«Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր, իսկ այն վավերացնելուց հետո նաեւ պատերազմական հանցագործությունները ենթակա են լինելու Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը»,- հայ-ռուսական հարաբերություններում հերթական պրոբլեմը ստեղծած Հռոմի ստատուտի՝ ՄՔԴ կանոնադրության վավերացման օրերին ՔՊ-ականներն այս հիմնավորմամբ էին բացատրում փաստաթղթին միանալու նախաձեռնությունը: Հռոմի ստատուտը վավերացնելուց մեկ տարուց ավելի է անցել, բայց Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոչինչ չի արել, փոխարենը Հռոմի ստատուտը շարունակում է հայ-ռուսական հարաբերությունների նեգատիվ ֆոնը խորացնող գործոն մնալ:
Նախօրեին ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը հայկական կողմի խնդրանքով կանցկացվի ոչ թե Երեւանում, այլ՝ Սանկտ Պետերբուրգում: Երեւանը հունվարից ստանձնել է խորհրդի նախագահությունը: Որպես կանոն, նիստերը հենց նախագահող երկիրն է հյուրընկալում: Ուշակովի հայտարարությունը, թե նիստը կկայանա ռուսաստանյան տարածքում, վկայում է այն մասին, որ Փաշինյանը, մեղմ ասած, տհաճ դրության մեջ է ընկել՝ ի՞նչ պետք է աներ, եթե ՌԴ նախագահը ժամաներ Երեւան: Չէ՞ որ Հռոմի ստատուտը պահանջում է ձերբակալել Պուտինին: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Պուտինի ձերբակալման օրդեր էր տվել, իսկ ստատուտի վավերացումը նշանակում է, որ այն տարածվում է վավերացրած բոլոր երկրների վրա, եւ Հայաստանը պետք է կատարի այդ պահանջը:
«ՀՀ ԱԳՆ-ն, փաստորեն, հերքել է, թե իբրեւ եղել է հայկական կողմի խնդրանքը՝ նշելով, թե նախորդ նիստի ժամանակ է որոշվել, որ կանցկացվի Պետերբուրգում, բայց ես դժվարանում եմ հիշել, որ գագաթնաժողովն անցկացվի ոչ թե նախագահող, այլ մեկ ուրիշ երկրում: Թերեւս 2016 թվականին էր բացառությունը, երբ Ապրիլյան պատերազմի օրերին ԵԱՏՄ որոշ երկրների ղեկավարներ, այն ժամանակ շրջանառվում էր Նազարբաեւի անունը, առաջարկել էին անցկացնել ոչ պատերազմական վիճակում գտնվող երկրում, բայց պրոցեդուրան եւ ընդունված ավանդույթն այն է, որ գագաթնաժողովն անցկացվում է նախագահող երկրում: Երկրորդ անգամ այն Երեւանում չանցկացնելը, որովհետեւ տարեսկզբին էլ Հայաստանում չէր անցկացվել, պարզ նշում է, որ կա խնդիր Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի՝ որպես կառույցի, կամ անդամ երկրների միջեւ: Ես հակված եմ կարծել, որ այստեղ խնդիրը վերաբերում է հենց Հռոմի ստատուտին»,- «Հրապարակ»-ին ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշելով, որ երբ ՔՊ-ն հարցը խորհրդարան էր տարել, ընդդիմությունը զգուշացնում էր, որ այն Հայաստանին ոչինչ չի տալու՝ ռիսկերից բացի:
«Իշխանությունները հայտարարում էին, որ Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կընձեռի Ալիեւի եւ Ադրբեջանի մյուս հանցագործների դեմ Միջազգային քրեական դատարանում գործընթացներ սկսել, ինչը հենց այն ժամանակ, գոնե մեզ համար հստակ էր, որ նողկալի սուտ էր, եւ հիմա տեսնում ենք, որ այդ պատրվակն օգտագործելով՝ իրենք վավերացրին փաստաթուղթը, իսկ հիմա որեւէ քայլ չեն ձեռնարկում, որովհետեւ ակնհայտ է, որ եթե ՌԴ նախագահը գար Հայաստան, եւ Հայաստանը փորձեր սանկցիա կիրառել, ինչ հետեւանքներ կունենար դա Հայաստանի համար, եթե չաներ, Փաշինյանն Արեւմուտքից ճնշման կենթարկվեր: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մի չմտածված որոշում՝ վավերացնել Հռոմի ստատուտը, ինչ ծանր դրության մեջ դրեց Հայաստանին, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի հատկապես արտաքին քաղաքականությունն ամենաձախողն է»,- ասում է Արթուր Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Մոսկվան տեսնում է Երեւանի վախերը, որոնք պայմանավորված են Արեւմուտքից հնարավոր ճնշումներով, եթե հանկարծ Պուտինը ոտք դնի Հայաստան: Արթուր Խաչատրյանը հիշում է, թե ռուսական կողմը որքան ցավագին արձագանքեց Հռոմի ստատուտի վավերացմանը հենց այն օրերին, երբ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր իջեցրեց. «Ակնհայտ է, որ դա Հայաստանին նեղ վիճակի մեջ է դրել՝ որեւէ օգուտ չստացանք, փոխարենը հայտնվել ենք երկկողմանի ճնշումների տակ: Ռուսները դա հստակ գնահատում են որպես հակառուսական քայլ»:
Հայաստանի այդ խնդրանքը ԵԱՏՄ համագործակցության համար կունենա՞ հետեւանք: Ըստ Խաչատրյանի, դժվար թե, քանի որ փաստաթղթի վավերացումից հետո հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունները շարունակել են խորանալ, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը դրանից էլ չկարողացավ օգտվել՝ ՌԴ-ի դեմ սանկցիաների պատճառով բարենպաստ տնտեսական պայմանները կապիտալիզացնել չկարողանալով:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում