Հայաստանյան լրատվամիջոցներով հաճախ կարելի է լսել քաղաքական որոշ գործիչների և քարոզիչների այն թեզը, թե 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախը չի կռվել և հանձնվել է «առանց կրակոցի»։
Նման նարատիվներ տարածում են Հայաստանի իշխանություններն ու նրանց մոտ կանգնած մարդիկ ու տեղեկատվական ռեսուրսները՝ հասարակության մեջ հոգեբանական որոշակի տրամադրություն ստեղծելու և Արցախի կորստի մեղքը բացառապես արցախցիների և այլոց վրա բարդելու նպատակով։
Թույլը, իր թուլության արդարացման նպատակով, միշտ փնտրում է մեղավորներ, հատկապես, երբ իրենց նշանակած մեղավորներից չես կարող պատասխան պահանջել։
Իրականում, սեպտեմբերի 19-ի կեսօրից հետո արցախյան ստորաբաժանումները մարտական գործողություններ են վարել լիակատար շրջափակման, կոորդինացման ու մարտական ներդաշնակության, պարենի, պահուստային ուժերի, զինամթերքի մատակարարման բացակայության և պաշարման պայմաններում, ինչը ինչ-որ տեղ մեծ անակնկալ էր թշնամու համար, որն ակնկալում էր շատ ավելի քիչ կորուստներ կրել։ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի քանի լոկալ մարտերից և 2022-ի սեպտեմբերին Հայաստանի տարածքի վրա լայնածավալ հարձակումից հետո հակառակորդը կարող էր մտածել, որ վերջին պատերազմում բարոյալքված և երկարատև շրջափակումից հյուծված Արցախի ինքնապաշտպանական ուժերից ուժեղ դիմադրություն սպասելի չէ:
Կարդացեք նաև
Առաջ անցնելով՝ ասենք, որ այո՛, հակառակորդը 24 ժամում հասել է իր առջև դրված խնդիրներին ու նպատակներին՝ արգելափակելով հիմնական ճանապարհները և շրջափակելով Ստեփանակերտը։ Բայց դա նրան հեշտ չի տրվել, ինչպես կարելի էր ենթադրել։
Ադրբեջանական կորուստների մասին
Մարտական գործողությունների ավարտից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հայտարարեց 192 սպանված զինծառայողի մասին, ևս 11 զինծառայողների ինքնության ճանաչումը գտնվում էր նույնականացման ընթացքում։ Այսպիսով, սեպտեմբերի 27-ի դրությամբ սպանվածների ցուցակում պաշտոնապես ներառված էր 203 զինծառայողի տվյալ։ Տարբեր աստիճանի ծանրության վիրավորների թիվը կազմում էր ավելի քան 500 զինվորական։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանցիների պաշտոնապես ընդունած կորուստները թիվը 205 է։ 205-րդ զոհը Ադրբեջանի ՆԳՆ օպերատիվ գնդի հատուկ նշանակության գումարտակի սերժանտ էր, որը սեպտեմբերի 19-ին գանգուղեղային վնասվածք է ստացել և հոկտեմբերի 6-ին մահացել է նյարդավիրաբուժական հիվանդանոցում։
Ցուցակում նշված չեն Ադրբեջանի ՆԳՆ ծառայողների երկու խմբերի կորուստները ադրբեջանական հարձակման մեկնարկից ժամեր առաջ։ Երեք ոստիկանից բաղկացած առաջին խումբը մահացել է սեպտեմբերի 19-ին ժամը 01-00-ին Ֆիզուլիի շրջանում, չորս հոգուց բաղկացած երկրորդ խումբը՝ սեպտեմբերի 19-ին ժամը 04։30-ին Թաղավարդ գյուղի մոտ։ Նրանք, ըստ պաշտոնական վարկածի, զոհվել են, երբ ռազմական «Կամազը» պայթել է հակատանկային ականի վրա:
Ցուցակում նշված չեն սեպտեմբերի 24-ին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի շրջակայքում ականի պայթյունից զոհված «Կոմանդո» բրիգադի շտաբի պետ, փոխգնդապետ Աքրամ Շադմանովը և բրիգադի վարորդ Թուրալ Սեիդովը, ինչպես նաև սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտի մերձակայքում ծանր վրավորում ստացած «Կոմանդո»-ի հատուկ նշանակության ուժերի զինծառայող, պայմանագրային (MAHHXHQ) սերժանտ Հաջըալի Գասըմովը, որը մահացել է 2024-ի հունվարին։
Ադրբեջանական գրոհային խմբի հիմնական կորուստները՝ սպանված և վիրավոր, եղել են Մարտակերտի (մոտ 70 սպանված) և Մարտունու ուղղությամբ (մոտ 60 սպանված)։
Սպանված և վիրավորված ադրբեջանցի զինվորականների մեծ մասը եղել են 2020-ի Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներ, իսկ ոմանք մասնակցել են 2022-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային։
Եթե վիրավոր ադրբեջանցիների համար չկա ամբողջական ինֆորմացիա, ըստ զինվորական կոչումների և մասնագիտությունների, ապա սպանվածների մասով, որոնց ճնշող մեծամասնությունը զինվորական մասնագետներ են, դասակարգումն ունի հետևյալ տեսքը.
