«Վերջերս հնչեց այդ գաղափարը չարիքի կողմից՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»։ Միայն հացով ապրելու այդ գայթակղիչ պատգամն էր, որն ուղղակիորեն իր ողջ բնությամբ, էությամբ ամբողջական հակադրության մեջ է մարդու ու կյանքի հետ։ Մեր Տերը հստակ ասում է՝ ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որը դուրս է գալիս Աստծո բերանից: «Որտեղ հաց, այնտեղ կաց» ձեւակերպումն ուղղակիորեն նյութի պաշտամունքի գերադրական աստիճանն է, որին մեզ անընդհատ ուզում են մղել, հեռացնել մեզ մեր երազներից, մեր իղձերից, մեր ձգտումներից, հոգեւոր մաքառումներից ու սխրանքներից»,- այսօր ուղիղ եթերում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա հավելեց․ «Այսինքն՝ երբ մենք ասում ենք, որ այս մարդը եւ այս փոքրիկ խումբը չարիք են, այլ բանի մասին չենք խոսում, քան ուղղակի արձանագրված փաստի։ Տեսեք աստվածային խոսքը՝ ոչ միայն հացով է մարդն ապրում եւ տեսեք այս չարիքի փորձիչի խոսքը՝ միայն հացով է մարդ ապրում։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ՝ ինչի՞ դեմ է այս ամբողջ պայքարող ու մարտնչող չարիքի իշխանությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը հայտարարեց, որ պայքարի ճանապարհի մեծ մասն անցել ենք, գտնվում ենք վերջին հանգրվանին։ «Անկախ նրանից, թե ովքեր ինչ մտահոգություններ ու տագնապներ ունեն, ինչ ակնկալիքներ ունեն այս շարժումից, այս պայքարի ընթացքը հասել է իր վերջնահանգրվանին, իր վերջին խոսքը ասելուն։ Եվ, այո, ուզում եմ ուղղակիորեն ասել՝ այն անպարտելիության միֆը, որն ստեղծել են այս իշխանությունները՝ այս չարիքի ղեկավարությամբ, այդ բոլորն ուղղակի պատրանք է։ Սրանք անպարտելի չեն, ժողովուրդ, որովհետեւ արժեքային դաշտում չեն գտնվում, իրենք գտնվում են երկու երեւույթի պաշտամունքի մեջ՝ փողի եւ իշխանության։ Այդ կուռ անպարտելի լինելու զգացողությունը մեր միջից պետք է դուրս գա։ Սրանք հասել են իրենց վերջին հանգրվանին, վերջակետին եւ այլ տեղ չունեն ոչ փախուստի, ոչ էլ խուսափելու։ Չի ուշանա ժամանակը։ Մենք երեւացող եւ չերեւացող իմաստով ամբողջությամբ լծված ենք այդ առաքելությունն իրականացնելուն»,- նշեց Բագրատ սրբազանը։
Նա ասաց, որ մարդիկ Սրբազան պայքարի առաջնորդներից սպասում են, թե երբ է հրապարակն ու փողոցն ակտիվ գործողությունների մեջ մտնելու։ Սրբազանը նշեց, որ շատ շուտով ակտիվ գործողություններ կլինեն։ Շատ մարդիկ, նրա խոսքով, իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ այս նվիրական գործի մեջ իրենց դերակատարությունն ունենալու։
«Այն օրը, երբ ազդարարեցինք, որ մենք դուրս ենք գալիս վերջնական եւ հիմնական կերպով լուծելու մեր խնդիրները, այդ օրը եւ այդ օրերին ամեն բան ավարտվելու է, այս մղձավանջը վերջ է գտնելու։ Եվ այս մղձավանջի վերջ գտնելու մեջ քո, իմ մասնակցությունն ու դերակատարությունը առանցքային ու կարեւոր է լինելու։ Մի կողմ թողեք բոլոր թերահավատությունները, այսպես կոչված հուսահատություններն ու հուսախաբությունները, դրանք ավելի մեծ չեն եւ որեւէ ձեւով չեն ծառայելու մեր առաքելության իրականացմանը։ Ինքնաճանաչողությամբ զբաղվելու ժամանակն է՝ լարելու մեր կամքը վերստին՝ աննահանջ կերպով եւ ընթանելու դեպի մեր նպատակը, վերացնելու այս չարիքի իշխանությունը, այս չարիքը մեր կողմից եւ հաստատելու տիրոջ ընդունելի տարին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