Լրահոս
Օրվա լրահոսը

Այն վնասը, որ այս ռեժիմը հասցնում է նաեւ Հայաստանի հարկատուներին, բոլոր նախորդ իշխանությունների համեմատ, աննախադեպ է. Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 30,2024 17:57

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին

Հայց առաջին. Ի՞նչ կարծիքի եք ռուսական հատուկ ծառայությունների, մասնավորապես՝ СВР-ի, Հայաստանի մասով վերջին հայտարարությունների մասին։

Պատասխան․ Պետք չէ լինել որեւէ երկրի հետախուզության ներկայացուցիչ արձանագրելու համար Հայաստանում արտաքին ազդեցության գործակալների աննախադեպ ակտիվությունը։ Դա այսօրվա Հայաստանում հանրահայտ փաստ է, ինչպես հենց ռուսներն են ասում՝ секрет Полишинеля:

Տարօրինակ է այլ բան. երկիրը արտաքին ազդեցության եւ արտաքին կառավարման ենթարկելու հարցում այդ հեղինակավոր կառույցը в упор не видит հենց իշխանությունների ներսում այդ գործառույթի համար պատասխանատու կուռատորներին եւ իրացնողներին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարին, կառավարության մի շարք անդամներին, փաշինյանական խմբակցության մի զգալի մասին։

Գուցե ռուսաստանցիները առաջնորդվել են «կուժին ասենք, որ կուլան լսի» սկզբունքո՞վ։

Բոլոր դեպքերում թե՛ այդ հայտարարության փաստը, թե՛ նրանում բարձրաձայնված տվյալները վկայում են այսօրվա Հայաստանի ինքնիշխանության նվազագույն մակարդակի եւ խորացող ճգնաժամի մասին։

Հարց երկրորդ․ Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձեւով եւ ուղղություններով հերթական անգամ անարգեց մեր Սահմանադրությունը եւ հաստատեց, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգը։ Բայց Արեւմուտքը կրկին լռում է, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ է այդպես։

Պատասխան․ Արտաքին նեոլիբերալ շրջանակները, որոնք դեռեւս հանդես են գալիս Արեւմուտքի անունից, ոչ թե աչք են փակում Նիկոլի «լուկաշենկոյացման» վրա, այլ խրախուսում են այն՝ եւ ոչ միայն իրենց լռությամբ։

Ես վստահ եմ, որ երկրում ուղղորդված, քաղաքականացված եւ կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում։

Նրանք են գծել մեկ անձից կախված, մեկ կենտրոնից կառավարվող, ռեպրեսիվ գործիքի վերածված ուժային եւ դատական բլոկեր կերտելու ճանապարհային քարտեզը։ Սա պարզ էր հենց 2018 թվականից եւ իշխանազավթման օպերացիայի կարեւոր մասն էր։

Ասեմ ավելին (կալանավորումիցս առաջ այդ մասին հրապարակավ ակնարկել էի), դեռեւս 2018-ի հունիսին Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանն այն ժամանակվա ԵՄ դեսպան Սվիտալսկին որպես պաշտոնական հրամցրել էր մի փաստաթուղթ, որը հեղինակել էր «Սորոսի» հիմնադրամը, եւ այդ փաստաթղթում ուղիղ տեքստով գրված էր, որ «հեղափոխության հաղթանակը» ամրապնդելու համար նոր իշխանությունները պիտի իրենցով անեն ամբողջ իրավապահ եւ դատական ոլորտները (Փաստաթուղթն այս պահին ձեռքիս տակ չէ, այն կհրապարակեմ, երբ տնային կալանքից ազատվեմ)։

Դնենք մի կողմ, որ փաստորեն դեսպան Սվիտալսկին ոչ միայն Եվրոպական Միության, այլեւ «Սորոսի» դեսպանն էր։ Հիշենք, որ Նիկոլը արդեն վեց տարի է, ինչ հենց այս ծրագիրն է իրականացնում։

Հարց երրորդ․ Օր չկա, որ այս իշխանություններին առնչվող մի նոր կոռուպցիոն սկանդալ չբացվի։ Նախկիններին պիտակավորում էին «թալանչի», բայց բոլորին տվել-անցել են։ Ի՞նչ կասեք այս հարցով։

Պատասխան․ Այն վնասը, որ այս ռեժիմը հասցնում է նաեւ Հայաստանի հարկատուներին, բոլոր նախորդ իշխանությունների համեմատ, աննախադեպ է։ Խոսքը ոչ միայն շռայլ ծախսերի, ճոխ շրջագայությունների, լյուքս մեքենաների եւ բյուջետային այլ ծախսերի մասին է։

Բերեմ ձեզ պետությանը պատճառած վնասի մեկ այլ, առաջին հայացքից չերեւացող օրինակ։ Խոսքը Սնուփ Դոգի սկանդալային համերգի եւ դրա վրա ծախսած հսկայական գումարի մասին է։ Դնում եմ մի կողմ նման շոուն պետական միջոցների հաշվին կազմակերպելու զավեշտալի հանգամանքը։

Անդրադառնանք կոնկրետ վճարմանը՝ 2 000 000 000 դրամի կամ մոտ 6 000 000 դոլարին, որ ամբողջությամբ իրականացվել է դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին, բայց ծառայությունը առ այսօր չի մատուցվել։

Այսինքն՝ հարկատուների հաշվին պետական բյուջեից 15 ամիս առաջ «նիսյա» վճարվել է հսկայական գումար։ Այն դեպքում, որ Հայաստանի ներկայիս ռեժիմը տոկոսով փող է վերցնում թե դրսից, թե ներսից՝ զգալի պարտքի տակ մտցնելով երկիրը։

Եկեք միասին հաշվենք, թե պետությանն ինչ վնաս է պատճառվել՝ գումարն ամբողջությամբ մուծելով, բայց «ապրանքը» դեռեւս չստանալով։

Հայաստանը եվրաբոնդերի տեսքով տարեկան 3.9 %-ով պարտք է վերցրել արտաքին շուկայից։ Մեր բյուջեից Սնուփ Դոգին «հավայի» վճարված 6 միլիոն ԱՄՆ դոլարը այս 15 ամիսների ( 1.25 տարի) մեջ մեզ վրա լրացուցիչ նստել է՝ 6 000 000 : 100 x 3.9 x 1.25 = 292 500 ԱՄՆ դոլար կամ մոտ 114 մլն դրամ։ Այսինքն այդ չափով լրացուցիչ վնաս է հասցվել ՀՀ պետական բյուջեին։

Ի դեպ, եվրաբոնդերի օրինակով պատճառված վնասի հաշվարկը դեռ ամենանվազագույնն է։ Հաշվենք նաեւ պետական պարտատոմսերի օրինակով, որոնց սպասարկման տարեկան նվազագույն տոկոսը դրամով մոտ 10 % է՝ 2 000 000 000: 100 x 10 x 1.25 = 250 000 000 դրամ։

Ահա այսքան վնաս է արդեն պատճառվել պետությանը Սնուփ Դոգին ամբողջությամբ փոխանցված կանխավճարով։

Հարց չորրորդ․ Պարոն Աշոտյան, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի վրա հարձակումները նոր թափ են ստացել։ Ինչո՞վ եք դա բացատրում։

Պատասխան․ Նիկոլին, կարծես, հաջողվում է նախընտրական տենդով վարակել որոշ վայ-ընդդիմադիրներին, ինչն արտահայտվում է ձայն կպցնելու եւ փախցնելու նրանց փնթի արշավով։

Դաշտում իրոք նկատելի է որոշ շրջանակների կողմից ուղղորդված քարոզչությունը ՀՀ երրորդ նախագահի եւ Հանրապետականի դեմ։ Այդ արշավն իր գարշահոտությամբ բացահայտում է իր տերերին, որոնք թեպետ տարբեր ճամբարներից են, բայց զարմանալի զուգադիպությամբ փորձում են նույն թիրախին խփել։

Նրանց մեջ են եւ ցայսօր նիկոլալորձ գործիչներ, եւ այժմ ընդդիմադիր, բայց 2018-ին Նիկոլի համար իրենց մարմինը ողջ երկայնքով ճղող դեմքեր, եւ առողջ ամբիցիաների անառողջ դրսեւորումներով «սկսնակներ»։

Նրանց բոլորին միավորում է նաեւ մեկ այլ անջնջելի խարան՝ 2018-ին նրանք կամ բացահայտ սատարել են իշխանազավթմանը, կամ հրճվել հոգու խորքում, կամ տոտալ անտարբեր եղել ողբերգություն գուժող այդ աղետի հանդեպ։

Ցավոք, նման կեցվածք որդեգրածների մեջ հանդիպում են նաեւ իրականում ազնիվ, բայց մոլորված հայրենակիցներ, ովքեր իրենց ապատիան եւ հիասթափությունը փորձում են պարպել՝ դավադրապաշտական եւ միստիկ վարկածների գրկում։

Չեմ բացառում, ի դեպ, որ որոշ շրջանակներ նաեւ դրսի պատվեր են կատարում՝ թողնելով Նիկոլին եւ սեւեռվելով մեր վրա։ Սերժ Սայգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից։ 2018-ը վկա։

2018-ից առ այսօր ոչ մի քաղաքական ուժ այդքան չի տուժել, չի հալածվել, չի դիմակայել նիկոլական ռեժիմին, քան Հանրապետականը։ Կարկուտ տեսածը անձրեւից չի վախենա, բայց քամի ցամողները պիտի պատրաստ լինեն փոթորիկ հնձել։

Հարց հինգերորդ․ Պարոն Աշոտյան, անկեղծ ասած, տեղս չեմ գտնում նաեւ Հայոց ցեղասպանության եւ Արեւմտյան Հայաստանի շուրջ սրանց շահարկումներից։

Պատասխան․ Սրանց կռիվը հայկական ինքնության դեմ համակարգային է եւ չի սահմանափակվում միայն ներկայով։ Սրանք բացահայտ մարտնչում են նաեւ մեր անցյալի դեմ։

Նիկոլը հայ ժողովրդին հայտարարել է «հիշողության պատերազմ»՝ փորձելով այդ կերպ հարմարեցնել մեր պատմությունն Անկարայում նախագծած «ապագային»։ Որովհետեւ պատմական հիշողությունն է մեծապես ազդում երկրների արտաքին եւ ներքին քաղաքականությունների վրա։

Վերցնենք նույն Ուկրաինան, որտեղ մինչեւ այս պատերազմը նախագահ Յուշենկոյի օրոք ազգային ինքնության լրջագույն տարր էր դարձվում Գոլոդոմորը եւ նրա միջազգային ճանաչումը։

Ավելի թարմ օրինակ։ Հայտնի է, որ լեհ-ուկրաինական հարաբերություններում լրջագույն խնդիր են 1943-44 թվականներին լեհերի զանգվածային սպանությունները Ուկրաինայի Վոլինի շրջանում։ Լեհական իշխանությունները անկախ Ուկրաինայի ներկայիս կարեւորությունից, նույնիսկ ընթացող պատերազմի պարագայում երբեք չեն մոռացել այս հարցը եւ դիտարկել են Վոլինի ջարդը որպես ցեղասպանություն։

Իսկ օրերս Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, առաջ մղելով այդ հարցը, հրապարակավ հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պայմանավորվել են ջարդերի զոհերի աճյունները արտաշիրիմումելու մասին՝ շեշտելով, որ առանց Վոլինի ջարդերի հարցի հանգուցալուծման չի կարող լինել լիարժեք հաշտեցում Ուկրաինայի հետ։

Կրկնեմ. այս հետեւողականությունն ու կոշտությունը Լեհաստանը դրսեւորում է Արեւմուտքի «любимчик» Ուկրաինայի հանդեպ՝ հետապնդելով սեփական ազգային շահերն ու արժանապատվիւթյուն դրսեւորելով։ Ու ոչ մի այլ երկիր՝ ԱՄՆ, Գերմանիա կամ Ֆրանսիա, չեն կարող «հաշտեցման» խաթր այդ հարցը արանքից հանել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930