Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն «քիմիայի» տարբեր «էլեմենտները»

Նոյեմբեր 30,2024 10:00

Եթե մարդը քաղաքական գործիչ է, առավել եւս՝ պետության ղեկավար, ապա նրա հիմնական զբաղմունքը պետք է լինի տարբեր «ֆռիկներ» հորինելը՝ հնարավորինս արագ կողմնորոշվելով եւ առանց աչքը թարթելու սեփական «վարկածները» ներկայացնելով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդ կազմակերպությունը պարտավոր չէր կռվել հայերի համար Արցախում: Հարց է առաջանում՝ Հայաստանի կամ որեւէ այլ երկրի պաշտոնական ներկայացուցիչները երբեւէ խնդրե՞լ են կամ ակնկալե՞լ են, որ ՀԱՊԿ-ը նման բան անի: Պուտինը, բնականաբար, շատ լավ գիտի, որ խոսքը ոչ թե 2020 թվականի Արցախում ծավալված մարտական գործողությունների, այլ 2021թ. սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի մասին է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ: ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պաշտպանել իր անդամ երկրի տարածքը, այլեւ չի դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները:

Պուտինը բացատրել է նաեւ Հայաստանի բացակայությունը այդ գագաթնաժողովում մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներով: Դարձյալ՝ նրան շատ լավ հայտնի է, որ Հայաստանում ոչ մի ուշագրավ քաղաքական գործընթաց չկա, փողոցներում ցուցարարներ չեն նկատվում, հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մեկուկես տարի հետո, եւ դրանց արդյունքները, ցավոք, կանխատեսելի են: Այդ բացատրությունը պարզապես ձեւ է (Պուտինի կարծիքով, ճարպիկ)՝ խուսափելու ՀԱՊԿ-ի իրական անգործության մասին խոսելուց:

Պակաս «ճարպիկը» չէ, իհարկե, Պուտինի հետ «քիմիական կապ» ունեցող Ռոբերտ Քոչարյանը: Նրա դատողությունները 2008-ի մարտի 1-ին իրավապահների «համաչափ» գործողությունների կամ իր ժամանակվա դատարանների «անկախության» մասին լավագույն դեպքում մեղմ ժպիտ են առաջացնում: Բայց ամենահետաքրքիրն այն հատվածն էր, երբ նա հակադարձում է ՔՊ-ականների՝ «բա որ դու…» ոճով: Անդրադառնալով մարտի 1-ին ցուցարարների դեմ «հերոսաբար կռված» զինծառայողներին գումարներ բաժանելուն՝ նախկին նախագահը «արդարանում է»՝ բա որ հիմա մարդկանց ծեծող ոստիկաններին պարգեւավճարներ են բաժանում…:

Այսպիսով, «ներկաներն» ասում են՝ «բա որ «նախկինները…», իսկ «նախկինները» վկայակոչում են՝  «բա որ ներկաները…»: Ինչ խոսք, իրար արժեն: Գուցե նրանց միջեւ նույնպե՞ս ինչ-որ «քիմիա» կա:

Արամ ԱԲՐԱԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Կեցցեք պարոն Աբրահամյան, հերթական հավասարության նշանը դրեցիք։ Շարունակեք նույն տեմպերով և Փաշինյանի հաղթանակը կապահովեք։

  2. Հայ says:

    ՔՊ ականները քաղաքացիական ռեպրեսիաների են դիմում միայն նախկին իշխանավորներին։ Դա շատ նորմալ է,եթե իրենք իրենց կառավարման ժամանակ ընդունելի են համարել քաղաքական ռեպրեսիաները, դատական համակարգի իրենցով անելը, ուրեմն պետք է նաև իրենց համար ընդունելի լինի,որ այդ ամենը կարող է և աշխատել իրենց դեմ։
    Ոչ մի նոր քաղաքական գործիչ, կամ գործիչ որը չի եղել նախկին ավազակապետության շարքերում քաղաքական կամ այլ խտրականության չի ենթարկվում։
    Տեսեք, նույնիսկ Նարեկ Սամսոնյանը և իր ընկերը արդարացվեցին և ազատ արձակվեցին։
    Քրիստոնեության միակ իմաստը դա բարություն և մեծահոգություն անելը չէ։
    Հիսուսն ասում է ” Այնպես մի անի,ինչը չես ուզենա,որ քեզ անեն” ։
    Այսինքն կարելի է ենթադրել,որ վատ վարքագծի տեր մարդը արժանի է,որ իր հանդեպ վարվեն վատ,այսինքն իր հանդեպ անեն նույնը, ինչն ինքն է արել։
    Օրինակ’ եթե մեկը ռասիստ է,շատ նորմալ է,որ կոնկրետ իր հանդեպ ռասիստական խտրականություն լինի,եթե եթե մեկը առանց դատ ու դատարան դահիճ է,ապա կոնկրետ իր հանդեպ կարելի է վարվել առանց դատ և դատաստան։
    ՔՊ-ն շատ մեղմ է վարվել իրենց հետ։ Ես շատ ավելի կոշտ կվարվեի։
    ՔՊ-ն վախկոտների կուսակցություն է։

  3. Ասֆալտին պառկեցված says:

    “Բա որ դու”-երի վերաբերյալ հիշեցի “Կարգին հաղորդումը”, երբ դպրոցի երկու հավաքարարների կողմից իրար թունդ պիտակներ կպցնելու ժամանակ միջամտում է դպրոցի պահակը և ասում. “Աղջիկներ ջան, մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք”։
    Նույնը կարծես հիմա է, երբ մեր հասարակությանը փաստորեն պարտադրում են ընտրություն կատարել վատ անցյալի և վատթար ներկայի միջև։ Պարզ է, որ այդ կործանարար ցիկլից պետք է դուրս գալ, առաջ շարժվել և գտնել առող ու ազգանվեր ուժեր, բայց դա մեր “քիմիկոսներին” ու “քիմիայի” արտաքին հովանավորներին ձեռնտու չէ և նրանց կողմից ամեն ինչ արվում է ժողովրդին շինծու տեսարաններով զբաղեցնելու համար։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930