Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի բողոքը բավարարել է

Նոյեմբեր 30,2024 12:00

Վճռաբեկ դատարանն ընդգծել էր, որ նախարարն իր վրա դրված պարտականությունները իրականացնում է տարբեր մարմինների եւ աշխատակիցների միջոցով, վստահության եւ հավատարմության վրա հիմնված հարաբերություններում նախարարն այնպես պետք է գործի, որ. «առավելագույնս հոգատարություն եւ շրջահայացություն ցուցաբերի իր ընտրության նկատմամբ, որի արդյունքում այս կամ այն կերպ կարող է վնաս պատճառվել հանրային միջոցներին»:

Նախարար եղած ժամանակ, Հասմիկ Պողոսյաի եւ «Գուգարք» ՓԲԸ-ի միջեւ Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում» ծրագրով 2007 թվականի հունիսի 29-ին եւ 2008 թվականի հուլիսի 10-ին կնքվում են պայմանագրեր: Հետագայում, ըստ գլխավոր դատախազության, պարզվում է՝ գումարները յուրացվել են…

Նոյեմբերի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը գրավոր ընթացակարգով քննել եւ ավարտել է ՀՀ գլխավոր դատախազության հայցի դեմ՝ ՀՀ մշակույթի եւ կրթության նախարար Հասմիկ Պողոսյանի, Վարդան Բարսեղյանի եւ Երջանիկ Մուրադյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի այս տարվա փետրվարի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի քննությունը:

Հիշեցնեմ, որ Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Ն. Ավետիսյանի 2020 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ վարույթ էր ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Աղավնի Մադոյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հասմիկ Պողոսյանի, Վարդան Բարսեղյանի եւ Երջանիկ Մուրադյանի` վնասի հատուցման պահանջի մասին: Դատարանի նույն օրվա որոշմամբ հայցվորի միջնորդությունը բավարարվել էր, կիրառվել էր հայցի ապահովման միջոց եւ հայցագնի՝ 25.252.200 ՀՀ դրամի չափով արգելանք էր դրվել պատասխանողներ Հասմիկ Պողոսյանին, Վարդան Բարսեղյանին եւ Երջանիկ Մուրադյանին պատկանող գույքերի վրա:

Պատասխանող Երջանիկ Մուրադյանի ներկայացուցիչը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին հայցադիմումի առարկություն է ներկայացրել եւ հայտնել, որ հայցապահանջն առարկայազուրկ է, քանի որ առկա է թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով բավարարված քաղաքացիական հայց, որի առարկան նույնական է եւ համընկնում է հայցվորի ներկայացրած հայցապահանջին, որը փաստել է նաեւ դատախազությունը: Ըստ պատասխանողի, տեսականորեն, եթե սույն հայցը բավարարվի, իրականության մեջ առկա է լինելու նույն հայցապահանջով՝ մեկ նյութաիրավական պահանջի վերաբերյալ կատարման ենթակա երկու դատական ակտ:

Պատասխանողի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, հայտնել, որ հայցվորը փորձ է անում հիմնավորել այն հանգամանքը, որ բաց չի թողել իրավունքի պաշտպանությունն իրականացնելու՝ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված եռամյա ժամկետը:

Հայցվոր դատախազությունը նշել է, որ պատասխանողների ոչ իրավաչափ վարքագծի եւ դրա արդյունքում պետությանը պատճառված վնասի մասին տեղեկացել է 17.12.2019թ. թիվ 61202808 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու մասին որոշմամբ:

Այնինչ, ըստ պատասխանող կողմի առարկությունների. «Հայցվորի կողմից հիշատակված թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով 03.11.2015թ.-ին հրապարակված դատավճռից է ակնհայտ դարձել պետության պատճառված վնասի հանգամանքը եւ առնվազն այդ տարեթվից՝ 03.11.2015թ.-ից հաշվված երեք տարվա ընթացքում էլ հայցվորը պետք է իրականացներ իրավունքի պաշտպանությունը, իսկ հայցվորը հայցապահանջ ներկայացրել է 29.12.2020թ.»:

Հետագայում է պարզվել, որ հայցվորի կողմից միայն 29.12.2020թ.-ին սույն հայցապահանջը ներկայացնելու պատճառը, մասնավորապես՝ թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճռով բավարարված քաղաքացիական հայցի կատարումը հնարավոր չի եղել ապահովել, 04.03.2019թ. կայացվել է կատարողական վարույթը կարճելու որոշում, որի արդյունքում հայցվոր կողմը պետությանը պատճառված վնասը չի կարողացել ստանալ թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով մեղավոր ճանաչված «Գուգարք» ընկերության տնօրեն Սամվել Հովսեփյանից եւ տարիներ անց փորձել է հիշյալ վնասի պատճառումը անորոշ ձեւակերպումներով վերագրել նաեւ սույն քաղաքացիական գործով նախարարին, աշխատակազմի ղեկավարին, որոնցից հնարավոր կլինի ստանալ վնասի հատուցումը. «Եվ որպեսզի հայցվորը շրջանցի վնասի հատուցման պահանջը ներկայացնելու համար բաց թողնված հայցային վաղեմության ժամկետը, փորձել է իրավունքի խախտման պահ ներկայացնել 17.12.2019թ.՝ թիվ 61202808 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու մասին որոշման կայացման ամսաթվով»:

