Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

Գյումրու փոխքաղաքապետի 50-ամյակը՝ տնային կալանքում

Նոյեմբեր 30,2024 15:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որը 20 միլիոն դրամ գրավով տնային կալանքի է ենթարկվել Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի՝  օտարման չենթակա, Պաշտպանության նախարարության սեփականություն հանդիսացող մեկ հեկտար հողատարածքը 13 միլիոն դրամով գնելու ու հետագայում Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին վերավաճառելու մեղադրանքով, և որի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, այսօր դարձավ 50 տարեկան։

Նրան շատերն են հիշել՝ ֆեյսբուքյան էջում շնորհավորանքներ հղելով, սակայն դրանք, բնականաբար, մնացել են անարձագանք, որովհետև տնային կալանքն արգելում է շփումներ ունենալ, հեռախոսից, համակարգչից օգտվել, մարդկանց հյուրընկալել։

Նշենք, որ ի տարբերություն Սուրեն Ջանոյանի, որի խափանման միջոցը մնացել է անփոփոխ, Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի 70 միլիոն դրամ գրավով տնային կալանքը նոյեմբերի 15 Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ փոխվեց, նրան տեղափոխեցին Արմավիր քրեակատարողական հիմնարկ:

Նրա փաստաբան  Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ դատարանի այս որոշումն անհիմն էր  համարել՝ նշելով․ «Դատավորն իր որոշմամբ շատ ավելի հեռուն է գնացել` պաշտպանյալիս զրկելով անգամ մերձավոր ազգականների հետ շփման իրավունքից` բացառությամբ կնոջ և զավակի, այն դեպքում, երբ նախաքննական մարմինն անգամ նման պահանջ ներկայացրած չի եղել»։

Հիշեցնենք, որ «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու գործով անցնում են 5 մեղադրյալներ, որոնցից մեկն էլ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, որն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում։

Նրան ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը մեղադրանք է ներկայացրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և երկու դրվագով խոշոր չափի փողերի լվացման համար, որդուն՝  երկու դրվագով խոշոր չափի փողերի լվացման համար։

Գյումրու ավագանու նախկին անդամ, Գյումրու ժուռնալիստների « Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր․ «Պաշտպանության նախարարությունը հողը ծախել է մասնավոր անձի, քաղաքապետարանի պաշտոնյաներին մեղադրանք եք ներկայացրել, գնացեք, մի հատ ՊՆ-ից մեղադրյալ չկա՞ այդտեղից ներգրավեիք, կասկածյալ չկա՞»։

Սուրեն Ջանոյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930