Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիայից հայերի զանգվածային արտահոսք դեռեւս չկա․ ընդհանուր գործողությունների փոխկապակցված շղթայի տեսությունն է աշխատում»․ Շահան Գանդահարյան

Նոյեմբեր 30,2024 14:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիայից հայերի զանգվածային արտահոսք դեռեւս չկա։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին։ «Պետք է սպասել, որպեսզի իրավիճակը հստականա, կայունանա, իրադարձությունները շատ արագ են տեղի ունենում»,- ասաց նա։

Նշենք, որ Թուրքիայից աջակցություն ստացող ահաբեկիչները երեկվանից ներթափանցել Սիրիայի տարբեր շրջաններ, այդ թվում՝ Հալեպ եւ վերահսկողություն են սահմանել Հալեպ քաղաքի մեծ մասի նկատմամբ։ Լրատվամիջոցներում հայտնվել են կադրեր, որոնք փաստում եմ Սիրիայում Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին։ Սիրիական բանակը դիմադրություն է ցույց տալիս ահաբեկչական ուժերին։

Շահան Գանդահարյանի խոսքով՝ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, մեծ թվով զոհեր չկան։ «Ընդհանուր համապատկերին օբյեկտիվ գնահատական տալու համար մի քիչ պետք է սպասել։ Այս զարգացումը շատ հանկարծակի էր, հազիվ Լիբանանում հրադադար էր տեղի ունեցել, անմիջապես այս դեպքերը ծավալվեցին Սիրիայում։ Ես կարծում եմ՝ Միջին արեւելյան տարածաշրջանի ընդհանուր խճանկարի տրամաբանությամբ պետք է ընկալել իրադարձությունները»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին հրադադար է հաստատվել Լիբանանի «Հեզբոլլահ» ռազմաքաղաքական ուժի և Իսրայելի միջեւ։ Շահան Գանդահարյանի խոսքով՝ Լիբանանի դեպքում ՄԱԿ-ի 1701 բանաձեւի գործածությունն է։ Բայց ածանցյալ համաձայնություններ են ձեռք բերվել նաեւ որոշ կետերի շուրջ, առ այն, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան վերահսկողական հանձնախմբի գործառույթներ պետք է իրականացնեն, լիբանանյան բանակը պետք է տեղակայվի երկրի հարավային հատվածում, ցամաքային սահմանազատում պետք է տեղի ունենա Լիբանանի եւ Իսրայելի միջեւ։

Գանդահարյանի խոսքով՝ չի բացառվում, որ Սիրիայում տեղի ունեցող դեպքերը կապված են նաեւ Լիբանանի զարգացումների հետ։ «Պատերազմի էպիկենտրոնը նախապես Գազան էր, հետո դարձավ Լիբանանը։ Հիմա, երբ Լիբանանում հրադադար եղավ, սպասվում է, որ Գազայում էլ հրադադար կլինի։ Եվ հազիվ Լիբանանում հրադադար էր հայտարարված, սկսվեցին Սիրիայի դեպքերը։ Այսինքն՝ ընդհանուր գործողությունների փոխկապակցված շղթայի տեսությունն է աշխատում։ Բայց ավելի ճիշտ քաղաքական գնահատական տալու համար պետք է սպասել, թե ինչի կհանգի այս ամենը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930