Սպա՝ 42, որից երեքը՝ փոխգնդապետ՝ Գյանջայում տեղակայված ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի զորամասի հրամանատար Հյուսեյնով Ռաշադ, Գուսար քաղաքում տեղակայված «Կոմանդո» բրիգադի հրամանատար Ռյուստամով Վյուսալ և «Կոմանդո» բրիգադներից մեկի շտաբի պետ Շադմանով Աքրամ։ Ենթասպաներ՝ մոտ 30։ Պայմանագրային ծառայության սերժանտներ՝ մոտ 30։
Մնացած կորուստները եղել են պայմանագրային և ժամկետային ծառայության շարքայիններից։ Ընդ որում, որպես գրոհային մարտական գործողություններին մասնակցած պայմանագրայինների և ժամկետայինների զգալի մասը լեռնային ուսումնական կենտրոններում անցած է եղել Komando başlanğıc kursu («Կոմանդո»-ի նախնական դասընթաց) արագացված 60-օրյա դասընթացների ծրագրով։
Ադրբեջանական զոհերին ըստ ստորաբաժանումների հաջողվել է նույնականացնել հետևյալ կերպ.
«Կոմանդո» բրիգադներ և հատուկ նշանակության ուժեր («Յաշմա»)՝ մոտ 120 զինվորական։ Ադրբեջանական նյութում 41 անձ էր նշված որպես «Կոմանդո»-ի զինծառայողներ, իսկ հատուկ նշանակության ջոկատային՝ 7։ Յուրաքանչյուր սպանվածի տվյալների մանրազնին ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ իրականում այդ թիվը երեք անգամ ավելի է։
Ադրբեջանի ռազմածովային նավատորմի ծովային հետևակ՝ 7 զինվորական։ Մեծ մասը սպանվել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի մերձակայքում։
Առանց դիմադրության և «կրակոցների» մեկ օրվա ընթացքում հակառակորդը չէր կրի նման քանակի կորուստներ։
Մեկ օրվա կտրվածքով հակառակորդը երբեք այսքան մեծաքանակ կորուստներ չի ունեցել ո՛չ 2020-ի պատերազմում, ո՛չ 2022-ի աշնանը Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ։
Եթե, օրինակ, վերցնենք 2020-ին Շուշիի գրավման ադրբեջանական գործողությունը, ապա հակառակորդը պաշտոնապես ընդունել է, որ այդ գործողության ընթացքում մոտ 385 զոհ է տվել։ Բայց այս բոլոր կորուստներն ընդգրկում են նաև Սղնախի, Քարին տակի և Շոշի մարտերը և դրանք տևել են հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 10-ը։
Ադրբեջանական բանակի հարձակման սկզբում Արցախի ինքնապաշտպանական ուժերը գործնականում չունեին այն պատրաստված պաշտպանական ամրություններն ու մարտական հենակետերը, որոնք անհրաժեշտ էին քիչ թե շատ կայուն պաշտպանության և կորուստները նվազագույնի հասցնելու համար։
Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում գտնվելու երեք տարիների ընթացքում, ադրբեջանական զինուժի պահանջով, արգելել է հայկական ստորաբաժանումներին պաշտպանական ամրություններ կառուցել, իսկ որոշ հատվածներում պնդել է դադարեցնել բլինդաժների և թաքստոցների կառուցումը։ Անգամ եղել են ռուսական սակրավորների կողմից պատրաստի ամրությունների պայթեցման դեպքեր։
Մարտական դիրքերում մեր զինվորները հաճախ սահմանափակվում էին մի քանի գաբիոնների տեղադրմամբ, ինչից մարտական դիրքն ավելի շատ նմանվում էր անցակետի։
Սա բավական հայտնի իրողություն էր, որի մասին Արցախում շատերը գիտեին, բայց գերադասում էին չհանրայնացնել։
Էդուարդ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Սիվիլնեթում»