Պատասխանող Վարդան Բարսեղյանի ներկայացուցիչը նույնպես 2022 թվականի հունվարի 12-ին դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, հայտնել, որ Հայցվոր դատախազությունը, ի թիվս այլոց, պնդում է, որ իր՝ պատասխանողի ենթադրյալ ոչ օրինաչափ վարքագծի եւ դրա արդյունքում պետությանը պատճառված վնասի մասին տեղեկացել է 17.12.2019թ. թիվ 61202808 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: Մինչդեռ, հայցվորը պետությանը պատճառված վնասի մասին պարտավոր էր տեղյակ լինել ի պաշտոնե՝ առնվազն թիվ ԱԴ-/0193/01/10 քրեական գործով կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից, ինչպես նաեւ՝ թիվ 61202808 քրեական գործի վարույթը կարճելու որոշման կայացման պահից:

Նշվում է, որ թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարվել է՝ Սամվել Հովսեփյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 52.909.057 դրամ, որից հարկեր՝ 27.281.100 դրամ, որպես յուրացրած գումար՝ 25.627.957 դրամ: Այսինքն, ըստ էության արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով արդեն իսկ կարգավորվել է հայցվոր դատախազության վկայակոչած վնասի հատուցման հարցը, որպիսի պարագայում այս հայցն առարկայազուրկ է:

Հայցվոր կողմի այն պնդմանը, թե պատասխանողի դեմ պահանջ է ներկայացվել, քանի որ ԼԴ/0193/02/10 քրեական գործով Սամվել Հովսեփյանը ճանաչվել է սնանկ, ապա Սամվել Հովսեփյանը թիվ ԱԴ4/0060/04/16 սնանկության գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել դեռեւս 2016թ. օգոստոսի 4-ին, ինչի մասին դատախազությունը պարտավոր էր տեղյակ լինել ի պաշտոնե:

Երկու տարի գործը մասնագիտական դատարանում պահելուց հետո, 2022 թվականի սեպտեմբերի 12-ին հանձնվում է ՀՀ հակակոռուպցիոն դատարան: 2023 թվականի հունիսի 14-ին դատարանի վճռով հայցը բավարարվում է մասնակի, Հ. Պողոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի որոշվում է բռնագանձել 25.252.200 դրամ` որպես պետությանը հասցված վնաս: Մնացած մասով հայցապահանջը մերժվում է:

Հանրապետությունից դուրս գտնվող նախկին նախարարը փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացնում դատարան (հունիսի 13, 2023):

Այս տարվա փետրվարի 29-ին վերաքննիչ դատարանը բավարարում է Պողոսյանի բողոքը, մերժում գլխավոր դատախազության հայցապահանջը:

Ի դեպ, Վճռաբեկ դատարան իր պատասխանն էր ներկայացրել նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Բարսեղյանի ներկայացուցիչ Սրբուհի Գորոյանը, որը հայտնել է, որ նախորդ երկու դատարանների որոշումներն իրենց մասով իրավաչափ էին:

Հասմիկ Պողոսյանը բողոքում մեջբերել էր աշխատակազմի ղեկավարի պարտականությունների մասին, որը սահմանված է նախարարության կանոնադրությամբ, 40 կետի համաձայն, աշխատակազմի ղեկավարը պարտավոր էր ղեկավարել աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, կրել պատասխանատվություն: Նա տնօրինել է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները: Հ. Պողոսյանը հայտնել էր, որ «Գուգարք» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանը, եթե նշված գումարները չյուրացներ, պետությանը նման վնաս չէր հասնի: Նախարարի կողմից 2008-ին, բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման գործը, պետական պատվերով իրականացվող գնումների իրականացումն ու վերահսկողությունը համապատասխան հրամաններով դրվել են հատուկ այդ նպատակով կազմավորված հանձնաժողովի վրա, իսկ մինչ այդ հարցը կարգավորվել է նախարարության կանոնադրությամբ:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ին բեկանել է ՀՀ վերաքննիչ հակակոռռւպցիոն դատարանի այս տարվա փետրվարի 29-ի որոշումը, եւ գործը՝ ըստ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հասմիկ Պողոսյանի՝ հօգուտ պետական բյուջեի պետությանը պատճառված վնասի՝ 25.252.200 ՀՀ դրամի չափով բռնագանձելու պահանջի մասով ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930