Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեն լցնելու անվան ներքո շատ շուտով հարկային օղակը գցելու են բիզնեսի բոլոր ներկայացուցիչների վզին՝ խեղդելով շատերին․ «Փաստ»

Նոյեմբեր 30,2024 10:25

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակաբար դանդաղում է՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %։ Սպասվում է, որ նոյեմբերի արդյունքներով աճի ավելի ցածր տեմպ ենք ունենալու։ Բնականաբար, աճի տեմպերի նվազումն իր ազդեցությունն է ունենալու պետբյուջե մուտքերի վրա։ Սակայն մինչ Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է բարդանալ, կառավարությունը մտածում է, թե ինչպես պետք է ապահովի պետական բյուջեի մուտքերը. դե, Նիկոլ Փաշինյանը սիրում է կառավարության նիստերում գլուխ գովել «ռեկորդային հարկային մուտքերի» վերաբերյալ։ Պետական բյուջեի մուտքերն ավելացնելու տարբերակներից մեկը կարող է լինել տնտեսության մեջ տարբեր ուղղությունները խթանող ներարկումները, բայց իշխանություններն առաջին հերթին չունեն համապատասխան մասնագիտական պոտենցիալ, որպեսզի տնտեսության ճյուղերի զարգացման ուղղությամբ համակարգված քայլեր ձեռնարկեն։

Մյուս կողմից էլ՝ նրանք ընդհանրապես հեռու են ներդրումների հայեցակարգի կիրառումից, քանի որ արդյունքներ արձանագրելու համար ժամանակ է պետք, իսկ կառավարությունում ընդհանրապես տրամադրված չեն սպասելու և ցանկանում են «աննախադեպ» ցուցանիշներ ունենալ միանգամից։ Դրա համար էլ նրանք նախընտրում են առաջ գնալ ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկային բեռի կտրուկ ավելացումը, որը հատուկ ջանքեր չի պահանջում, իսկ քննադատություն, նույնիսկ ամենակոշտ գնահատականներ ստանալուն նրանք վաղուց են սովոր։ Ու հիմիկվանից օրենսդրության փոփոխության մակարդակով պայմաններ են ստեղծվում հարկային տեռորի իրականացման համար։ Մի կողմից՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ կառավարությունը պատրաստվում է հարկային մամլիչով անցկացնել Հայաստանի քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել։

Իշխանություններն այս նոր հարկային համակարգին անցնելը հիմնավորում են հիմնականում նրանով, թե պայքարում են ստվերի դեմ, սակայն դրանով պայմաններ են ստեղծում, որ շատ տնտեսվարողներ ու ծառայություններ մատուցողներ փորձեն ուղիներ գտնել ստվերում աշխատելու համար, որպեսզի խուսափեն մեծ հարկային ճնշումներից։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվող մարդիկ կնախընտրեն աշխատել արտերկրում, որտեղ հարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են։ Այսինքն, բարձր հարկադրույքները կնպաստեն մասնագիտական արտագաղթին։ Բացի այդ, նախընտրելի կդառնա արտերկրում գործող մասնագետների ծառայություններից օգտվելը, քանի որ այդ ծառայությունները կմատուցվեն Հայաստանում գրանցվածների համեմատ ավելի ցածր գներով։ Կառավարությունից հավաստիացնում են, թե ստեղծում են հավասար հարկային պայմաններ, որ փոքր տնտեսվարողներն իրենց մեծացումը չզսպեն, մեծերն էլ արհեստականորեն չտրոհվեն՝ տեղավորվելու ավելի հարմար հարկային համակարգում, բայց նախ փոքր տնտեսվարողները պետք է աճեն, որ կարողանան մեծանալ։

Իսկ ներկայիս պայմաններում փոքր տնտեսվարողների համար ստեղծվում է ոչ բարենպաստ միջավայր, քանի որ խոշոր տնտեսվարողներն, աշխատելով մեծ քանակությունների վրա, ուղղակի առավելություն կստանան, դուրս կթողնեն ու կուլ կտան փոքր տնտեսվարողներին՝ այդպիսով կոտրելով փոքր բիզնեսի ողնաշարը։ Ստվերի դեմ պայքարի, մրցակցության, հավասար հարկային դաշտի ստեղծման համար պետք է հաշվի առնել տնտեսական գործունեության ուղղությունների առանձնահատկությունները ու խելամիտ հարկային դաշտ ձևավորել, այլ ոչ թե դնել ու առանց հաշվարկելու կտրուկ հարկերը բարձրացնել։ Ու, ինչպես նկատում են փորձագետները, եթե այս հարցում իշխանությունները կանգ չառան, ապա նրանք բյուջեն լցնելու անվան ներքո շատ շուտով հարկային օղակը գցելու են բիզնեսի բոլոր ներկայացուցիչների վզին ու շատերին խեղդեն՝ խորտակելով նաև մեր տնտեսական պոտենցիալը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930