Հարևան Վրաստանում կայանալիք նախագահական ընտրության մասին Aravot.am-ը զրուցել է վրացի քաղաքագետ, Սևծովյան միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Նիկա Չիտաձեի հետ։
«Իվանիշվիլին ավելի շատ делец է, քան բիզնեսմեն»
Մեր հարցին՝ արդյոք Վրաստանում նախագահը որևէ իրական քաղաքական կարողություն ունի՞՝ հաշվի առնելով, որ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգ է որդեգրել, Չիտաձեն պատասխանեց, որ նախագահը մեծամասամբ խորհրդանշական դեր ունի, կարող է ներում շնորհել, կառավարության համաձայնությամբ արտաքին քաղաքականություն վարել։
«Վրաստանում, սակայն, խնդիրը ոչ թե նախագահի և վարչապետի պաշտոններն են, այլ այն, որ Վրաստանում օլիգարխ Իվանիշվիլին է իշխում։ Նա համարվում է բիզնեսմեն, բայց ժամանակին մի եզրույթ կար՝ делец։ Նա ավելի շատ делец է։ Նա մաֆիոզ կառուցվածքի գլուխն է։ Այս միլիարդատերն է այսօր կառավարում Վրաստանը։ Սա է գլխավոր խնդիրը։ Նա ոչ բիզնեսմեն է, ոչ էլ քաղաքական գործիչ, նա ավելի շատ մաֆիայի ղեկավար է», – կարծում է Նիկա Չիտաձեն։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է ժողովրդավարական քաղաքական ռեժիմ
Aravot.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ եթե ամեն ինչ իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» և Իվանիշվիլիի վերահսկման տակ է, կապ ունի՞, թե ով է նախագահ, ժողովրդին հետաքրքրո՞ւմ է այդ հարցը։
Ի պատասխան՝ քաղաքագետը պարզաբանեց, որ խնդիրը քաղաքական համակարգը չէ, այլ այն, որ իշխանության է «ոչ-ժողովրդավարական քաղաքական ուժ հանդիսացող «Վրացական երազանքը»»։
«Խորհրդարանական համակարգը կարող է նորմալ գործել, բայց միայն այն դեպքում, երբ կա ժողովրդավարական քաղաքական ռեժիմ», – եզրափակեց Aravot.am-ի զրուցակիցը։
Համատեքստ
Վրաստանի նախագահական ընտրությունը նշանակված է դեկտեմբերի 14-ին։ Միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանքի» կողմից առաջադրված պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է։ Ըստ այդ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանաշվիլիի՝ Կավելաշվիլին «վրաց տղամարդու մարմնավորում է»։ Ընդդիմությունից չեն հստակեցնում, թե ո՞ւմ են առաջադրելու նախագահության համար, կամ առաջադրելո՞ւ են ընդհանրապես։ Խորհրդարան գնալ հրաժավարվող ընդդիմադիրները հայտարարել են՝ ընտրությանը չեն մասնակցելու։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