բերել Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացված «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում։
Կոմիտեի նախագահը շնորհավորել է նաև «Ճառագայթ» համալիրի կառուցապատումն իրականացրած «ՄԼ Մայնինգ» ընկերության գործընկերներին՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։ «Քաղաքաշինության կոմիտեն կարևորում է կառուցապատման ծրագրերը, որոնք ձևավորում են բնակիչների համար հարմարավետ և գեղեցիկ միջավայր, ստեղծում ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններ և նպաստում բնակարանային ֆոնդի թարմացմանը։ Կոմիտեն պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը՝ բարելավելով օրենսդրական դաշտը, պարզեցնելով և թվայնացնելով ընթացակարգերը՝ այդպիսով կառուցապատողների համար գործընթացները դարձնելով թափանցիկ և կանխատեսելի։ Դա իր հերթին կբարձրացնի ոլորտի ներդրումային գրավչությունը»,-նշել է Եղիազար Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ բնակարանաշինության ակտիվությունը և կառուցապատման հետաքրքիր առաջարկները կտարածվեն նաև մարզեր։
Կարդացեք նաև
Կոմիտեի ղեկավարը կարևորել է նաև նոր համալիրների կառուցումից հետո գույքը բնակիչներին փոխանցելու գործընթացի ճիշտ կազմակերպումը, ինչպես նաև բնակիչների դերը շենքերի ճիշտ շահագործման, պահպանման և կառավարման գործում. «Այս հարցերի կանոնակարգման նպատակով Քաղաքաշինության կոմիտեն ակտիվ աշխատում է բազմաբնակարան շենքերի կառավարման սկզբունքները վերանայելու, նոր օրենքի միջոցով առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, որոնց մասին առաջիկայում կհայտարարենք»։
Բնակիչներին շնորհավորել է նաև «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը և շնորհակալություն հայտնել Քաղաքաշինության կոմիտեին՝ քաղաքաշինական ներդրումային ծրագրի իրագործմանն աջակցելու համար։ Նա տեղեկացրել է, որ բոլոր 7 մասնաշենքերն ունեն շահագործման թույլտվություն, և լուծված են ենթակառուցվածքների հետ կապված հարցերը։
Այնուհետև տեղի է ունեցել բնակելի համալիրի օրհնման արարողություն, որից հետո պաշտոնատար անձինք այցելել են նորակառույց բնակարաններից մեկը։
Ադոնցի N19/8 հասցեում կառուցված «Ճառագայթ» բնակելի թաղամասում հանրային ծառայողներին բնակարաններով և ավտոկայանատեղիներով ապահովման ծրագիրը մեկնարկել էր ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N885-Ն որոշմամբ և իրականացվել 2 փուլով։ Առաջին փուլով 4 մասնաշենքերից հանրային ծառայողներին բաշխվել է 200 բնակարան, երկրորդ փուլով՝ 3 մասնաշենքերից 145 բնակարան, ինչպես նաև 120 ավտոկայանատեղի։ Համալիրը բաղկացած է 619 բնակարանից։
ՀՀ կառավարության կողմից հաստատված և Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագիրը» մեկնարկել է 2014 թվականից։ Այս ընթացքում կառուցապատման ներդրումային 5 ծրագրերի շահառու է դարձել 3322 հանրային ծառայող։ «Ճառագայթ»-ը ծրագրի շրջանակում շահագործման հանձնված բնակելի երկրորդ թաղամասն է՝ «Երազ» թաղամասից հետո։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե